ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք (այսուհետ` Օրենսգիրք) ձեւակերպումը հանել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.02.2025թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգիրք 156-րդ հոդվածի 4.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել: 

Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն. «4.1 Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։

Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են հետեւյալ ժամկետներում.

1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝

(…)

2) 2024 թվականի հաշվետու տարվա համար՝

(…)

3) 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

(…)»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-ին հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ պարբերություններով սահմանաված են եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու համար վարչական պատասխանատվություն:

Տվյալ դեպքում եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու օրենքով սահմանված պահանջն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում, առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել նաեւ վերը նշված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմերը եւս, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխության արդյունքում  քաղաքացիների կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու պատավորություններ այլեւս չեն առաջանում:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

27.02.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է չեղարկել Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու համընդհանուր պահանջը: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գլխավոր նպատակը եկամուտների հաշվառումն է: Այս առումով, եկամուտների հայտարարագրման պահանջից հրաժարվելն, ըստ էության, նշանակում է հրաժարվել հայտարարագրման միջոցով եկամուտների հաշվառումից՝ փորձելով դա իրականացնել մինչ այդ կիրառված, սակայն, խոշոր հաշվով, իր արդյունավետությունը չապացուցած գործիքակազմով (ինչի մասին են վկայում հանրապետությունում ստվերային եկամուտների առկա ծավալները): Անշուշտ, եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման գործող համակարգը զուրկ չէ թերություններից, անհարկի բարդություններից (այդ թվում նաեւ՝ Նախագծին կից հիմնավորման մեջ ներկայացվածների որոշ մասից), որոնք Բաժնի կողմից համակողմանիորեն ներկայացվել են դեռեւս «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-429-17.11.2022-ՏՀ-011) վերաբերյալ եզրակացությունում: Այս առումով, կարծում ենք, տվյալ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, նախ եւ առաջ, պետք է ուղղված լինեն եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգում արդեն իսկ ի հայտ եկած խնդիրների լուծմանը, այլ ոչ թե դրանից հրաժարմանը, քանի որ անգամ այդ դեպքում ֆիզիկական անձանց եկամուտների առումով հարկային հաշվառման խնդիրները կշարունակեն գոյություն ունենալ:

2. Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել նաեւ Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3.1-րդ եւ 4-րդ մասերը:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

28.02.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Հարկային օրենսգիրք) փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծով առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանից բխող՝ վարչական պատասխանատվությունը:

Հարկ ենք համարում նշել, որ Կառավարության 29.06.2023թ. թիվ 1067-Ն որոշմամբ  (այսուհետ՝ Որոշում) նախատեսվել է Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը կրող ֆիզիկական անձի՝ առողջապահության, ինչպես նաեւ կրթության գծով որոշ սոցիալական ծախսերի փոխհատուցում, եթե ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը): Ընդ որում, Որոշման համաձայն՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը, իսկ կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: 

Այնուհետեւ, Կառավարության 13.02.2025թ. ընդունված թիվ 157-Ն որոշման համաձայն ընդլայնվել է ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահետ ներդրված՝ առողջապահության եւ կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակը: 

Մասնավորապես, թիվ 157-Ն որոշմամբ սահմանվում է, որ՝

- Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաեւ (ի լրումն վերը հիշատակված առողջապահության գծով սոցիալական ծախսերի) 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների ընթացքում հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման ծախսերը: Ընդ որում, սոցիալական ծախսի այս տեսակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները: 

- Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաեւ (ի լրումն վերը հիշատակված կրթության գծով սոցիալական ծախսերի) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների եւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաեւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները եւ միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը:

- Նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտահարկից փոխհատուցում ստանալու են նաեւ 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով:

Այսպիսով, վերոնշյալից հետեւում է, որ պետության քաղաքականությունն ուղղված է եկամուտների համընդհանուր հայտարարագրման միջոցով հասարակության համար համապատասխան սոցիալական երաշխիքների ապահովմանը եւ սոցիալական երաշխիքների շրջանակի անընդհատ ընդլայնմանը, ինչը բնականաբար հասարակության ստվար շերտերի համար սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն: 

Նշենք, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ  եկամուտների համընդհանուր հայտարարագրումը նպաստում է պետության կողմից հարկային մուտքերի  ճշգրիտ գնահատմանը, ինչպես նաեւ սոցիալական ծախսերի  պլանավորմանը եւ ֆինանսավորմանը, ինչն էլ ապահովում է պետության կողմից  սոցիալական ծախսերի արդար եւ կայուն փոխհատուցումը: Այլ հարց է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրումն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառական եւ հեշտ իրագործելի: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագիծը վերանայման կարիք ունի: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

03.03.2025թ.