ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1013-21.02.2025-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1013.1-21.02.2025-ՊԱ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1013.2-21.02.2025-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1013.3-21.02.2025-ՊԱ-011/0) եւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1013.4-21.02.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1013-21.02.2025-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1013.1-21.02.2025-ՊԱ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1013.2-21.02.2025-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1013.3-21.02.2025-ՊԱ-011/0) եւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1013.4-21.02.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածով նախատեսվող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) նոր լրացվող 8.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում առաջարկում ենք Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի փոխարեն հղում կատարել 4-րդ մասին, քանզի Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 30-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների եւ լրացումների կատարման արդյունքում հաշվետվության վերաբերյալ կարգավորումներ նախատեսվելու են Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ եւ ոչ թե 3-րդ մասում: 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Թիկնապահի կամ պահնորդի անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորման կողքին Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 1-ին մասի կարգավորումը առ այն, որ «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար:» հակասական է: Մասնավորապես անհասկանալի է, թե ինչպես է տարանջատվելու մասնավոր պահնորդական գործունեութություն իրականացնող կազմակերպության եւ թիկնապահի կամ պահնորդի պատասխանատվությունը կամ որ դեպքում է կազմակերպությունը համարվելու «խախտում թույլ տված»: Ընդ որում՝ հիշատակման արժանի է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ «Իրավաբանական անձը ( ) հատուցում է իր աշխատողի ( ) կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:»: Այսինքն մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը որպես իրավաբանական անձ պատասխանատու է իր հետ կնքած աշխատանքային պամանագրի հիման վրա գործունեություն իրականացնող թիկնապահների եւ պահնորդների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս պատճառված վնասի համար: Ինչ վերաբերում է պատվիրատուների հետ կնքած պայմանագրային հարաբերություններում թույլ տրված խախտումներին, ապա դրանք կարգավորվում են քաղաքացիական իրավունքի նորմերով: Միաժամանակ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 1-ին մասում շեշտադրվում է իրավաբանական անձի պատասխանատվությունը «իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի» համար: Գտնելով որ առկա են իրավաբանական անձանց պատասխանատվության մոտեցումների հակասություններ՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 1-ին մասի կարգավորումը վերանայել Օրենքի 29-րդ հոդվածի եւ քաղաքացիաիրավական օրենսդրության համատեքստում: 3. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը»: Ցանկանում ենք նշել, որ սույն կարգավորման նախատեսման անհրաժեշտությունը Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ չի ներկայացվել: Սահմանադրական դատարանը դեռեւս 2014 թվականին իր ՍԴՈ-1176 որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ « (...) օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում: (...)»: Ընդգծելով օրենքների փոփոխման հիմնավորվածության կարեւորությունը՝ ցանկանում ենք արձանագել, որ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասը ունի հիմնավորման կարիք՝ շեշտադրելով՝ ինչ նպատակ է հետապնդում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվության ապահովագրությունը, ինչ խնդիրների ենք բախվում ներկայումս սույն կարգավորման բացակայության պայմաններում, ինչ է պայմանավորել նախատեսված չափը եւ այլն: Բացի այդ, վերջինս պարտականություն նախատեսող նորմ է, որը միայն պատշաճ հիմնավորմամբ կարող է համապատասխանել իրավական որոշակիության եւ համաչափության սահմանադրական սկզբունքներին: 4. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախատեսել պատասխանատվության միջոց՝ երաշխավորելով սուբյեկտների կողմից օրենքով իրենց վրա դրված պարտականության պատշաճ կատարումը: 5. Չհեռանալով Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասից ցանկանում ենք նաեւ նշել, որ սույն կարգավորումը չի նախատեսում նոր բացվող կազմակերպությունների ապահովագրության վերաբերյալ կարգավորում, քանզի վերջիններս չունեն «նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճար»: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասի համատեքստում կարգավորում նախատեսել նաեւ նոր բացված մանսավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ: 6. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվող Օրենքի 30-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասից առաջարկում ենք հանել «Լիցենզավորված» բառը, քանզի մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները ամեն դեպքում չեն կարող առանց լիցենզիայի գործունեություն իրականացնել եւ շեշտադրման կարիք չկա: 7. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվող Օրենքի 30-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասի համաձայն՝ «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը եւ պայմանները սահմանում է Լիազոր մարմինը:»: Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները իրենց գործունեությունը իրականացնում են պայմանագրային հիմունքներով (տես Օրենքի 2-րդ հոդվածը): Պայմանագրի ազատության քաղաքացիաիրավական սկզբունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պայմանագիր կնքելիս կողմերը, օգտվելով պայմանագրի ազատության սկզբունքից, իրենք են որոշում պայմանագրի էական պայմանները: Քննարկվող պայմանագրի էական պայման է համարվում նաեւ օբյեկտների պահպանման կարգը եւ պայմանները, որը ամբողջությամբ իմպերատիվ նորմերով սահմանելու արդյունքում կարող է խաթարվել պայմանագրի պայմանը սահմանելիս կողմերի իրական կամքը եւ պայմանագրի պայմանն ազատորեն սահմանելու՝ կողմերի իրավունքը (տես Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/4708/02/17 քաղաքացիական գործով որոշումը): Հաշվի առնելով նաեւ Նախագծի հիմնավորմամբ ներկայացված պնդումները առ այն՝ «Մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից օբյեկտների պահպանության կազմակերպման ստանդարտներ կամ չափորոշիչներ ներկայումս սահմանված չեն: Առանց նման ստանդարտների նախատեսման՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից որակյալ ծառայությունների մատուցումը եւ դրա նկատմամբ վերահսկողությունը բավականին խնդրահարույց է: Համապատասխան ստանդարտների սահմանման անհրաժեշտությունը հատկապես կարեւորում է այն համատեքստում, որ 2026 թվականի հունվարի 1-ից Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից դադարեցվելու է պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանությունը, ու այդ գործառույթը փոխանցվելու է մասնավոր պահնորդական կազմակերպություններին:»՝ առաջարկում ենք կա՛մ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը եւ պայմանները սահմանել դիսպոզիտիվ նորմերով՝ խուսափելով պայմանագրի ազատության սկզբունքին առնչվելուց, կա՛մ միայն պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանությունը իրականացնել այդ նորմերի պահպանմամբ: 8. Անդրադառնալով Նախագծի հիմնավորմամբ կարեւորվող այն փաստարկին, որ «2026 թվականի հունվարի 1-ից Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից դադարեցվելու է պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանությունը, ու այդ գործառույթը փոխանցվելու է մասնավոր պահնորդական կազմակերպություններին:»՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 8-րդ հոդվածում նոր բովանդակությամբ շարադրվող 3-րդ մասը եւ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 28.1-ին մասը կա՛մ պարտադիր կատարման նախատեսել միայն պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանություն իրականացնող կազմակերպությունների համար, կա՛մ նախատեսել առանձին լիցենզիայի տեսակ միայն պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանություն իրականացնելու համար, որին արդեն կարող են նախատեսվել խստացված պահանջներ, եւ լիցենզիան ձեռք բերելու դեպքում սուբյեկտը չի ունենա իր գործունեության վերաբերյալ լեգիտիմ ակնկալիքի խախտման խնդիր: Հակառակ պարագայում շատ հավանական է նման խիստ կարգավորումներ նախատեսելով մասնավոր իրավահարաբերություններում շոշափել տնտեսական գործունեության ազատության սահմանադրական սկզբունքը՝ քննարկելի դարձնելով՝ արդյոք պահպանվել են այդ ազատության սահմանափակման իրավաչափության պայմանները: 9. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «իրավական ակտերն» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 10. Նախագծի անցումային դրույթներում առաջարկում ենք սահմանել նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվող Օրենքի 30-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասով նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ: 11. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Այս կարգավորումից բխում է, որ գործող մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն նոր Նախագծով նախատեսվող եւ արդեն գործող համարվող օրենսդրական պահանջներին, որոնք ավելի խիստ են, քան այն պահանջները, որոնց գործողության ժամանակ վերջիններս ձեռք էին բերել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա: Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող անցումային դրույթներում նախատեսել նաեւ կարգավորումներ ներկայումս գործող մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ: Վերջիններիս համար պետք է նախատեսվեն Նախագծով նախատեսվող պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կարգավորումներ եւ ժամկետներ: Ընդ որում, հարկ է նկատել նաեւ, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, մինչ Նախագծով նախատեսվող պահանջների խստացումը, ստանալով լիցենզիա, դառնալով իրավահարաբերությունների սուբյեկտներ, կատարելով ներդրումներ, ձեռք են բերել նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ: Ինչպես գիտենք, «սեփականություն» հասկացությունը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի ներքո Եվրոպական դատարանի կատարած մեկնաբանությունների համաձայն, ընդգրկում է տնտեսական շահերի լայն շրջանակ, ինչպես օրինակ շարժական եւ անշարժ գույք, նյութական եւ ոչ նյութական շահեր, օրինակ՝ արժեթղթեր, արտոնագրեր, կենսաթոշակի իրավունք, սեփականատիրոջ վարձակալության իրավունք, բիզնեսի վարման հետ կապված տնտեսական շահեր, մասնագիտության իրացման իրավունք, գործերի որոշակի ընթացքի օրինական ակնկալիք, իրավական պահանջ եւ այլն: Իհարկե, սեփականության պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք չէ, իսկ դրա նկատմամբ թույլատրելի սահմանափակումները հստակ սահմանված են Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածում: Իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանումը` նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով։ Դա առավել եւս կարեւոր է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների խստացմանը (Տե՛ս Սահմանադրական դատարանի ՍԴՈ1061, 14 դեկտեմբերի, 2012 թ. որոշումը)։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթները վերանայելեւ Նախագծով նախատեսվող փոփոխությունների, լրացումների եւ գորոծունեություն իրականացնող սուբյեկտի լեգիտիմ ակնկալիքի երաշխավորման միջեւ ապահովել հավասարակշռություն: 12. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում սահմանված է օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` 1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝ ա. պետական տուրքը, (...)»: Սահմանելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված վճարի չափի բարձրացում, այն է՝ տուրքի դրույքաչափի բարձրացում, օրենքի նախագիծը պետք է ուժի մեջ մտնի օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2025 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2026 թվականից: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածում ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից, որը միանշանակ չէ, որ կարող է հանդիսանալ 2026 թվականը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսվող համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելու վերաբերյալ ընդունելի ժամկետներին: 13. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կրճատ անվանումն հիշատակելիս առաջարկում ենք նշել օրնենքի ճիշտ հերթական համարը՝ «ՀՕ-368»-ի փոխարեն «ՀՕ-368-Ն»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն՝ վերջինիս Սահմանադրության 59-րդ հոդվածին հնարավոր հակասությունը բացառելու նպատակով: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը տնտեսական գործունեության ազատության, պայմանագրի ազատության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 11.03.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 11.03.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում կատարել մասնավոր պահնորդական գործունեության օրենսդրական հիմքերի հստակեցմանն ու կատարելագործմանն ուղղված փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես, առաջարկվում է՝ - պահնորդական գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների տեսակները լրացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցվող ծառայությունների բոլոր ենթատեսակներով՝ ավելացնելով անվտանգային սարքավորումների տեղադրման միջոցով իրականացվող տեսահսկման ծառայությունները, ահազանգման համակարգի միջոցով պահպանության եւ արագ արձագանքման ծառայությունները, - հանել «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա» հասկացությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» գործող օրենքով նման ընթացակարգ առկա չէ, - սահմանել մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջ, այն է՝ լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի եւ (կամ) թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայություն, - լրացել նոր հոդված, որով մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանվում է պարտավորություն՝ ապահովագրելու իրենց պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաեւ առաջարկվում է հանել գործատուի կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ապահովագրելու պահանջը՝ մինչեւ ՀՀ ապահովագրական շուկայում նման ծառայության մատուցման ներդրումը՝ թողնելով միայն պահնորդի առողջության պարտադիր ապահովագրման պահանջը, - հանել «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը, քանի որ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1152-Ն որոշման համաձայն մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ, ինչպես նաեւ կատարել լիցենզավորման հետ կապված այլ տեխնիկական եւ խմբագրական փոփոխություններ, - վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսել նոր զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահի) կողմից ուղեկցելը, սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ, - խստացնվել առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը եւ այլն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ միայն Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ): 1. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Պահնորդի (թիկնապահի) առողջությունն ապահովագրվում է գործատուի հաշվին:», որի հետ կապված կցանկանային ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները: Համաձայն առաջարկվող փոփոխության՝ պահնորդի առողջության ապահովագրության դրույթն ունի իմպերատիվ բնույթ եւ, ըստ էության, իրենից պարտադրանք է ներկայացնում գործատուների համար՝ ապահովագրելու իրենց աշխատակից հանդիսացող պահնորդների առողջությունը (այսինքն՝ ենթադրելի է, որ խոսքը գնում է առողջության պարտադիր ապահովագրության մասին): Խնդիրը կայանում է նրանում, որ ապահովագրության այս կամ այն տեսակի պարտադրումը կարող է կատարվել միայն առանձին օրենքի ընդունմամբ (ինչպես դա կատարվել է ԱՊՊԱ-ի դեպքում), քանի որ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:», իսկ քանի որ տվյալ ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները Նախագծով չեն սահմանվում, ուստի առաջարկվող փոփոխությունը հակասության մեջ է մտնում «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրության պարտադրանքը վերաբերում է ոչ թե կազմակերպություններին, գործատուներին եւ այլն, այլ ապահովագրական ընկերություններին, քանի որ հակառակ պարագայում՝ կազմակերպութնունը կարող է պարտադրված լինել դիմելու ապահովագրության համար, սակայն ապահովագրական ընկերությունը, այս հարցում չունենալով որեւէ պարտավորություն, կարող է չապահովագրել այդ ընկերությանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Մյուս կողմից, եթե նույնիսկ օրենքով սահմանվեն պահովագրության իրականացման նշված դեպքերը, կարգը եւ պայմանները, միեւնույն է, գործատուներին նման ապահովագրության պարտադրումն անիմաստ է դառնում, քանի որ նման խնդիրները լուծվում են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում (ինչը նախատեսվում է առաջիկայում ներդնել նաեւ ՀՀ-ում), իսկ մյուս կողմից՝ պահնորդական ծառայությունների շուկան հանդիսանում է մրցակցային շուկա եւ պահնորդների առողջության ապահովագրության մեջ շահագրգիրռ կլինեն այն կազմակերպությունները, որոնք կցանկանան մրցակցային առավելություններ ձեռք բերել իրենց մրցակիցների նկատմամբ: Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հետ հակասությունից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «առողջությունն ապահովագրվում է» բառակապակցությունը փոխարինել «առողջությունը կարող է ապահովագրվել» բառակապակցությամբ, որի արդյունքում գործատուների կողմից պահնորդների առողջության ապահովագրությունը կամրագրվի որպես գործատուների իրավունք, իսկ դրա իրականացումը կթողնվի գործատուների հայեցողությանը՝ նպաստելով այս ծառայությունների շուկայում մրցակցության խթանմանը: 2. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր՝ 28.1-ին հոդվածով, ըստ որի. «1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար: 2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:»: Այս կապակցությամբ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ երկու նկատառումները: ա) Առաջարկվող լրացման 1-ին մասի համաձայն. «պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար», իսկ 2-րդ մասի համաձայն՝ այդ կազմակերպությունը. «պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը»: Այսինքն, ստացվում է, որ պահնորդական կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը՝ իր կողմից պատճառված իրական վնասը փոխհատուցելու համար: Այս առումով, հարկ է նկատի ունենալ, որ պահնորդական կազմակերպությունը (այնպես՝ ինչպես ցանկացած այլ կազմակերպություն), այսպես թե այնպես, ցանկացած պարագայում, ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է գույքային պատասխանատվություն՝ իր կողմից պատճաված վնասների համար, իսկ թե դա կարվի ապահովագրության միջոցով, թե սեփական կամ փոխառու միջոցների հաշվին՝ որոշում է հենց կազմակերպությունը, եւ ուղղակի անիմաստ է խիստ սահմանափակելով կազմակերպության գործունության հնարավորությունները՝ պարտադրել նրան այդ փոխհատուցումը ծածկել միայն ապահովագրության միջոցով: Ավելին, ինչպես արդեն նշվեց, ապահովագրության այս կամ այն տեսակի պարտադրումը կարող է կատարվել միայն առանձին օրենքի ընդունմամբ (ինչպես դա կատարվել է ԱՊՊԱ-ի դեպքում), քանի որ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:»: Հետեւաբար, առաջարկում ենք հանել Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող՝ Օրենքի նոր՝ 28.1-ին հոդվածի 2-րդ մասը, որն ուղղակիորեն հակասում է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, այն իմաստով, որ տվյալ մասը չի պարունակում գույքային պատասխանատվության պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը եւ պայմանները: բ) Բացի վերը նշվածից, Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող՝ Օրենքի նոր՝ 28.1-ին հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է նաեւ մեկ այլ տեսանկյունից: Խնդիրը կայանում է նրանում, որ նշված մասի համաձայն՝ պահնորդական կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել «իր պատասխանատվության ռիսկը», իսկ 1-ին մասից ենթադրելի է, որ խոսքը գնում է «իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի» հատուցման, կամ էլ ընդհանրական ձեւով ասած՝ գույքային պատասխանատվության մասին: Սակայն, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով (որով սահմանվում են ապահովագրության դասերն ու տեսակները), նման ապահովագրության դաս կամ ենթադաս գոյություն չունի, հետեւաբար՝ այն չի էլ կարող ապահովագրվել՝ անկախ նրանից, թե այդ ապահովագրությունը կամավոր է, թե պարտադիր: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող՝ Օրենքի նոր՝ 28.1-ին հոդվածի 2-րդ մասի հանումը միանգամայն արդարացված կլինի՝ առավել եւս, որ այն խնդիրները, որոնք նախատեսվում է լուծել այս եղանակով, արդեն իսկ կարգավորված են, իսկ այդ խնդիրներն էլ ենթակա են լուծման քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.02.2025թ.
Կառավարության կողմից ներկայացվել են ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքից (այսուհետ՝ Օրենք) հանել «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա» հասկացությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» ներկայիս օրենքով նման ընթացակարգ առկա չէ, Օրենքով մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման համար որպես պարտադիր պահանջ սահմանել լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի եւ (կամ) թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայություն, Օրենքը լրացնել «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը» վերնագրով նոր հոդվածով, որով մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանվում է պարտավորություն՝ ապահովագրելու իրենց պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, Օրենքից հանել գործատուի կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ապահովագրելու պահանջը՝ մինչեւ ՀՀ ապահովագրական շուկայում նման ծառայության ներդրումը՝ թողնելով միայն պահնորդի առողջության պարտադիր ապահովագրման պահանջը, «Լիցենզավորման մասին» օրենքում լիցենզիայի տվյալ տեսակի, այն է՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող սուբյեկտի համար նախատեսել հաշվետվություն ներկայացնելու պահանջ, վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսել նոր զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեք ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահի) կողմից ուղեկցելը՝ սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ, խստացնել առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը, մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը բազային տուրքի 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկությունը. Ինչպես վերը հիշատակվեց, նախատեսվում է Օրենքից հանել գործատուի կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ապահովագրելու պահանջը՝ մինչեւ ՀՀ ապահովագրական շուկայում նման ծառայության ներդրումը՝ թողնելով միայն պահնորդի առողջության պարտադիր ապահովագրման պահանջը: Վերոնշյալից ելնելով՝ առաջարկում ենք մինչեւ ՀՀ ապահովագրական շուկայում կյանքի ապահովագրության ծառայության ներդրումը՝ գործատուի հաշվին պահնորդի (թիկնապահի) առողջության ապահովագրման հետ միաժամանակ պահնորդի (թիկնապահի) համար նախատեսել դժբախտ պատահարներից ապահովագրություն (գործատուի հաշվին): Եզրահանգում
Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնվելու դեպքում ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք կունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 13.03.2025թ.
|