ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1058-22.04.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1058-22.04.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացնել նոր «գ» ենթակետ. որի համաձայն որպես պատվիրատու հանրային կազմակերպություն են հանդիսանալու նաեւ այն կազմակերպությունները, որոնց հանդեպ նույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը, անկախ բաժնեմասի չափից, ունի տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, տվյալ որոշումների կայացման վրա ազդելու կամ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն եւ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը գնում է կատարում տվյալ կազմակերպությունից: Նշված ձեւակերպումից բխում է, որ «գ» ենթակետով նոր լրացվող կազմակերպությունները կհամարվեն հանրային կազմակերպություններ, եւ վերջիններիս վրա կտարածվի «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումները, եթե միաժամանակ բավարարում են հետեւյալ երկու պայմաններին՝ 1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք ունեն տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, տվյալ որոշումների կայացման վրա ազդելու կամ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն եւ 2. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք գնում են կատարում իրենց ազդեցության տակ գտնվող տվյալ ընկերություններից: Նշենք, որ, հանրային կազմակերպություն հանդիսանալու նշված պայմաններից 2-րդը բավարար չափով որոշակի չէ եւ միանշանակ չի ընկալվում. մասնավորապես սույն ձեւակերպման մեջ կիրառված «գնում է կատարում տվյալ կազմակերպությունից» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում. հասկանալի չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք իրենց ազդեցության տակ գտնվող ընկերությունների հետ արդյո՞ք պետք է երբեւէ կնքած թե գործող գնման պայմանագիր ունենան, արդյո՞ք ապագայում են պատրաստվում գնում կատարել համապատասխան ընկերություններից, արդյո՞ք մեկանգամյա գնման պայմանագիրը բավարար է որպեսզի գնում կատարելու պայմանը առկա լինի: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք պետք է հստակ իմանան թե որ ընկերությունների համար կարող են դիմում ներկայացնել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հստակ տարանջատի, թե որ կազմակերպությունների ցանկը կարող է հաստատել, օրենսդրությամբ պետք է հստակ սահմանվեն, պայմանները որոնց բավարարելու դեպքում կազմակերպությունը կդիտարկվի հանրային կազմակերպություն: 2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների կարգավորումների համադրությունից բխում է, որ պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպություն են այսուհետ համարվելու նաեւ այն կազմակերպությունները, որոնք գտնվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված կազմակերպությունների ազդեցության տակ (կիրառված են Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված ձեւակերպումները), եւ որոնցից գնում են կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված կազմակերպությունները: Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ « Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին ( ), իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված հանրային կազմակերպությունների դեպքում` նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին». Նշված ձեւակերպումներից ուղղակիորեն բխում է, որ Նախագծի ուժով համապատասխան ազդեցության տակ գտնվող ընկերությունների կողմից իրականացվող ցանկացած գնման գործընթաց իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգերի հիման վրա: Հանրային կազմակերպությունների կողմից, ինչպիսին հանդիսանալու են նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված կազմակերպությունների ազդեցության տակ գտնվող ընկերությունները, ՀՀ տարածքում իրականացվող գնումների դեպքում, վերջիններիս կողմից կատարվող ցանկացած գնման կատարման կարգերը չեն կարող հակասել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին. մինչդեռ նշենք, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի» մասին օրենքի 2-րդ հոդվածով սպառիչ թվարկված են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտները, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավազորությունը տարածվում է միայն նշված հանրային ծառայությունների ոլորտի վրա: Հետեւաբար հասկանալի չէ, եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի այն հանգանամանքը, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանի պահանջներ ազդեցության տակ գտնվող ընկերությունների հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներից դուրս գտնվող գնումների նկատմամբ: 3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված «5.1» ձփակերպումը փոխարինել «5.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 4. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության համապատասխանության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի» մասին օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 08.05.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 08.05.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդլայնել օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպությունների շրջանակը, սահմանել վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ առավել հրապարակային եւ թափանցիկ պայմաններ, այդ թվում՝ նրանց կողմից կատարվող գնումների նկատմամբ եւս պարտադիր դարձնելով հանրային հսկողության մեխանիզմի կիրառումը: Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է. - սահմանել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից, պայմանով, որ վերջիններս եւս իրենց կարիքների համար կատարվող գնումները կկատարեն «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներով, - սահմանել, որ նման ընկերությունների ցանկը կհաստատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 28.04.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝ - Սահմանել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից: Այդ ընկերությունների ցանկը կհաստատի ՀԾԿՀ-ն՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա. - Ընկերությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացների հետ կապված բողոքները քննել մյուս պատվիրատուի համար սահմանված ռեժիմներին համապատասխան. - Հանրային կազմակերպությունների եւ վերջիններիս ազդեցության տակ գտնվող ընկերությունների կողմից կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ պարտադիր դարձնել հանրային հսկողության մեխանիզմների կիրառումը եւ այլն: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 05.05.2025թ.
|