ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1012-19.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1012-19.02.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:

Միաժամանակ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես անշարժ գույք, դիտարկվում է ոչ միայն պայմանավորվող կողմի օրենքով նախատեսված անշարժ գույքը, այլեւ անշարժ գույքի օժանդակ գույքը, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության մեջ օգտագործվող անասուններն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) եւ աշխատանքի կամ աշխատանքի իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող՝ փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները, օգտակար հանածոները, հանքատեղերը, աղբյուրները եւ այլ բնական պաշարները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անշարժ գույք չեն դիտարկվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

05.03.2025թ. 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

05.03.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հունիսի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով՝ երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում: Այդպիսի համագործակցությունը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակում՝ հարկումից խուսափելը կանխելու  նպատակով:

ՀՀ Ֆինանսաների նախարարության ներկայացրած տեղեկատվության համաձայն, Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով:

Մյուս կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը: Այս առումով, Համաձայնագրի վավերացման դեպքում, այլ հավասար պայմաններում, սահմանափակվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից առանց մշտական հաստատության հայաստանյան աղբյուրներից ստացվող ձեռնարկատիրական եկամուտների Հայաստանի Հանրապետությունում հարկման իրավունքը: Միեւնույն ժամանակ, որոշ պասիվ եկամտատեսակների (օրինակ՝ շահաբաժինների կամ տոկոսներ) մասով թեպետ պահպանվում է եկամուտների աղբյուր երկրի առաջնային հարկման իրավունքը, բայց, այդուհանդերձ, ներդրումների խրախուսման նպատակով նախատեսվել են որոշակի պայմաններ, որոնց բավարարման դեպքում այդ եկամտատեսակների մասով սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկման դրույքաչափերից ցածր դրույքաչափեր: Այսինքն, Համաձայնագրի վավերացումը, այլ հավասար պայմաններում, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, իսկ մյուս կողմից՝ ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ Համաձայնագրում առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.02.2025թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի հունիսի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին»  համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): 

Համաձայնագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝

1) բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա, 

2) ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

03.03.2025թ.