ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1007-13.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1007-13.02.2025-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.02.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.02.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է կասեցնել անշարժ գույքի հարկի գծով 2026 թվականին եւ հետագա տարիների համար սահմանված հարկի աճը: 

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով եւ 2026 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում 2026 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար նախատեսվող իրավակարգավորումն ուժը կորցրած կճանաչվի, ինչի արդյունքում կստացվի, որ հանրապետությունում ամշարժ գույքի հարկը կհաշվարկվի եւ կգանձվի հարկի գումարի 75 տոկոսի չափով (բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի դեպքում): 

Կարծում ենք, առաջարկվող փոփոխությունը խաթարում է անշարժ գույքի հարկի (եւ ընդհանրապես, ցանկացած հարկի) հաշվարկման եւ գանձման գաղափարը: Բացի այդ, հարկի նվազեցումը ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է որպես հարկային արտոնության տեսակ, իսկ վերջինս նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով՝ Օրենսգրքով սահմանված հարկերի, Օրենսգրքով սահմանված վճարների, տույժերի եւ (կամ) տուգանքների հաշվարկման ու վճարման ընդհանուր կարգից եւ (կամ) ժամկետներից բացառություն է, որի արդյունքում չի առաջանում հարկային պարտավորություն կամ նվազում, կամ վերանում է կատարման ենթակա հարկային պարտավորության գումարը, կամ հետաձգվում են դրա հաշվարկման եւ (կամ) կատարման ժամկետները: Այսինքն, Նախագծով առաջարկվող փոփոխությունը, Հարկային օրենսգրքի տեսանկյունից, հանդիսանալով հարկային արտոնություն, միաժամանակ, չի բխում այդ օրենսգրքով սահմանված հարկային արտոնության գաղափարից ու տրամաբանությունից:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Նախագծով հետապնդվող նպատակը, այն է՝ առաջիկա տարիներին անշարժ գույքի հարկի սպասվող աճի զսպումը (կամ որ նույնն է՝ հարկի նվազեցումը) կարելի է իրականացնել առավել պարզ եղանակով՝ անշարժ գույքի հարկի դրույքաչափի կամ հարկման բազայի նվազեցումն ուղղակի ամրագրելու միջոցով:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.02.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծով առաջարկվում է վերացնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը, բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն, որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկի չափը կավելանա եւս շուրջ 30 տոկոսով:

Այսպիսով, Նախագծի ընդուման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը: 

Նախագծի ընդունումը սոցիալական առումով կունենա դրական նշանակություն:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513-235, 16-18

05.03.2025թ.