ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-999-20.01.2025-ՏՏԳՇ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9991 -20.01.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-9992 -20.01.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-999-20.01.2025-ՏՏԳՇ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9991 -20.01.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9992 -20.01.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունում «ընթացքում» բառից հետո նախատեսվում է լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերը:»: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 89-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի համաձայն. «1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»: Վերոնշյալ լրացումները նախատեսում են, որ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերն անհատույց օգտագործման եւ նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով: «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Սույն օրենքի գործողությունը չի տարածվում` 1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի), այդ թվում՝ անտառային հողերի, ընդերքի, բնության հատուկ պահպանվող տարածքների, մեկուսի ջրային օբյեկտների եւ պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության եւ մշակույթի՝ օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վրա.»: Հարկ է նկատել, որ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի գործողությունը տարածվում է կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի վրա: Իսկ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետական սեփականությանը պատկանող հողերը ընդգրկված չեն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կարգավորվող հարաբերությունների շրջանակում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 5-րդ հոդվածով նախատեսված լրացումները «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կարգավորվող հարաբերությունները սահմանող 1-ին հոդվածի համատեքստում՝ դրույթների համապատասխանությունը միմյանց ապահովելու նպատակով: 2. «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն կերպ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել: 3. «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «ենթաօրենսդրական ակտերը» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Պետական գույքի կառավարման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 04.02.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին 1. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսվում է հանել «եւ օտարման առաջարկվող» բառերը: Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. «1. Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են` ( ) 2) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենսգրքով, մասնավորեցման եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հարկ ենք համարում նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում համայնքի ղեկավարի պետության պատվիրակած լիազորությունների շարքում սահմանված է. « 2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները. ( ) 2) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում (բացառությամբ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի) կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.»: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես բացառություն նշված են այն հողամասերը, որոնց օտարումն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում եւս «եւ օտարման առաջարկվող» բառերը հանել՝ իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց ապահովելու նպատակով: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի վերջին պարբերության «ընթացքում» բառից հետո նախատեսվում է լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերը:»: Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի վերջին պարբերությամբ սահմանված է, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա` հայտն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այսպես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացմամբ որպես բացառություն Օրենսգրքում սահմավում է համայնքների վարչական սահմաններում գտնվող այն հողերի շրջանակը, որոնք օգտագործման է տրամադրելու պետական գույքի կառավարման լիազոր մարմինը: Հարկ է նկատել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում համայնքի ղեկավարի պետության պատվիրակած լիազորությունների շարքում նշվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օգտագործման տրամադրելու համայնքի ղեկավարի լիազորությունը: Հիմք ընդունելով Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ի մասի վերջին պարբերությունում կատարված լրացումն՝ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես բացառություն նշել համայնքների վարչական սահմաններում գտնվող այն հողերի շրջանակը, որոնք օգտագործման է տրամադրելու պետական գույքի կառավարման լիազոր մարմինը կամ հղում կատարել Օրենսգրքի համապատասխան դրույթին՝ միեւնույն իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերում հակասությունը բացառելու նպատակով: Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 04.02.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով: Գործող կարգավորումների համաձայն՝ պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով, Կառավարությունը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում: Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության եւ Կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաեւ նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.01.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացում կատարելով նաեւ հարակից օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մշտական (անհատույց) օգտագործման եւ նվիրատվության բնագավառներում Կառավարության եւ լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է. - պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը անհատույց օգտագործման տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված կարգով, - պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվությամբ տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, ինչպես նաեւ նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 29.01.2025թ.
|