ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1000-27.01.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1000-27.01.2025-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է կատարել միայն մեկ փոփոխություն «Կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի համարակալված կետը վերացնել եւ այն շարադրել մեկ պարբերությամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի համարկալված կետին:

2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություն, այն է. «սահմանում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման ընթացակարգը, հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընթացակարգը»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ ղեկավարման իրավունքի հավաստագրերի դադարեցման դեպքերը սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Մինչդեռ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 10-րդ մասով սպառիչ թվարկված են մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի դադարեցման հիմքեր, դրանք են. «Հավաստագրի գործողությունը դադարեցվում է հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաեւ եթե անձի լիազորությունները ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում դադարեցվել են սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով, ինչպես նաեւ 29-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով»: Վերոգրյալից բխում է, որ առկա է հակասություն Նախագծի եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի միջեւ, մասնավորապես՝ Նախագծով սահմանված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագրի դադարեցման հիմքերը սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, երբ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքով, այսինքն՝ օրենսդրական ակտով, արդեն իսկ սպառիչ սահմանված են մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի դադարեցման հիմքերը: Առաջարկում ենք վերացնել նշյալ երկու կարգավորումների միջեւ առկա հակասությունը:

Միաժամանակ նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը, հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաեւ հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Վերը մեջբերված կարգավորումն իր մեջ ինչ-որ չափով կլանում է Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր կարգավորումը, ինչի կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը»: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում նոր՝ 12.2-րդ կետ լրացնելիս հաշվի առնել նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.02.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.02.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքով սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում  նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում, նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սահմանել ֆինանսական միասնական մոտեցում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ, հստակեցնել գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ուսումնական գործընթացի կազմակերպման գործընթացը եւ կանոնակարգել բովանդակային մասի ապահովումը, կրթության ոլորտում իրականացնել մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն, կրթական երեք ոլորտների տնօրենների հավակնորդների համար նախատեսել հավաստագրման մեկ միասնական գործընթաց, որում կարող է մեկ հարցաշարը լինել ավելի շատ ոլորտային հարցերի ընդգրկմամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

31.01.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կրթության մասին» օրենքում, ինչը պայմանավորված է նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաեւ  արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը օրենքով կարգավորելու եւ սահմանելու անհրաժեշտությամբ:

Ներկայացված Նախագծով սահմանվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է՝ 

- սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են   արտադպրոցական կրթության ոլորտում  նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում,

-  նպաստել  մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,

- ֆինանսական միասնական մոտեցում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ,

- գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ուսումնական գործընթացի կազմակերպում, բովանդակային մասի ապահովման կանոնակարգում,

- կրթության ոլորտում իրականացնել մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն,

- 3 ոլորտների  հավաստագրման տնօրենների հավակնորդների համար նախատեսել 1 միասնական գործընթաց, որում կարող է 1 հարցաշարը լինել ավելի շատ ոլորտային հարցերի ընդգրկմամբ:

Նախագծով հեղինակն ակնկալում է, որ առաջարկվող լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովել եւ զարգացնել կազմակերպական աշխատանքներն ու կատարելագործել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները:

Ակնկալվում է նաեւ, որ տնօրենների հավաստագրման գործընթացով անցնող անձը հավասարապես կկարողանա տիրապետել բոլոր ոլորտների կառավարման եւ ընթացակարգային առանձնահատկություններին, ձեռք բերել ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, որով կկարողանա մասնակցել համապատասխան մրցույթների եւ հաստատությունը ղեկավարել ավելի արհեստավարժ՝ նրբություններին տիրապետելով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունման դեպքում, ըստ հեղինակի, առաջարկվող գործընթացով կնախատեսվի հավաստագրման ժամանակ պահանջվող ռեսուրսների խնայողություն:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

03.02.2025թ.