ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1136-13.08.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11361 -13.08.2025-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1136-13.08.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11361 -13.08.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 10-րդ հոդվածի 1-ին կետով «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1.1-ին մասում լրացվող «, իսկ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում ծանուցելով լիազոր մարմնին՝ դադարեցնում են անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար հաստատում նոր անձնագիր» բառերի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Կառավարության» բառն անհրաժեշտ է փոխարինել Օրենքում կիրառվող «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 2. Նախագծի 14-րդ հոդվածով 22-րդ հոդվածում «Շրջակա միջավայրում» բառերին հղում կատարելիս անհրաժեշտ է բառերը շարադրել այնպես ինչպես համապատասխան դրույթում դրանք շարադրված են՝ առանց որեւէ փոփոխություն կատարելու, մինչդեռ Նախագծի 14-րդ հոդվածում այդ բառերը շարադրված են փոքրատառերով: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա խմբագրել Նախագծի 14-րդ հոդվածը: 3. Նախագծի 16-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 02.09.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 02.09.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորմանը վերաբերող կարգավորումները, հստակեցնել Կառավարության, շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարությունների որոշ իրավասությունները, թափոնների հաշվառման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաեւ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի եւ ուսումնասիրությունների իրականացման գործընթացները, ինչպես նաեւ աղբավայրը տնօրինողների նկատմամբ սահմանել վարչական պատասխանատվության միջոց՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 27.08.2025թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Թափոնների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան լրացում կատարելով նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով, 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա եւ 2021 նոյեմբերի 8-ի N1902-Լ Կառավարության որոշումներով՝ շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթությունները եւ գոյացող տարբեր տեսակի թափոնների պատշաճ կառավարման կանոնակարգերը սահմանելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) ապահովման համար օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է
2. Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է դրական ազդեցություն ունենալ: Սակայն կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում Նախագծերի փաթեթում ներառված «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով առաջարկվող Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում նախատեսվող փոփոխության եւ լրացման արդյունքում ստացվում է հետեւյալը. «թափոնների պահում` թափոնների ժամանակավոր պահեստավորում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում 30 օրը գերազանցող ժամկետով` դրանց հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով.»: Այսինքն, վերը նշված դրույթից հետեւում է, որ հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում կարելի է թափոնները ժամանակավոր պահեստավորել 30 օրից ավել առանց որեւէ ժամկետի սահմանափակման, ինչը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել մի շարք բացասական հետեւանքների: Մասնավորապես, թափոնների երկարաժամկետ պահեստավորման դեպքում կարող են առաջանալ լուրջ վտանգներ, օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտում (վտանգավոր քիմիական նյութերի, ծանր մետաղների եւ այլ թունավոր նյութերի արտահոսք), հրդեհների եւ պայթյունների մեծ ռիսկ, մարդու առողջության համար վտանգներ (վարակիչ հիվանդությունների եւ բակտերիաների տարածում, շնչառական հիվանդություններ, թունավորումներ եւ այլ առողջական խնդիրներ), մթնոլորտային աղտոտվածության բարձրացում (վնասակար գազերի արտանետում) եւ այլն: Շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պաշտպանության ապահովման տեսանկյունից, կարծում ենք, որ թափոնների ժամանակավոր պահեստավորման համար պետք է սահմանել առավելագույն ժամկետ, իսկ ժամկետի փոփոխության կամ երկարացման դեպքում հաշվի առնել թափոնի բնույթը, վնասակարության աստիճանը, ֆիզիկական եւ քիմիական հատկությունները, եւ դրա հետագա անվտանգ օգտահանման կամ հեռացման հնարավորությունները, բացի այդ, յուրաքանչյուր երկարացում պետք է հիմնավորվի եւ կարգավորվի օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով՝ պահպանելով անվտանգության բոլոր չափանիշները եւ նվազեցնելով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք թափոնների ժամանակավոր պահեստավորման ժամկետին վերաբերող դրույթը վերանայել: Եզրահանգում Նախագծերի փաթեթում ներառված «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, մեր կարծիքով, շրջակա միջավայրի պահպանման եւ առողջապահական տեսանկյունից քննարկման եւ լրամշակման կարիք ունի՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 21.08.2025թ.
|