ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1005-05.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1005-05.02.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «ՀՕ-148-Ն» ձեւակերպումը փոխարինել «ՀՕ-148» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) հերթական համարում օրենքի նորմատիվ բնույթի մասին նշում նախատեսված չէ: 2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 39.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համաձայն. «1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, իրավունք ունի իր եւ (կամ) այլ որակավորված սպառողի համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնել եւ (կամ) ներկրել էլեկտրական էներգիա եւ դրա ավելցուկը վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:»: Սույն փոփոխությունը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ նշված ձեւակերպումից հասկանալի չէ, թե ինչպես եւ որտեղ է արտացոլվելու որակավորված սպառողի կողմից իր կամ այլ որակավորված սպառողի համար էլեկտրական էներգիա գնելու հանգամանքը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 39.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում սահմանված կարգավորման ամբողջականությունը: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 39.6-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ «ը1» կետի համարակալումը տեքստից առաջարկում ենք բաժանել փակագծով Օրենքում կիրառված համարակալման ձեւը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը պահպանելու նպատակով, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: 4. Նախագծի 8-րդ հոդվածում «իրավական ակտեր» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում նախատեսված դրույթից, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` ( ) 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների ամբողջականությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող ` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.02.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող ` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.02.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արեւային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի՝ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցության զարգացման նպատակով: Բացի այդ, առաջարկվում է նաեւ սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն՝ առանց մատակարար ընտրելու հնարավորության, առեւտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացում իրենց՝ 6 (10) կՎ ու բարձր լարման եւ մեկ միլիոն կՎտժ-ը գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա, իսկ որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու դեպքում այդ սպառողների համար առաջարկվում է սահմանել սպառված էլեկտրաէներգիայի համար ամենաբարձր սակագինը: Որակավորված սպառողի պարտադիր կարգավիճակ ստանալու համար առաջարկվող սպառման շեմն (12 միլիոն կՎտժ) ընտրվել է՝ հաշվի առնելով մեծածախ շուկայում ուղիղ մասնակցելու արդյունքում սպառողի հնարավոր լրացուցիչ ծախսերը (նոր անձնակամի ներգրավում, առեւտրին մասնակցնելու համար երաշխիքների տրամադրում կամ նման ծառայությունների ձեռբերում) եւ օգուտները (մատակարարների շուկայական մարժայի նվազեցում կամ այլ): Առաջարկվում է կատարել նաեւ վերը նշվածից բխող, ինչպես նաեւ խմբագրական բնույթի այլ փոփոխություններ եւ լրացումներ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 13.02.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Նախագծով նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակներն առաջարկում են՝ - էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առավել արդյունավետ գործելու նպատակով ամրագրել որակավորված սպառողների իրավունքը՝ այդ շուկայում էլեկտրական էներգիա գնել եւ ներկրել նաեւ այլ որակավորված սպառողի համար. - հստակեցնել հանձնաժողովի իրավասությունը՝ շուկայի կանոններով նախատեսելու էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մրցակցային հատված կամ մեծածախ շուկա սպառողների պարտադիր մուտքի պահանջները, պայմաններն ու ժամկետները: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծի ընդունման դեպքում, հեղինակներն ակնկալում են, որ հնարավորություն կընձեռնվի ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ դրանով իսկ խթանելով շուկայի զարգացումը, ինչպես նաեւ էլետրաէներգետիկական շուկայում մրցակցությունը, ընդլայնելու դրա մրցակցային հատվածում առեւտրի մասնակիցների շրջանակը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 13.02.2025թ.
|