ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1047-08.04.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1047-08.04.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ այն ֆիզիկական անձը, որը մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչեւ նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչեւ նույնականացման քարտը ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Բացի այդ, առաջարկվում է սահմանել նաեւ, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու ժամկետը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ն է (2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը): Եկամտային հարկի գումարների վճարման վերջնաժամկետը մայիսի 1-ի փոխարեն սահմանվում է հուլիսի 1-ը (2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար համապատասխանաբար՝ մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.04.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Նախագծով առաջարկվում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները: 

Խնդիրն այն է, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց շրջանակը էականորեն ընդլայնվել է, ինչի հետեւանքով որոշակիորեն երկարաձգվել են ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու եւ հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.04.2025թ.