ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1014-25.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1014-25.02.2025-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Տրանսպորտի մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասի համաձայն. «1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող   ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:»:

Վերոնշյալ լրացմամբ սահմանվում է Կառավարությանը լիազորող նորմ, մինչդեռ այն խնդրահարույց է իրավական որաշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ.

Սահմանադրության օրինականության սկզբունքը վերտառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: 

Սահմանադրաիրավական նշյալ նորմի բովանդակությունից հետեւում է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն, լինեն բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունը եւ սահմանները հասկանալու համար: Իրավական որոշակիության սկզբունքը լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի եւ իրավաչափ: Այսպես՝ լիազորող նորմերը պետք է ձեւակերպվեն այնպես, որ բացառեն նաեւ պետական մարմինների կողմից կամայականությունների դրսեւորման դեպքերը: 

Մինչդեռ Նախագծով սահմանված դրույթը չի բացահայտում Կառավարության կողմից հաստատման ենթակա աջակցության ծրագրի բովանդակությունը, բացակայում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ նվազագույն չափանիշների առկայությունը, որոնց համապատասխանելու դեպքում Կառավարության կողմից աջակցության տրամադրումը կտրվի կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձի: Նվազագույն չափանիշների բացակայության պարագայում հասկանալի չէ՝ ինչպես է Կառավարությունը ընտրելու այն իրավաբանական կամ ֆիզիկական անձին, որին կտրամադրվի աջակցությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Տրանսպորտի մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասում սահմանված դրույթում լրացնել Կառավարության կողմից հաստատվող աջակցության ծրագրի բնույթը եւ բովանդակությունը բացահայտող դրույթ, ինչպես նաեւ սահմանել աջակցության ծրագրի սուբյեկտ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերաբերող նվազագույն չափանիշներ՝ լիազորող նորմի իրավական որաշակիության ապահովման նպատակով, ինչը կբացառի նաեւ կամայականությունների դրեւորման դեպքերը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.03.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.03.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալները ավելացնելու համար:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախ հարկ է արձանագրել, որ առաջարկվող լրացումը կամ ակնկալվող լիազորող նորմը բավականին անորոշ եւ խիստ ընդհանրական ձեւակերպում ունի, ինչն էլ գործնականում մի շարք խնդիրներ կարող է առաջացնել այդ լիազորության իրականացման ընթացքում: Մասնավորապես, առաջարկվող տեքստից անհայտ է մնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «աջակցության ծրագիր»-ը, արդյո՞ք ՀՀ կառավարությունը կարող է աջակցության ծրագրեր հաստատել համայնքների (առավել եւս՝ Երեւան քաղաքի) տրանսպորտային խնդիրները լուծելու համար, ի՞նչ պարտականություններ պետք է կրեն նշված «ֆիզիկական եւ իրավաբանական անձինք» հաստատված աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում կամ չիրականացման համար (հարկ է նկատի ունենալ, որ ցանկացած պարտականություն, որ այս ծրագրերով կդրվի նշված սուբյեկտների վրա, ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն, պետք է սահմանված լինի օրենքով), ինչպե՞ս կարող է պետական կամ համայնքային նշանակության խնդիրների լուծումը պատվիրակվել որեւէ «ֆիզիկական անձի» (անկախ այդ անձի ֆինանսական կամ այլ հնարավորություններից), ի՞նչ մեխանիզմներով պետք է ընտրվեն աջակցության ծրագրեր իրականացնող իրավաբանական, առավել եւս՝ ֆիզիկական անձինք (արդյո՞ք այս դեպքերում գործելու է պետական պատվերի  մեխանիզմը, թե՞ ոչ) եւ այլն:

2. Եթե խոսքը գնում է այս կամ այն խնդրի լուծման համար պետության կողմից «աջակցության ծրագրեր» հաստատելու եւ, բնականաբար, պետական բյուջեից համապատասխան գումարներ հատկացնելու մասին, ապա այսպես, թե այնպես, համաձայն բյուջետային օրենսդրության պահանջների, Կառավարությունն այդ գումարները նախ եւ առաջ պետք է նախատեսի համապատասխան տարվա պետական բյուջեում՝ որպես բյուջեի ծախսային ծրագիր, իսկ այդ դեպքում էլ՝ պետական բյուջեից դուրս առանձին ծրագրի հաստատման անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ համապատասխան աջակցության ծրագիրն արդեն իսկ հաստատված կլինի կառավարության որոշումից իրավաբանական ավելի բարձր ուժ ունեցող ակտով, այն է՝ օրենքով: Ավելին, այս դեպքում նաեւ լիազորող նորմի ամրագրման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ համապատասխան նորմն արդեն իսկ ամրագրված կլինի տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. Նախագծով առաջարկվող լրացման հիմքում ընկած գաղափարի մասով եւս որոշակի հարցեր են առաջանում: Մասնավորապես.

ա) Եթե խոսքը գնում է, օրինակ,  «նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց...» աջակցելու մասին, ապա խիստ տրամաբանական եւ շահավետ կլինի այդ աջակցությունը տրամադրել հենց տվյալ խնդիրը լուծող պետական կամ համայնքային մարմիններին կամ նրանց կողմից (մասնակցությամբ) ստեղծված կազմակերպություններին, այլ ոչ թե անորոշ շրջանակի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որոնք այս դեպքում բացառապես միջնորդ օղակներ կարող են լինել՝ անհարկի մեծացնելով տրամադրվող աջակցության ֆինանսական բեռը: Եթե խոսքը գնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից, նրանց կողմից ներմուծված տրանսպորատային միջոցներ կամ այլ ապրանքներ ձեռք բերելու մասին, ապա տվյալ օրենքի անհրաժեշտությունն արդեն բացակայում է, քանի որ այդ գործարքները կարող են կատարվել բացառապես պետական կամ համայնքային գնումների միջոցով, որոնց օրենդրական բոլոր հիմքերը վաղուց առկա են, իսկ եթե խոսքը տրանսպորտի զարգացման համար մասնավոր ներդրումների ներգրավումն  է (որի վրա էլ գլխավորապես կատարվել են շեշտադրումները Նախագծի հիմնավորման մեջ), ապա տվյալ խնդրի լուծման համար առկա է շատ ավելի հարմարավետ եւ մշակված՝ պետություն-մասնավոր գործընկերության մեխամիզմը, որի կիրառության համար նույնպես այս Նախագծի անհրաժեշտությունը բացակայում է: 

բ)  Եթե, չնայած վերը բերված դիտարկումներին, Նախագծով ներկայացված լիազորող նորմն անհրաժեշտ է համարվում ամրագրել, ապա, կարծում ենք, միանգամայն արդարացի հարցադրում է առաջանում՝ իսկ ինչու՞ է տվյալ նորմը ամրագրվում միայն տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով, չէ՞ որ անխտիր մյուս բոլոր ոլորտներում եւս առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացումը», ինչու՞ այս լիազորությունը չամրագրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում, որպես համընդհանուր լիազորող նորմ՝ ՀՀ տնտեսության ցանկացած ոլորտում աջակցության գլոբալ ծրագրեր հաստատելու եւ լուծելու նպատակով (չնայած ակնհայտ է, որ այդ նպատակների համար էլ հենց հաստատվում եւ կատարվում են պետական բյուջեները): 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման կարիք է զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

04.03.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Տրանսպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը հնարավորություն կտա ՀՀ Կառավարությանը՝ լիազորող նորմի սահմանմամբ, ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր:

Ներկայացված Նախագծով նպատակ է հետապնդվում Օրենքով ՀՀ Կառավարությանը օժտել աջակցության ծրագրեր հաստատելու լիազորությամբ՝  ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով  նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալները ավելացնելու համար:

Ըստ այդմ, հեղինակն ակնկալում է, որ առաջարկվող լրացմամբ, վերոհիշյալ լիազորությունով կխթանվի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը եւ ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավումը:

Խնդիրն, ըստ հեղինակի, կայանում է նրանում, որ միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով, ինչը կապվում է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ: Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը: 

Այդուհանդերձ, Նախագծի վերաբերյալ, սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

Մասնավորապես, ներկայացված Նախագծով առաջարկվող կարգավորումները սոցիալական առումով, անշուշտ, դրական իմաստ են պարունակում, կապված այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կարող են ներգրավվել տրանսպորտի տարբեր ոլորտներում առկա հիմնահարցերի լուծման գործին, ինչն էլ կարող է նպաստել հանրապետությունում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում ընդգրկվածների եկամուտների ավելացմանը եւ այլն: 

Մինչդեռ, խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծով առաջարկվող կարգավորումերը, ըստ էության, մակերեսային բնույթ ունեն եւ չեն պարունակում այդ ծրագրերի պրակտիկ իրականացման համար անհրաժեշտ հարցերի պատասխանները: Մասնավորապես, նախատեսվող ծրագրերի իրականացման տեսանկյունից, շատ կարեւոր է, որ Նախագիծը պարունակի առնվազն հետեւյալ հարցադրումների պատասխանները եւ ձեւակերպի դրանց իրավական հիմքերը, այն է՝

- ո՞րն է տվյալ Օրենքի իմաստով «աջակցության ծրագիր» հասկացության սահմանումը, այսինքն՝ ի՞նչ պետք է հասկանալ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման «աջակցության ծրագիր» ասելով,

- ի՞նչ է ենթադրում այդ աջակցության ծրագիրը՝ միայն ֆինանսական միջոցների հատկացումներ, թե՞ նաեւ այլ գործողություններ (եւ եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ միջոցառումների մասին կարող է խոսք գնալ),

- իրավաբանական կամ ֆիզիկական ո՞ր անձինք կարող են հավակնել այդ ծրագրերի իրականացմանը, կամ այլ կերպ ասած՝ որո՞նք են լինելու աջակցության համար դիմած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ընտրության չափանիշները եւ մեխանիզմները,

- առավելագույնը որքա՞ն կարող է կազմել հաստատվող աջակցության այս կամ այն ծրագրի ֆինանսական «ծածկույթը», եւ ինչպե՞ս պետք է ապահովվի այս գործընթացի թափանցիկությունը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով,

- արդյո՞ք այս գործընթացին կարող են մասնակցել նաեւ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, թե նշված ծրագրերը կարող են հաստատվել միայն ՀՀ ռեզիդենտ սուբյեկտների համար եւ այլն:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

05.03.2025թ.