ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1001-27.01.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1001-27.01.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  123-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական գործի հարուցումից հետո մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կողմերը կարող են ներկայացնել հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն:»: 

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-ին մասում, հաշվի առնելով կողմերի հավասարության սկզբունքը, նման միջնորդություն ներկայացնելու իրավունք ընձեռվել է ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմին: Դատավարական իրավահավասարության սկզբունքը բխում է օրենքի եւ դատարանի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքից՝ նախատեսված Սահմանադրության 28-րդ հոդվածով, սակայն չի նույնանում այդ սկզբունքի հետ: Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի եւ դատարանի առջեւ գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա: Օրենքի եւ դատարանի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը ենթադրում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի եւ դատարանի առջեւ: Դատավարական իրավահավասարության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձինք օժտված են հավասար իրավունքներով եւ իրենց շահերը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ իրավահավասարության սկզբունքը պահանջում է, որպեսզի դատավարության յուրաքանչյուր կողմ ողջամտորեն հնարավորություն ունենա իր գործը ներկայացնել այնպիսի պայմաններում եւ օժտված լինի ապացույցներ ներկայացնելու այնպիսի հնարավորությամբ, որոնք նրան չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում՝ համեմատած իր դատավարական հակառակորդի հետ (case of Ankerl v. Switzerland): 

Վերոգրյալի լույսի ներքո՝ կարծում ենք, որ պատասխանող կողմը, ընձեռված լինելով մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավունքով, այնուամենայնիվ, չունի հայցվոր կողմին համարժեք հնարավորություններ այն իրականացնելու: Նախ նշենք այն, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.2-րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:»: Ստացվում է մի իրավիճակ, որում պատասխանող կողմը միշտ չէ, որ կկարողանա այդպիսի միջնորդություն ներկայացնել, քանզի այն վարույթը, որում վերջինս ներգրավված կլինի որպես պատասխանող կարող է չհանդիսանալ միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունվածը: Մինչդեռ հայցվորը, որը միշտ բոլոր գործերով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն է (ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի), ազատ հայեցողություն ունի ընտրել այն գործերը, որոնք ցանկանում է միացնել մեկ վարույթում եւ ներկայացնել համապատասխան միջնորդություն միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին:

Երկրորդ խնդիրը կապված է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.3-րդ մասով նախատեսվող պայմանների հետ, որոնք ներկայացված միջնորդությունում հիմնավորելու դեպքում միայն դատավորը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացնել: Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.3-րդ մասի համաձայն  գործերը կարող են միացվել մեկ վարույթում, եթե դրանց միջեւ առկա է փոխադարձ կապ, դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը եւ միացման ենթակա բոլոր գործերով դեռեւս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ: Ցանկանում ենք նշել, որ այն պատասխանողը, որը չի հանդիսանում միացման ենթակա մյուս գործերով գործին մասնակցող անձ, չի կարող ամբողջական տիրապետել մյուս գործերի նյութերին եւ առնչվող բավարար տվյալների, հետեւաբար չի կարող նաեւ իր միջնորդությամբ լիարժեքորեն հիմնավորել միացման ենթակա գործերի միջեւ փոխադարձ կապի առկայությունը, դրանց համատեղ քննությամբ գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը ապահովելու անհրաժեշտությունը: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ով հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր վարույթներով հայցվոր, իր կարգավիճակով պայմանավորված, ծանոթ լինելով բոլոր գործերի նյութերին, տիրապետում է բոլոր գործերով անհրաժեշտ տվյալներին եւ կարող է առավել փաստարկված, հիմնավոր միջնորդություն ներկայացնել դատարան: 

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-2.3-րդ մասերով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսվող իրավահավասարության սկզբունքի տեսանկյունից, քանզի պատասխանող կողմի համար նախատեսում են նվազ բարենպաստ հնարավորություններ իր դատավարական իրավունքից օգտվելու:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.6-2.9-րդ մասերով, առաջնորդվելով դատարանների անկախության սկզբունքով, նախատեսվում է մեկ վարույթում միացնել միայն այն դատավորների վարույթներում գտնվող գործերը, ովքեր կթույլատրեն իրենց վարույթում գտնվող գործի միացումը այլ դատավորի վարույթում գտնվող գործին: Ուստի, ըստ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.6-րդ մասի, ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին առաջին դատավորի որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը ուղարկվում են մյուս դատավորներին, ովքեր եւս պետք է քննարկեն նշված հարցը եւ կայացնեն իրենց վարույթում գտնվող գործը մեկ այլ գործին միացնելը թույլատրելու վերաբերյալ որոշում: Այսպիսով, երկու կամ ավելի վարույթներ կարող են միացվել, եթե միացման ենթակա գործերը քննող բոլոր դատավորները քննարկել են միջնորդությունը եւ կայացրել են այդ միացումը թույլատրելու մասին որոշումներ:

Ցանկանում ենք նշել, որ Նախագծով չի կարգավորվել այն խնդիրը, թե ինչ հետեւանքներ է ունենալու, եթե միացման ենթակա գործերով դատավարներից մեկը կամ մի քանիսը կայացնեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը չթույլատրելու մասին որոշում: Մասնավորապես, նախատեսված չէ՝

  • արդյո՞ք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացրած դատավորը պետք է «հետ քայլ» կատարի եւ գործի քննությունը շարունակի, 
  • միացվելու են արդյո՞ք միայն այն վարույթները, որոնք քննող դատավարները կայացրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում, 
  • արդյո՞ք վերջին դեպքում առանց որոշակի գործի միավորման մյուս գործերի միավորումը կշարունակի համապատասխանել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.3-րդ մասի պահանջներին: 

Այսպիսի ընթացակարգային կարգավորումները Նախագծում բացակայում են եւ կարող են առաջացնել կիրառական խնդիրներ: Ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծով նախատեսվող կարգավորումները:

3. Նախորդ կետով կատարված  դիտարկման շրջանակում ցանկանում ենք նաեւ քննարկման առարկա դարձնել դատական ակտերի հեղինակության եւ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության պահպանման խնդիրները: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ Նախագծով նախատեսվող լրացումները, ի թիվս այլնի, նպատակ ունեն նաեւ ապահովել դատական ակտերի միատեսակությունն ու բացառել նույնանման փաստերի կապակցությամբ դատավորների կողմից տարբեր իրավական գնահատականները: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.6-2.9-րդ մասերի կարգավորումներից բխում է, որ մի դատավորի կողմից կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացվել, իսկ մեկ այլ դատավորի կողմից՝ չթույլատրելու մասին՝ նույն միջնորդությամբ առաջ քաշվող գործերի միջեւ առկա է փոխադարձ կապի, դրանց համատեղ քննությունը գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը ապահովելու փաստարկները տարբերակված գնահատելով: Ստացվում է, որ Նախագծով նախատեսվող կարգավորումները, ոչ միայն չեն օգնում Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված խնդիրը լուծելուն, այլ նաեւ նպաստում են նրա ուռճացմանը, քանզի անհասկանալի է՝ ինչպես են «մրցակցելու» դատավորների տարբեր տեսակետները՝ վարույթների միջեւ փոխադարձ կապի եւ դրանց համատեղ քննությամբ գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծման վերաբերյալ, քանզի անգամ դատական վերանայման գործիքն այստեղ կիրառելի չէ:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.6-րդ մասի համաձայն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացվելու դեպքում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն անհապաղ ուղարկվում են միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին:»: Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ միացման ենթակա գործը քննող դատավորը միայն ստանում է մյուս դատավորի վարույթները միացնելու մասին որոշումը եւ այդ որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները՝ արդեն իսկ բավարարված միջնորդությունը եւ նրա կից փաստաթղթերը: Միեւնույն ժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.7-րդ մասի համաձայն՝ «Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնում է սույն հոդվածի 2.7-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու::»: Ցանկանում ենք նշել, որ միջնորդությունը ի սկզբանե ներկայացված է համարվում միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ ընդունած դատավորին՝ իր վարույթի կողմերից մեկի կողմից, որն այն բավարարելու եւ վարույթների միացումը թույալտրելու մասին որոշում կայացրել է: Հետեւաբար անհասկանալի է, թե միացման ենթակա գործերով մյուս դատավորը ի՞նչ միջնորդության վերաբերյալ որոշում պետք է կայացնի Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.7-րդ եւ 2.8-րդ մասերի համատեքստում, եթե նրան միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն միայն իր վարույթում քննվող գործի կողմերը, եւ այդպիսի միջնորդություն նրանց կողմից չի ներկայացվել:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.6-րդ մասի եւ 2.7-2.8-րդ մասերի կարգավորումները համապատասխանեցնել միմյանց եւ քաղաքացիական դատավարության միջնորդությունների ներկայացման ընդհանուր տրամաբանությանը:

5. Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսվում են առանց գործն ըստ էության լուծելու վարույթի ավարտի երկու ընթացակարգ՝ հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու եւ գործի վարույթը կարճելու: Ցանկանում ենք նշել, որ Նախագծով նախատեսված չէ, թե այն դատավորը, ով կայացրել է ապօրինի ծագում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում, ինչ որոշմամբ պետք է ավարտի այդ վարույթը եւ այն փոխանցի հայցն առավել վաղ ընդունած դատավորին: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա լրամշակել Նախագիծը:

6. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ «Օրենսգրքի գործող կարգավորումների պայմաններում Հայաստանի Հանրապետության  հակակոռուպցիոն դատարանի մեկից ավելի դատավորներ պետք է իրարից անկախ հետազոտեն միեւնույն կամ իրար հետ փոխկապակցված փաստերը, դրանք հիմնավորող ապացույցները եւ դրանց կապակցությամբ տան իրավական գնահատականներ:»: Նշվածը խնդրահարույց է համարվել նույն դատարանի տարբեր դատավորների կողմից միեւնույն փաստերի կապակցությամբ տարբեր (որոշ դեպքերում նաեւ իրարամերժ) գնահատականներ տալու անթույլատրելիության տեսանկյունից՝ հնարավոր ռիսկեր պարունակելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Ցանկանում ենք նշել, որ օրենքների կիրառության միատեսակությունն ապահովելու նպատակով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ «Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները:»: Դատարանը այդ մեկնաբանումից հրաժարվելու պարագայում պարտավոր է անդրադառնալ ներկայացված իրավական փաստարկին:  Բացի այդ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը»: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, ըստ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս ունի հակակոռուպցիոն պալատը, որը, համաձայն Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասից, իրականացնում է իր սահմանադրական գործառույթը՝ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովումը:

Ելնելով վերոգրյալից՝ ցանկանում ենք արձանագրել, որ դատավարական օրենսդրությունը արդեն իսկ նախատեսում է ընթացակարգեր Նախագծի հիմնավորմամբ նշված տարբեր դատավորների կողմից նույն փաստի նկատմամբ օրենքի ոչ միատեսակ կիրառությունն կանխելուն ուղղված: Ավելին, Նախագծով նախատեսվող կարգավորումները Նախագծին կից հիմնավորմամբ բարձրացված խնդրի լուծում դիտարկելու դեպքում, օրինաչափորեն կբարձրանա ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթները, այլ նաեւ այլ ընդհանուր կարգով քննվող տարբեր դատավորների վարույթներում քննվող գործերը եւս (ընդ որում՝ ոչ միայն քաղաքացիաիրավական) միացնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք սահմանելու անհրաժեշտությունը: 

Անդրադառնալով Նախագծին կից ներկայացված հիմնավորմանը՝ ցանկանում ենք նաեւ հավելել, որ որպես Նախագծով նախատեսվող կարգավորումների ակնկալվող արդյունք թեեւ նախատեսվում է գործերի ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը նպաստելը, սակայն փաստացի կարգավորումներով նախատեսվող ընթացակարգը ավելի մեծ վտանգ է պարունակում դատական վարույթը ձգձգել:

7. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-2.11-րդ մասերի կարգավորումները նախատեսելիս ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ վարույթների միացման արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտի բողոքարկման վարույթում գործերի միացման փաստը ոչ հիմնավոր եւ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 123-րդ հոդվածում նոր լրացվող 2.1-2.11-րդ մասերի կարգավորումներին անհամապատասխան  ճանաչելը վերադաս ատյանի կողմից հանգեցնելու է Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի ուժով եզրափակիչ դատական ակտի բեկանման, քանզի դատարանի ոչ օրինական կազմով քննություն իրականացնելը հանդիսանում է անվերապահ բեկանման հիմք: 

8. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Նախագծի հիմնավորմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, դատական իրավահավասարության սկզբունքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

17.02.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

17.02.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել տարբեր դատավորների կողմից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները մեկ վարույթում միացնելու կառուցակարգ: Այդ նպատակով նախատեսվում է որպես տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու չափանիշներ սահմանել վարույթների միջեւ փոխադարձ կապը, դրանց համատեղ քննության նպատակահարմարությունը: Նախագծի համաձայն՝ տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել մինչեւ դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.02.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել լրացումներ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ հակակոռուպցիոն դատարան) տարբեր դատավորների կողմից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները մեկ վարույթում միացնելու կառուցակարգ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքի ներկայիս կարգավորումներով միմյանց հետ փոխկապակցված, սակայն տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերը միացնելու օրենսդրական հնարավորությունը բացակայում է, ինչը բացառում է հակակոռուպցիոն դատարանում տարբեր դատավորների վարույթներում քննվող գործերի միացումը մեկ վարույթում:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր վարույթները միատեսակ են եւ բոլոր դեպքերում գործին մասնակցող անձինք առնվազն մասնակի համընկնում են, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է հնարավորություն ընձեռել կողմերին հակակոռուպցիոն դատարանում տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելու մասին միջնորդություն ներկայացնել` մինչեւ դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

Նախագծի ընդունումը, ըստ Նախագծի հեղինակի, կնպաստի գործերի ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

04.02.2025թ.