ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1138-20.08.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-1138-20.08.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը առ այն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

2. Առաջարկում ենք Նախագծում ապահովել հոդվածների համարակալման ճիշտ հաջորդականությունը, քանզի առկա է երկու 2-րդ հոդված:

3. Նախագծի 2-րդ (ըստ ճիշտ հաջորդականության 3-րդ) հոդվածով նախատեսվում է, որ Նախագիծը գործելու է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Գտնում ենք, որ այս կարգավորումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանզի Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, ներկայացվել է Նախագծով նախատեսվող կարգավորումների նպատակահարմարությունը, սակայն անդրադարձ չի կատարվել գործողության ժամկետի սահմանափակման նպատակներին եւ դրույթների ժամանակավոր լինելու պատճառներին: Ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծին կից  ներկայացված հիմնավորումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.08.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

29.08.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչեւ 2.5%-ի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին եւ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից: Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.09.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել փոփոխություն եւ լրացումներ: 

Մասնավորապես,  Նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ, որի համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կնվազեցվի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տարրական, հիմնական, միջնակարգ, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին եւ պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների եւ (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 2.5 տոկոսը: 

Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել համապատասխան  փոփոխություն, իսկ Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում՝ լրացում եւ այլն:

Նախագծի վերաբերյալ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում:

Նախագծի 3-րդ հոդվածի (ըստ Նախագծի՝ «Հոդված 2.») համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ նշվում է, որ հայաստանյան ԲՈւՀ-երի համար նվիրատվությունները կարեւոր դեր ունեն եւ նպաստում են ինչպես գույքային բազայի համալրմանը, այնպես էլ լսարանների վերանորոգմանն ու կահավորմանը, լաբորատորիաների ստեղծմանը, բարձրարժեք թվային ծրագրերի հասանելիությանը եւ ուսման որակի բարելավմանն ուղղված այլ ակտիվների ձեռքբերմանը։ 

Նախագծի ընդունման նպատակը, ըստ Հիմնավորման, կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն (գիտություն)–բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաեւ պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը:

Հաշվի առնելով Նախագծի ընդունման նպատակը եւ կարեւորությունը, ինչպես նաեւ Հիմնավորման մեջ նշված միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ «...որը փաստում է, որ  բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը:...» կարծում ենք, Նախագծի 3-րդ հոդվածը (ըստ Նախագծի՝ «Հոդված 2.») լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ  վերջինիս վերաբերյալ Հիմնավորման մեջ որեւէ անդրադարձ կատարված չէ, թե ինչո՞վ է պայմանավորված  սույն օրենքի գործողության համար սահմանափակ ժամկետ նախատեսելը: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

22.08.2025թ.