ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1054-22.04.2025-ՏԵ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10541 -22.04.2025-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1054-22.04.2025-ՏԵ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10541 -22.04.2025-ՏԵ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարելու արդյունքում դրանով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի կամ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող կաբոտաժային փոխադրումների: Ընդ որում՝ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից: 

Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ լիազոր մարմինը Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատում է Նախագծի ուժի մեջ մտնելուց հետ՝ 6 ամսվա ընթացքում:

Հարկ է նկատել, որ քննարկվող նորմով սահմանված լիազոր մարմնի կողմից հաստատվող պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է պատասխանատվություն, որը մտնում է ուժի մեջ տվյալ նախագծի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Վերոգրյալ կարգավորումների արդյունքում ստացվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված է լինելու պատասխանատվություն դեռեւս չսահմանված պահանջների խախտման համար: Այս դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում առկա նախագծերով սահմանված ժամկետները համապատասխանեցնել միմյանց: 

Սույն դիտարկումը հատկապես կարեւորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո, որով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.05.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում են, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ: Սահմանվում է նաեւ, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետություններում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միայն ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո, իսկ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից: Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով միջազգային համաձայնագրերով չսահմանված դեպքերում, ըստ Նախագծերի փաթեթի, կաբոտաժային փոխադրումների իրականացումը, կամ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

29.04.2025թ. 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն լիարժեք կանոնակարգված չէ Եվրասիական Տնտեսական Միության (այսուհետ՝ Միություն) կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում  կատարել լրացումներ, համաձայն որոնց Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ, իսկ Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից: Արդյունքում կստեղծվեն պայմաներ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման եւ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

05.05.2025թ.