ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1069-12.05.2025-ՊԱ-011/0), «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10691 -12.05.2025-ՊԱ-011/0), «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10692 -12.05.2025-ՊԱ-011/0) եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-10693 -12.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1069-12.05.2025-ՊԱ-011/0), «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10691 -12.05.2025-ՊԱ-011/0), «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10692 -12.05.2025-ՊԱ-011/0) եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-10693 -12.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծերի փաթեթում, առավելապես «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ամբողջ տեքստում որոշ հասկացություններ կիրառվում են տարբեր կերպ եւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր բառեր, մասնավորապես.

1) Նախագծերի փաթեթում կիրառվում են «բնակչության պետական ռեգիստր», «ռեգիստր», «բնակչության ռեգիստր» հասկացությունները՝ համապատասխան հոլովաձեւերով: Առաջարկում ենք կիրառել միայն Նախագծով որպես հասկացություն սահմանված կիրառության ձեւը:

2) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում միեւնույն երեւույթի համար սահմանվում է կիրառելի երկու հասկացություն, մասնավորապես՝ «բնակչության պետական ռեգիստր» եւ «բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարան»: Նախագծի հետագա տեքստում կիրառվում են հասկացության սահմանված երկու ձեւերը: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելու համար սահմանել հասկացության կիրառելի մեկ տարբերակ:

3) Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «կառավարություն», «ՀՀ կառավարություն» ձեւակերպումները՝ համապատասխան հոլովաձեւերով: Հիմք ընդունելով նաեւ Սահմանադրության սահմանված հասկացությունն՝ առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառել «Կառավարություն» ձեւը՝ համապատասխան հոլովաձեւերով:

4) Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարան», «տվյալների շտեմարան»  ձեւակերպումները՝ համապատասխան հոլովաձեւերով: Առաջարկում ենք Նախագծում կիրառել Նախագծով որպես հասկացություն սահմանված կիրառության ձեւը:

5) Նախագծում կիրառվում են «միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմին», «Միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի պետական լիազոր մարմին» ձեւակերպումները:

6) Նախագծում կիրառվում են «տեղեկատվական մուտքի հարթակ», «մուտքի հարթակ» ձեւակերպումները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված դրույթների համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ :»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Նախագծով սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգ» հասկացությանը տրվել է կիրառության կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ կանոնակարգ)»: Հարկ է նկատել, որ Նախագծի հետագա տեքստում կիրառվում են «տվյալների շտեմարանի կանոնակարգ», «շտեմարանի կանոնակարգ» հասկացությունները: Առաջարկում ենք Նախագծում երկար արտահայտության համար կրճատ տարբերակ սահմանելիս հետագա տեքստում կիրառել միայն կրճատ տարբերակը: Սույն առաջարկը կապահովի նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: 

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «զ» ենթակետում անձը հաստատող փաստաթղթերի շարքում սահմանված է «ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` «070» ծածկագրով տպագրված անձնագիրը, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը»: 

Հարկ ենք համարում մեջբերել «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա այն փոխանակվում է փախստականի նույնականացման քարտով: Փաստաթղթերի փոխանակման կարգը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը եւ տալու կարգը հաստատում է Կառավարությունը:»: Սույն կարգավորումից բխում է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար անձը հաստատող փաստաթուղթը ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթն է, որը փոխանակվում է փախստականի նույնականացման քարտով: Քանի որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար անձը հաստատող փաստաթղթերը սահմանված են «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով, ուստի առաջարկում ենք ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար Նախագծում սահմանված անձը հաստատող փաստաթղթերը եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով սահմանված անձը հաստատող փաստաթղթերը համապատասխանեցնել միմյանց:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն. «Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է նաեւ այլ տվյալնների շտեմարանների հետ, որի միջոցով տվյալ շտեմարաններից ստանում է լրացուցիչ տեղեկություններ հետեւյալի վերաբերյալ՝ 

(...) 

6) բնակչության հաշվառման վերաբերյալ.»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանված է «բնակչության հաշվառում» հասկացությունը, այն է. «բնակչության հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պեական ռեգիստրում.»:

Ինչպես բխում է մեջբերված հասկացությունից բնակչության հաշվառումը փաստում է անձնական եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պետական ռեսգիստրում: Ուստի հասկանալի չէ՝ բնակչության պետական ռեգիստրն այլ տվյալնների շտեմարաններից ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ պետք է ստանա բնակչության պետական ռեգիստում անձի անձնական եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայության մասին: Կարծում ենք՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի անձնական եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պետական ռեսգիստրում կարող է փաստվել միայն բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում: 

5. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինները պարտավոր են ապահովել իրենց կողմից ներկայացվող տեղեկությունների ճշգրտությունն ու արդիականությունը:»:

Հարկ է նշել, որ այս դրույթը նույնությամբ կրկնում է Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավական կարգավորումը: Առաջարկում ենք Նախագծում բացառել անհիմն կրկնությունները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

6. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն. «Բնակչության պետական ռեգիստրում մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի սուբյեկտի վերաբերյալ իրավական վիճակը բնութագրող գործողությունների կամ դեպքերի վերաբերյալ հետեւալ տվյալները՝

(...)

9) դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելու եւ պատիժը կրելու վերաբերյալ տեղեկատվություն:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը բնակչության պետական ռեգստր է մուտքագրում ոչ միայն դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, այլ նաեւ նշված անձանց՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի կրումը ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք բնակչության պետական ռեգիստր մուտքագրվող տվյալններին վերաբերող դրույթներում տվյալների շրջանակը նույնացնել, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

7. Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Բնակչության պետական ռեգիստրը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է բնակչության ռեգիտր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի գրանցամատյանի հետ:»: Մեջբերված դրույթը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Հարկ է նկատել, որ նշված գրանցամատյանի վերաբերյալ որեւէ կարգավորում Նախագծում նախատեսված չէ, ուստի հասկանալի չէ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում բնակչության ռեգիտր ներկայացվող տվյալները հաստատող փաստաթղթերի գրանցամատյանը, ինչպե՞ ս է ձեւավորվում, ու՞մ կողմից եւ ինչպիսի՞ տեղեկություններ է ներառում: 

8. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «սույն կետի 1-3-րդ ենթակետերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն մասի 1-3-րդ կետերով» բառերով: Նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «սույն կետի 1-6-րդ ենթակետերում» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն մասի 1-6-րդ  կետերում» բառերով: Նշված առաջարկները բխում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջից, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

Նույն դիտարկմամբ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «1-3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «1-3-րդ կետերով» բառերով:

9. Նախագծի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ գլուխները բաղկացած են մեկ հոդվածից: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ օրենսդրական ակտերի գլուխներում միավորվում են բովանդակությամբ համասեռ հոդվածներ:

10. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունների շարքում նշվում է նաեւ բնակչության հաշվառում իրականացնելը: Սույն լիազորությունը չի համընկնում «բնակչության հաշվառում» հասկացության բովանդակության հետ,  քանի որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «բնակչության հաշվառում» հասկացության բովանդակությունը բացահայտվում է որպես բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայությունը բնակչության պեական ռեգիստրում:   Մասնավորապես, հասկանալի չէ՝ ինչպե՞ս է իրականացվում միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բնակչության պետական ռեգիստրում անձնական տվյալների եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայության լիազորությունը:

11. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին հաջորդում է 10-րդ կետ, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալման հաջորդականությունը:

Բացի այդ Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին հաջորդում միեւնույն 10-րդ կետը, ուստի առաջարկում ենք ուղղել վրիպակը, բացառել անհիմն կրկնությունը:

12. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին չհամարակալված պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթի պահանջները:

13. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում են ապահովել կետերի ճիշտ համարակալում, մասնավորապես՝ համարակալումը սկսել «տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքի մոնիտորինգը» տողից: 

14. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունների շարքում սահմանված է՝ «իրավասու մարմինների կողմից բնակչության պետական ռեգիստր պարտադիր մուտքագրման ենթակա տվյալների չմուտքագրման կամ թերի կամ սխալ մուտքագրման դեպքերը հայտնաբերելու դեպքում իրավասու մարմիններին տվյալները մուտքագրելու մասով պարտադիր կատարման ենթակա ուղղորդումների ներկայացումը.»: Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանվում են բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմինների կողմից տվյալների ներկայացման աշխատանքների իրականացման շրջանակներում միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, որի 2-րդ կետում սահմանված է տվյալներ ներկայացնող մարմիններին խորհրդատվական բնույթի ցուցումներ կամ պարզաբանումներ կամ օգնության տրամադրելու վերաբերյալ լիազորությունը:  Կարծում ենք՝ նշված երկու լիազորությունները բովանդակային առումով նույնանում են:

15. Նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է. «Բնակչության հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հարկ է նկատել, որ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը իրավակարգավորում է նախատեսում անձի իր մշտական բնակության վայրի հասցեում հաշվառման մասին: Ուստի հասկանալի չէ, Նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասում Կառավարության կողմից սահմանվող բնակչության հաշվառման կարգը վերաբերում է անձի մշտական բնակության վայրում հաշվառմանը, թե բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական եւ բնակության վերաբերյալ տվյալների առկայությանը բնակչության պետական ռեգիստրում՝ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանված «բնակչության հաշվառում» հասկացություն: 

16. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Բնակչության պետական ռեգիստրի պահպանումն իրականացվում է լիազոր պետական մարմնի կողմից՝ ապահովելով ռեգիստրի տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը եւ արդիականությունը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծում լիազոր պետական մարմին ձեւակերպումներն օգտագործված են բազմիցս՝ յուրաքանչյուր դեպքում նշելով վերաբերելի ոլորտը: Հետեւաբար Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր պետական մարմին» ձեւակերպումը կիրառելիս առաջարկում ենք նշում կատարել նաեւ համապատասխան ոլորտի մասին՝ իրավական որոշակիության ապահովման նպատակով:

17. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասին հաջորդում է 2-րդ մաս, առաջարկում ենք պահպանել Նախագծի 25-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

18. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված դրույթում նախատեսված է, որ բնակչության պետական ռեգիստրի միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ բնակչության պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ՝ ներառյալ տվյալների մուտքագրման, թարմացման եւ անվտանգության վերաբերյալ տեղեկությունները: Հարկ ենք համարում նշել, որ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համար հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանելիս անհրաժեշտ է նշել հստակ ժամկետ նշված պարտականության կատարման համար: Ինչը կապահովի քննարկվող դրույթի իրավական որոշակիությունը:

19. Նախագծի 26-րդ հոդվածում որպես անցումային դրույթ սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը գործարկվում է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:»:

Վերոնշյալ դրույթի վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:»:

Այսպես՝ Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ սահմանվում է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, ուստի այն համարվում է եզրափակիչ մաս: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ անհրաժեշտ է վերանայել Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը, ինչպես նաեւ հոդվածի եւ գլխի վերնագրերը:

20. Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է, որ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքը, կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները, ինչպես նաեւ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների թարմացման, տեղեկությունների պահպանման ու պաշտպանության, ինչպես նաեւ տվյալների մուտքագրման մերժման եւ այդ մասին տվյալը ներկայացնող մարմնին ծանուցելու կարգը սահմանվում են տվյալների շտեմարանի կանոնակարգով:»:

Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքին վերաբերող տեխնիկական պահանջները, ինչպես նաեւ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների թարմացման, տեղեկությունների պահպանման ու պաշտպանության, տեղեկատվության հասանելիության տեխնիկական, անվտանգության պահանջները եւ կարգը սահմանող տվյալների շտեմարանի կանոնակարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսյա ժամկետում:»:

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ուժի մեջ մտնելու վերաբերյալ բացառություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ: Հետեւաբար Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ուժի մեջ մտած չլինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համապատասխան կանոնակարգի ընդունման համար:

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթից բխում է, որ նկարագրված հարցերի շուրջ կարգը սահմանվելու է տվյալների շտեմարանի կանոնակարգով, որը ընդունվելու է Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսյա ժամկետում: Կանոնակարգի ընդունմամբ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթը կսկսի գործել, եւ օրենսդրությամբ օրինակ՝ բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքի մասին կունենանք երկու տարբեր գործող կարգավորումներ, քանի որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» գործող օրենքն ուժը կորցրած կճանաչվի Նախագիծն ուժի մեջ մտնելու պահից:

21. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք օրենքների լրիվ անվանման հիշատակումից հանել «թիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պաշտպանության  մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներում կիրառված «թիվ» բառերին:

22. Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական ակտերն» բառերը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ  իրավական ակտերն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասում սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Փախստականների եւ ապաստանի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.05.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդունել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենք եւ հարակից օրենքներում դրանից բխող օրենքներ, ինչը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու եւ անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը:

Ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Մինչդեռ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակադրված է մեկ միասնական տեղեկատվական համակարգում մեկտեղելու բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.05.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով  առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Պաշտպանության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում:

Մինչ օրս բնակչության ռեգիստրում տվյալների հավաքագրումն իրականացվում է 2002 թվականին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի հիման վրա, մինչդեռ ռեգիստրի արդիականացմանն ուղղված փոփոխություններ չեն իրականացվել: Մասնավորապես, բնակչության ռեգիստրը գրանցման ենթակա տեղեկատվության հավաքագրման երկրորդային օղակն է, ինչը, շատ դեպքերում,  հանգեցնում է ռեգիստրում այլ տեղեկատվական համակարգերից մուտքագրվող տվյալների թերի լրացման, համակարգի լեզուների անհամապատասխանության, դրանով հանդերձ՝ ոչ հստակ տեղեկատվության հավաքագրման:  Խնդիրներ կան նաեւ տեղեկատվական այլ համակարգերի հետ փոխգործելիության եւ տեղեկատվության արդիականացման առումով: 

Հեղինակի կողմից ներկայացված «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագիծը միտված է մեկ միասնական տեղեկատվական համակարգում մեկտեղելու բնակչության ռեգիստրում ներառման ենթակա ամբողջ տեղեկատվությունը, ինչը կհեշտացնի պետական մյուս մարմինների գործառույթների իրականացումը: 

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորում, որակյալ ծառայությունների մատուցում,  անձանց իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու եւ հաշվառվելու իրավունքի իրացում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

14.05.2025թ.