ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1003-03.02.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1003-03.02.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 4-րդ մասում «2025» թիվը փոխարինել «2027» թվով:

Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Ծառայողները սույն օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը։»

Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված անցումային դրույթը Նախագիծը շրջանառության մեջ դրվելու պահին իրացված է եւ սպառել է իր գործողության ժամկետը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`«4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Այսպիսով՝ նորմատիվ իրավական ակտերի անցումային դրույթներով նախատեսվում են պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս ընդունված եւ ուժի մեջ մտած իրավական ակտերի կարգավորումների անցումային կիրարկումն ապահովել որոշակի ժամանակահատվածում: Հիմք ընդունելով նշվածը՝ կարող ենք եզրակացնել, որ նորմատիվ իրավական ակտերի անցումային կիրարկման նպատակով նախատեսված դրույթները կարող են լրացման եւ փոփոխության ենթարկվել մինչեւ նշված դրույթների իրացման համար նախատեսված վերջնաժամկետը: Մինչդեռ Նախագծի 35-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված փոփոխությունը կատարվում է արդեն իսկ իրացված նորմում: 

2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.02.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.02.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում, համաձայն որի՝ առաջարկվում է որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք, ծառայողի պարտադիր պետական ապահովագրության փոխարեն,  սահմանել դրամական օգնություն ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում: Առաջարկվում է նաեւ ծառայողների՝ իրենց վերապահված լիազորությունների իրականացման ժամկետ սահմանել մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

07.02.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություններ: Մասնավորապես, Օրենքի 29-րդ հոդվածով սահմանված էկոպարեկային ծառայողի (այսուհետ` Ծառայող) պարտադիր պետական ապահովագրությունը Նախագծով առաջարկվում է փոխարինել միանվագ դրամական օգնությամբ:

2. Նախագծի վերաբերյալ նշենք հետեւյալը. 

Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն. 

«Հոդված 29. Ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը

1. Ծառայողը ենթակա է կյանքի պարտադիր պետական ապահովագրության՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ հաշմանդամ դարձած Ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերում ապահովագրվելուն համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ծառայողի պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:»:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն. 

«Հոդված 29. Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում Ծառայողին տրվում է միանվագ դրամական օգնություն:

 2. Ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. 

«2. Ծառայողի համար նախատեսվում են նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները։»:

«Հանրային ծառայությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածով սահմանվում է հանրային ծառայողների, այդ թվում՝ Ծառայողի սոցիալական երաշխիքները: Մասնավորապես, «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների երաշխիքներն են`

1) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար անվնաս եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.

5) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

7) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը։»:

Նախագծի հեղինակի կողմից առաջարկվող փոփոխությունը, մեր կարծիքով, պայմանավորված է «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված «համապատասխան վճարի» տեսակը հստակեցնելու անհրաժեշտությամբ, ինչը, ըստ էության, սոցիալական առումով բացասական ազդեցություն չի կարող ունենալ Ծառայողի վրա, քանի որ, Ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը միանվագ դրամական օգնությամբ փոխարինելով Ծառայողը չի զրկվում օրենքով սահմանված սոցիալական երաշխիքից եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        ճանաչվելու դեպքում Ծառայողին կտրվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճար՝ միանվագ դրամական օգնության ձեւով: 

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության հետ կապված՝ ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, նշենք նաեւ, որ «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» 2006 թվականի փետրվարի 9-ի թիվ 325-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1054-Ն Կառավարության որոշումներով փրկարարական եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին, ինչպես նաեւ վերջիններիս ընտանիքի անդամներին վերը նշված դեպքերի համար նույնպես տրվում է համապատասխան վճար՝ միանվագ դրամական օգնության ձեւով: 

Այսինքն, ինչպես արդեն նշեցինք, Ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը միանվագ դրամական օգնությամբ փոխարինելը սոցիալական առումով բացասական չի անդրադառնա Ծառայողի վրա:

Այդուհանդերձ, Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում: Մասնավորապես, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 29-րդ հոդվածը նոր մասով հետեւյալ բովանդակությամբ՝ «Հաշմանդամություն ունեցող անձին միանվագ դրամական օգնությունը տրվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան տոկոսային հարաբերակցությամբ՝ Ծառայողի զոհվելու դեպքում  տրվող գումարի նկատմամբ:» լրացնելու հարցը, կամ Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ եւ օրենքով ամրագրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում Ծառայողին տրվող միանվագ գումարի չափը (օրինակ տե՛ս «Մաքսային ծառայության մասին» օրենքը): 


Եզրահանգում

Նախագիծը, մեր կարծիքով, վերանայման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումից ելնելով:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

17.02.2025թ.