ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1056-22.04.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1056-22.04.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 136-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը,  հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»: Օրենսգրքի գործող խմբագրությունը պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար: Ցանկանում ենք նշել, որ «ցեղասպանություն» հասկացությունը իրենում արդեն իսկ ներառում է Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է «միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն» հասկացությանը, ապա ցանկանում ենք այս մասով նշել, որ սույն հասկացությունը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, քանզի հասկանալի չէ, թե արդյոք որոշակի երկրների կամ վերպետական կառույցների կողմից ճանաչվելուց հետո միայն կարող ենք հաստատել, որ որոշակի արարք միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է եւ նրա հերքման, արադարացման, նսեմացման մեղմացման, կամ հավանության տրման համար անձին ենթարկել քրեական պատասխանատվության, թե այն որպես այդպիսին պետք է հաստատված լինի իրավասու դատարանի կողմից որպես փաստ: 

Խոսելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանման կարեւորության մասին նախ փաստենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաեւ ՄԻԵԴ) իր վճիռներում բազմիցս անդրադարձել է այս  սկզբունքին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձեւակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր համապատասխան գործողության հետեւանքները: (Case of The Sunday Times v. the United Kingdom, գանգատ թիվ 6538/74, 26.04.1979 թ. վճիռ, կետ 49, Case of Busuioc v. Moldova, գանգատ թիվ 61513/00, 21.03.2005 թ. վճիռ, կետ 52): 

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը՝ արձանագրելով, մասնավորապես, ներքոնշյալը. «ա) «(…) իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270). (…)

գ) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753).

(…) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում, (…).

Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: (ՍԴՈ-1621) »:

Իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը հանցակազմի հատկանիշների սահմանման հարցում շատ կարեւոր նշանակություն ունի, քանզի անձի համար հստակ, մատչելի հասկացությունների միջոցով պետք է հասկանալի լինի որ վարքագիծն է քրեորեն պատժելի եւ որը՝ ոչ:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 136-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս օգտագործել գործող խմբագրության տերմինոլոգիան, այն է՝ «ցեղասպանություն», որը ծավալային առումով ընդգրկում է նոր առաջարկվողները եւ չունի իրավական որոշակիության խնդիր:

Միաժամանակ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված նպատակները իրագործելու եւ Հայոց ցեղասպանության հերքման, մեղմացման, արադարցման, հավանության տրման, վտանգավորությունը նսեմացման նկատմամբ հատուկ մոտեցում դրսեւորելու համար առաջարկում ենք այն նախատեսել Օրենսգրքի 136-րդ հոդվածում որպես որակյալ հանցակազմ՝ նախատեսելով առավել խիստ պատժաչափեր, քան Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասում՝ համապատասխանաբար հիմնավորելով այս արարքի առավել բարձր հանրային վտանգավորությունը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասից հանել «նվազագույն աշխատավարձի» բառերը, քանզի Օրենսգրքով տուգանքի հաշվարկման հիմքում դրվում է ոչ թե նվազագույն աշխատավարձը, այլ հանցանք կատարած անձի եկամուտը՝ ըստ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի կարգավորումների: Առաջարկում ենք նաեւ տուգանքի չափը նախատեսելիս ղեկավարվել Օրենսգրքի 59-րդ հոդվածի կանոններով:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը,  հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգ տարի ժամկետով: Նախագծով նախատեսվող կարգավորումների արդյունքում սույն հանցագործության համար նախատեսվում է ազատազրկման առավել խիստ պատժաչափ, քան, ցեղասպանության հրահրման կամ պատերազմ վարելու արգելված միջոցներ կիրառմամբ պատերազմական հանցագործությունների կամ անգամ սպանության համար: 

Սույն դիտարկումների հաշվառմամբ ցանկանոսւմ ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 136-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները կարող են խնդրահարույց լինել պատժի համաչափության սահմանադրական սկզբունքի պահպանման տեսանկյունից: Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:»: Քրեական օրենսգրքում յուրաքանչյուր արարքի համար քրեական պատասխանատվության, սույն դեպքում՝ պատժի տեսակը եւ չափը սահմանված են որոշակի չափորոշիչներ հաշվի առնելով: Մասնավորապես, Սահմանադրությամբ ամրագրված պատժի համաչափության սկզբունքի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Հետեւաբար, այս կամ այն հանցավոր արարքի համար պատժատեսակ եւ պատժաչափ որոշելիս պետության կողմից պետք է ապահովվի ներգործության համաչափությունը կատարված հանցանքին: 

Վերոգրյալի լույսի ներքո ցանկանում ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ մասի առաջարկվող կարգավորումը՝ պատժաչափի խստացման վերաբերյալ, համեմատական վերլուծության արդյունքում կարող է խնդրահարույց լինել Օրենսգրքի որդեգրած հանցավոր արարքների համար նախատեսված պատժատեսակների եւ պատժաչափերի տրամաբանության տեսանկյունից։ 

5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը,  հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգ տարի ժամկետով:

Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը եւ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են եւ՛ որպես հիմնական, եւ՛ որպես լրացուցիչ պատիժներ: Ընդ որում, Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար՝ 2-7 տարի ժամկետով: Հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ազատազրկում պատժատեսակի չափերը՝ ցանկանում ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն Օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով: Հետեւաբար, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը որպես հիմնական պատիժ նրա համար չի կարող նախատեսվել: Ընդ որում, Օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների սանկցիաներում լրացուցիչ պատժատեսակները չեն մատնանշվում: Այն կարող է դատարանի կողմից միայն որպես լրացուցիչ պատիժ նշանակվել: Դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորի լրացուցիչ այս կամ այն պատժատեսակը կիրառելու անհրաժեշտությունը եւ այն կիրառի պահպանելով Օրենսգրքի 61-րդ հոդվածի պահանջները:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 136-րդ հոդվածի 3-րդ մասից հանել « եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգ տարի ժամկետով» արտահայտությունը, քանզի վերջինս չի համապատասխանում Օրենսգրքի պատժատեսակների վերաբերյալ կարգավորումներին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

12.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

12.05.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերաշարադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն, առանձնացնելով եւ հատուկ շեշտադրելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ առաջարկվում է խստացնել տվյալ հանցագործության համար սահմանված պատասխանատվությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.04.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել փոփոխություն: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել Օրենսգրքի «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը» վերտառությամբ 136-րդ հոդվածը: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ թեեւ գործող կարգավորումներով սահմանված է ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն այն չունի հատուկ մոտեցում Հայոց ցեղասպանությանը, ինչը, ըստ Նախագծի հեղինակի, արդարացված չէ, քանի որ բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել եւ դատապարտել են հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունը:

Հիմք ընդունելով 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետը, ինչպես նաեւ հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է Օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

28.04.2025թ.