ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1070-12.05.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1070-12.05.2025-ՏՀ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածում սահմանված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ»: 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը,

(...)»: 

Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վճարի՝ պետական տուրքի բարձրացում, ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիա տրամադրելու համար: Այդպիսի դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան՝ 2025 թվականին, հաջորդող հարկային տարվա՝ 2026 թվականի սկզբից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

Մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում քննարկվող Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված է պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված ժամկետը՝ համապատասխանեցնելով այն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված դրույթների ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.05.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.05.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն): Ըստ Նախագծի հեղինակի, խնդիրը կայանում է նրանում, որ վերջին ժամանակներում տեղի է ունենում իրանական ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ եւ ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի եւ ներմուծվողի միջեւ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեից աշխատանքային կարգով տրամադրված տվյալների՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 72%), իսկ ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները (չդիմանալով ներմուծվող ցեմենտի մրցակցությանը եւ նվազեցնելով վաճառքները) կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում եւ կանգնել ընդհուպ մինչեւ արտադրական գործունեության դադարեցման վտանգի առջեւ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.05.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան եւ տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտի ապահովմամբ: 

Նախագծով, հեղինակն առաջարկում է ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետական տուրքի չափի փոփոխություն կատարել` ապահովելով տեղական արտադրողների համար (ներմուծողների նկատմամբ) հավասար մրցակցային դաշտ: Առաջարկվում է յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն):

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.05.2025թ.