ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1091-30.05.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1091-30.05.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարույնակում: Միաժամանանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացման մեջ առաջարկում ենք «ԵԱՏՄ արտաքին» բառեռրը փոխարինել «Արտաքին» բառով, իսկ «ապրանքային խմբերին» բառերը փոխարինել «ծածկագրին» բառով՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կիրառված ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)» Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված ձեւակերպումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 11.06.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 11.06.2025թ.
Նախագծով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.6-րդ հոդվածը լրացնել նոր 15-րդ մասով, որի արդյունքում՝ «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային խմբերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, նպատակը ծանր արդյունաբերության, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) ներքին արտադրության եւ առեւտրի խթանումն է, ինչպես նաեւ տեղական արտադրողների կողմից թողարկվող եւ երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջեւ հավասար մրցակցային պայմանների ապահովումն է: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով պետական տուրքը սահմանվում է որպես պետական վճարի տեսակ: Քանի որ Նախագծով նախատեսվում է պողպատե ամրանների ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի սահմանում, ապա այն կարող է ուժի մեջ մտնել միայն դրա ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Հետեւաբար, այս առումով Նախագիծը հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխանեցման կարիք ունի: 2. Հարկ ենք համարում նշել, որ ապրանքների ներմուծման համար որոշակի հարկերի եւ տուրքերի (այդ թվում՝ պետական տուրքի) սահմանումը դեռեւս երաշխիք չէ տեղական արտադրության զարգացման համար, քանի որ վերջինիս մրցունակության բարձրացումն ու մրցակցային առավելությունների ձեռք բերումը կախված է նաեւ մի շարք այլ գործոններից: Ընդ որում, որոշակի հանգամանքներում, հիմնականում կախված ներքին շուկայում տվյալ ապրանքատեսակի նկատմամբ ձեւավորված պահանջարկից, կարող է տեղի ունենալ նաեւ տեղական արտադրության ապրանքների գների բարձրացում: Կարծում ենք, Նախագծով հետապնդվող նպատակի ձեռքբերմանն ուղղված քայլերի մշակման ու իրականացման ժամանակ առավել համակողմանիորեն պետք է հաշվի առնվի նաեւ տվյալ հանգամանքը: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 10.06.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցություն ապահովելու, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում հանրապետությունում կխթանվի մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) վերամշակումը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, շուկայում կապահովվեն ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 05.06.2025թ.
|