ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1009-13.02.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1009-13.02.2025-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքնության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ» բառերը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Օրենք» կրճատ տարբերակն այլեւս չի կիրառվում: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածում լրացնել նոր կարգավորումներ՝ առ այն, որ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած նվազագույն կենսաթոշակի եւ աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքից: Հատկանշական է, որ այս դրույթը լրացվում է «Անցումային դրույթներ» վերտառությամբ հոդվածում, այսինքն՝ լրացվում է, որպես Օրենքի անցումային դրույթ: Այս համատեքստում նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-6-րդ հոդվածներով սպառիչ թվարկված են, թե որ դրույթները կարող են համարվում անցումային, եւ Նախագծի վերոնշյալ լրացումներն իրենց բնույթով անցումային չեն: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք քննարկվող լրացումը կատարել Օրենքի հիմնական մասում, մասնավորապես՝ Օրենքի՝ «Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը» վերտառությամբ հոդվածում՝ անցումային դրույթներով նախատեսելով համապատասխան դրույթների գործողության ժամկետը՝ 2026 թվականի հունվարի 1-ից: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր՝ 15-րդ մասում նշված «Ազգային վիճակագրական կոմիտե» բառերի փոխարեն առաջարկում ենք կիրառել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքում եւ «Պետական կառավարման համակարգի մարմիններ մասին» օրենքում կիրառվող «վիճակագրական կոմիտե» բառերը: Նշենք որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջից: Քննարկվող նորմում անհրաժեշտ է նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: Վերոգրյալ դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերին: 4. Առաջարկում ենք շտկել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող մասերի համարակալման հաջորդականությունը: 5. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «իրավական» բառից առաջ լրացնել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 26.02.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 26.02.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել առնվազն պարենային զամբյուղի արժեքի չափով, իսկ միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել սպառողական զամբյուղի արժեքին: Նախատեսվող փոփոխությունը առաջարկվում է սահմանել 2026 թվականի հունվարի 1-ից սկսած: 2024 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմում է 40978 դրամ, իսկ սպառողական զամբյուղի արժեքը՝ 75811 դրամ: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ միջին աշխատանքային կենսաթոշակի ցուցանիշը կանխատեսվում է 49275 դրամ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 20.02.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակը կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է: Ներկայում, նվազագույն կենսաթոշակի չափն, ըստ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1734-Ն որոշման, 2023 թվականի հուլիսի 1-ից սահմանված է 36.000 ՀՀ դրամ: 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ միջին աշխատանքային կենսաթոշակի ցուցանիշը կանխատեսվել է 49.275 ՀՀ դրամ: Այդուհանդերձ, համաձայն ՀՀ կառավարության ծրագրի «Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանություն» բաժնի, մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը նախատեսվել է հավասարեցնել պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին (համապատասխանաբար՝ 2024թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմել է 40.978 ՀՀ դրամ, սպառողական զամբյուղի արժեքը՝ 75.811 ՀՀ դրամ): Հաշվի առնելով վերը նշվածը, հեղինակներն առաջարկում են լրացումներ կատարել Օրենքի 55-րդ հոդվածում, մասնավորապես, սկսած 2026 թվականի հունվարի 1-ից՝ - նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից, - միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունման դեպքում, հեղինակներն ակնկալում են, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունը կդառնա առավել կանխատեսելի, համեմատաբար կբարելավվի տարեցների, հաշմանդամություն ունեցող եւ կերակրողին կորցրած անձանց կյանքը: Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 24.02.2025թ.
|