ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1002-29.01.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1002-29.01.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

2. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում 1-ին եւ 2-րդ մասերի համարակալման փակագծերը, այն է՝ «1), 2)» փոխարինել «1., 2.» միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջները, որոնց համաձայն՝ «3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 

(…): 

7. Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, (…):»:
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

14.02.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

14.02.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ջրօգտագործման թույլտվության (այսուհետ՝ ՋԹ) վավերապայմաններից հանել ջրօգտագործողի կողմից թույլտվությունը ստորագրելու պահանջը: Ջրային օրենսգրքի 33.1-րդ հոդվածի համաձայն Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ՋԹ-երը, իրենց նախաձեռնությամբ վերանայելու դեպքերում, վերանում է ՋԹ-ն ջրօգտագործողի կողմից Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին ներկայացնելու, հետեւաբար նաեւ՝ դրա համար նախատեսված ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՋԹ իր օրինակը չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը: Միաժամանակ, ներկայումս ընթանում է ՋԹ տրամադրման թվայնացման գործընթաց, որի ներդրման պարագայում թղթային տարբերակների ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

(հեռ.` 011 513-668)

04.02.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում», որի նպատակը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորումն է:

Նախագծով նախատեսվող փոփոխություններով եւ լրացմամբ, հեղինակն առաջարկում է՝ 

- վերացնել ջրօգտագործման թույլտվության վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ներկայացնելու պահանջը, ինչպես նաեւ հանել վերջինիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը,

- նախատեսել լիազորող նորմ՝ ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգի սահմանման համար,

- հստակեցնել ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին ջրօգտագործողին ծանուցումը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը եւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: 

 Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)    

06.02.2025թ.