ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1088-27.05.2025-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1088-27.05.2025-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:

Հարկ ենք համարում նշել, որ Արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ Համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ»:

Մասնավորապես նշված է, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3.03 բաժնի համաձայն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն այլ որոշում է կայացնում, Վարկառուն իրականացնում է կամ ապահովում է Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա ծախսային հոդվածներով կատարվող գնումները՝ սույն Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածի դրույթների համաձայն:

Համաձայնագրի 4-րդ հավելվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Վարկառուն պետք է ապահովի եւ հոգ տանի, որ ծրագրի կատարման գործակալությունը եւ ծրագրի իրականացման գրասենյակն ապահովեն, որ ապրանքների, աշխատանքների եւ Ծառայությունների գնումներն իրականացվեն գնումների քաղաքականության եւ գնումների ուղեցույցների համաձայն:

«Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի 19-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

Կարծում ենք, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գնումները, որոնք իրականացվելու են գնումների քաղաքականության եւ գնումների ուղեցույցների համաձայն հիմք կհանդիսանան հետագայում Կառավարության կողմից միջազգային պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունների սահմանման համար:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                 ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

09.06.2025թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

09.06.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 236,000,000 եվրոյի չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել տարածաշրջանային եւ միջազգային շարժունակությունը եւ բարձրացնել Վարկառուի տարածքում գտնվող Սիսիանի եւ Քաջարանի միջեւ ընկած հատվածի հասանելիությունը: Մասնավորապես, Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:

Վարկը տրամադրվում է 12.5 տարի ժամկետով, հետեւյալ դրույքաչափով՝ Եվրիբոր (որը մայիսի 30-ի դրությամբ կազմում է մոտ 2% տոկոս) + 0.60% - 010% (հատկացման եւ առհանման դրույք) + 0.30% (ապահովագրավճար) + 0.15% (պարտավորավճար), այսինքն՝ տարեկան մոտ 3%: 

Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության, 236.0 մլն եվրո արժեքով Համաձայնագիրը (Սիսիան-Քաջարան 60կմ-ի ճանապարհի Հյուսիսային ենթահատված) կառաջացնի պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ, քանի որ 2025թ. պետական բյուջեով սույն նպատակով շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Միաժամանակ, Համաձայնագրում պետական բյուջեի եկամուտների նվազեցման դրույթներ առկա չեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.06.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2025 թվականի մարտի 18-ին ստորագրված  «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը կառուցելու համար Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է: Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային եւ աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երկու հարյուր երեսունվեց միլիոն (236.000.000) եվրոյի չափով վարկ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

02.06.2025թ.