ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1004-05.02.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1004-05.02.2025-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108.2-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն՝ «Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով: Այս դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված մինչեւ նշված համաձայնության ձեռքբերումը:»: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 108.2-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի առաջին նախադասությունը նախատեսում է որպես ընդհանուր կանոն աշխատողի լիազորությունների դադարեցումը տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում՝ բացառություն նախատեսելով միայն աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ կիրառված չլինելու դեպքը: Միաժամանակ հաջորդ նախադասությամբ առաջին պայմանից բացի հատուկ նորմի գործողության համար անհրաժեշտ է աշխատող-գործատու երկկողմ համաձայնությունը աշխատանքը հեռավար իրականացնելու վերաբերյալ: Առաջարկում ենք սույն կարգավորումը լրամշակել` հանել «, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ» արտահայտությունը եւ «Նշված» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված», քանզի Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 108.2-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի բովանդակությունը թույլ չի տալիս հստակ պատասխանել, թե ինչ պայմանների միաժամանակ առաջանալու դեպքում չեն կասեցվում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառված մեղադրյալ աշխատողի լիազորությունները: Առաջարկը նպատակ ունի ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող Օրենսգրքի 108.2-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի հստակությունը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 20.02.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 20.02.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ապահովել տնային կալանքի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի, ներառումը ՀՀ Քրեական օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում՝ այդպիսով սահմանելով անձի նկատմամբ տնային կալանքի կիրառման դեպքում ծագող իրավական հետեւանքները, աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը: Մասնավորապես, գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում աշխատանքային հարաբերությունները կողմերի՝ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ հնարավոր կլինի շարունակել աշխատանքային պարտականությունների կատարումն ապահովելով հեռավար եղանակով, որի օրենսդրական հիմքն էլ առաջարկվում է սահմանել տվյալ Նախագծով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 12.02.2025թ. Սոցիալական փորձաքննության արդյունքները Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ ներկայումս Օրենսգրքով որպես աշխատողի լիազորությունների կասեցման հիմք նախատեսված է միայն խափանման միջոց կալանքը, ինչպես նաեւ այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցումը, որպիսի պայմաններում համանման փաստական հանգամանքներում անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը կիրառվելու դեպքում պարզ չէ, թե ինչ կարգավիճակ է ունենալու աշխատողը, արդյո՞ք այդ դեպքում կարող է շարունակել իր աշխատանքային պարտականությունների կատարումը, թե՝ ոչ: ՈՒստի եւ, գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում աշխատանքային հարաբերությունները կողմերի՝ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ հնարավոր լինի շարունակել՝ աշխատանքային պարտականությունների կատարումն ապահովելով հեռավար եղանակով: Ակնկալվում է, որ Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն կլուծվի բարձրացված հարցը, որի արդյունքում տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կներառվի Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի համատեքստում: Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 1.1-ին կետի համաձայն՝ «Աշխատողի, այդ թվում հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով: Այս դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված մինչեւ նշած համաձայնության ձեռքբերումը»: Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 2.1-ին մասի 2-րդ նախադասության համաձայն՝ «Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքում աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում»: Միաժամանակ, 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 2.2 մասի համաձայն՝ «Տնային կալանքը եւ պաշտոնավարման կասեցումը աշխատողի նկատմամբ համակցված կիրառվելու դեպքում աշխատողի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է սույն օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին տրամադրվող ամսական հատուցումը»: Այսինքն՝ ստացվում է, որ այն դեպքում (Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 2.1-ին մասի 2-րդ նախադասություն), երբ տնային կալանք կիրառելու դատարանի որոշմամբ աշխատանքային պարտականությունների հետ կապված անհամատեղելի սահմանափակումներ չեն կիրառվել, սակայն գործատուի եւ աշխատողի համաձայնությունը առկա չէ (այդպիսի համաձայնություն ձեռք չի բերվել), որպեսզի աշխատանքը աշխատողի կողմից հեռավար եղանակով կատարվի, ինչի արդյունքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, հանրային ծառայության մեջ գտնվող անձ չհանդիսացող աշխատողների վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Հանրային ծառայության մեջ գտնվող անձ չհանդիսացող աշխատողների վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ նաեւ այն դեպքում, երբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմամբ կիրառվել են նաեւ աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ (տես, Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 2.2-րդ մաս): Մինչդեռ, հանրային ծառայության մեջ գտնվող անձ հանդիսացող աշխատողների համար վերոնշյալ երկու դեպքերում լիազորությունների կասեցման պարագայում սահմանվել է տարբերակված մոտեցում, այն է՝ երբ տնային կալանք կիրառելու դատարանի որոշմամբ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված անհամատեղելի սահմանափակումներ չեն կիրառվել, սակայն գործատուի եւ աշխատողի համաձայնությունը առկա չէ (այդպիսի համաձայնություն ձեռք չի բերվել), որպեսզի աշխատանքը աշխատողի կողմից հեռավար եղանակով կատարվի, հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում (Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 2.1-ին մասի 2-րդ նախադասություն), իսկ, եթե Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի նոր լրացվելիք 2.2-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները համարվում են կասեցված, երբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմամբ կիրառվել են նաեւ աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վճարվում է Օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին տրամադրվող ամսական հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ Հիմնավորման մեջ որեւիցե անդրադարձ չի կատարվում հանրային ծառայության մեջ գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցման կիրառման հիմքերին: Ի վերջո, երկու դեպքում էլ գործ ունենք լիազորությունների կասեցման հետ, մանավանդ որ վերոնշյալ առաջին դեպքում (Օրենսգրքի 108.2 հոդվածի նոր լրացվելիք 2.1 մասի 2-րդ նախադասություն) լիազորությունների կասեցումը կարող է հանդիսանալ գործատուի հայեցողական մոտեցման արդյունք՝ նյութական առումով հանգեցնելով հանրային ծառայության մեջ գտնվող անձի համար ոչ բարենպաստ հետեւանքների: Ի դեպ, վերոնշյալ՝ նյութական առումով ոչ բարենպաստ հետեւանքներն առկա կլինեն նաեւ, երբ թեեւ տնային կալանք կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմամբ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված անհամատեղելի սահմանափակումներ չեն կիրառվել, սակայն աշխատանքի բնույթը թույլ չի տալիս աշխատանքը կատարել հեռավար եղանակով: Եզրահանգում Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումը՝ կարծում ենք, որ Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից վերանայման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 25.02.2025թ.
|