ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1157-29.09.2025-ԳԿ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11571 -29.09.2025-ԳԿ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11572 -29.09.2025-ԳԿ-011/0) եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-11573 -29.09.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1157-29.09.2025-ԳԿ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11571 -29.09.2025-ԳԿ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11572 -29.09.2025-ԳԿ-011/0) եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-11573 -29.09.2025-ԳԿ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 1.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսվում է «պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հուշարձան)» բառերը: 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ» երկար արտահայտության համար արդեն իսկ սահմանված է կիրառության կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ հուշարձան)»: Ուստի Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1.1-ին  հոդվածի 1-ին մասի 1-ի  կետում միեւնույն հասկացության համար կիրառության կրճատ տարբերակի սահմանման անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում սահմանվում է. «Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի: Գրավոր ծանուցման մեջ նշվում են գույքի հատուցմամբ օտարման առաջարկվող գինը եւ այլ պայմանները, իսկ ծանուցմանը կից ներկայացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված առնվազն երեք գնահատման հաշվետվություն, որոնք պետք է տրված լինեն գրավոր ծանուցումը կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ: Լիազորված մարմինը ծանուցումը ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սեփականատիրոջը ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ: Եթե պետությունը հրաժարվում է ձեռք բերել գույքը, ապա Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում սեփականատերն իրավունք ունի գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարել այլ անձի՝ պայմանով, որ փաստացի օտարման գինը պակաս չէ պետությանն առաջարկված գնից, իսկ պայմանագրի այլ պայմանները համապատասխանում են պետությանն առաջարկված պայմաններին:»: 

Նշված իրավադրույթում, կարծում ենք՝ խնդրահարույց է Կառավարության համաձայնության անհրաժեշտությունը սեփականատիրոջ կողմից գույքն այլ անձի օտարելու համար, եթե Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում ձեռքբերման իր նախապատվության իրավունքից եւ հրաժարվում է ձեռք բերել գույքը, ինչի մասին Լիազորված մարմինը ծանուցում է սեփականատիրոջը:

Սահմանադրության 60-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքը՝ ամրագրելով՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը կազմում է սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը՝ ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որեւէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը: Միաժամանակ Սահմանադրությունը նախատեսում է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով (Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մաս): Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքների ապահովման հարցում հանրային իշխանության պոզիտիվ պարտականությանը, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ այն ներառում է հետեւյալը. 

առաջին՝ առանց որեւէ խտրականության ճանաչել եւ պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսեւորման ձեւերի, 

երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման եւ տնօրինման, ինչպես նաեւ սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացման եւ հավասար իրավական պաշտպանության համար, 

երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը, 

չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու եւ նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը: 

Վերոգրյալի հիման վրա նշենք, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի կարգավորումների եւ նրանց վերաբերյալ արտահայտված Սահմանադրական դատարանի մեկնաբանությունների համատեքստում Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում Կառավարության համաձայնության անհարժեշտությունը սահմանող կարգավորումը կարող է խնդրահարույց լինել սեփականության իրավունքի երաշխավորման տեսանկյունից, քանզի սեփականատերն իրավասու է իր հայեցողությամբ ազատ օգտագործել, տիրապետել, տնօրինել (այդ թվում օտարել) իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը, ինչի պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտականությունն է՝ Սահմանադրությամբ երաշխավորվող, եւ դրա սահմանափակման հիմքերը, կարգը նույնպես սահմանադրաիրավական մակարդակում ամրագրված են: Ուստի ձեռքբերման նախապատվության իրավունքից Հայաստանի Հանրապետության չօգտվելու եւ գույքը գնելուց հրաժարվելու դեպքում սեփականատերն ունի Սահմանադրությամբ երաշխավորվող սեփականության իրավունքի իրացման ազատություն՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն իր հայեցողությամբ անարգել եւ ազատ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Այս դեպքում Կառավարության համաձայնության անհրաժեշտության պահանջը կարող է դիտվել սեփականության իրավունքի իրացման անհիմն սահմանափակում եւ պետության կողմից վերջինիս անթույլատրելի միջամտություն:  Ելնելով վերոգրյալից՝  առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում սահմանված Կառավարության համաձայնության պահանջը՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի տեսանկյունից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող 6-րդ եւ 8-րդ մասերում սահմանված կարգավորումներին:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում «պարբերությունով» բառն առաջարկում ենք փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

5. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

6. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին  հոդվածում օրենքի հերթական համար փոխարինել «Հ.Ն-0333-1» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հերթական համարը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 60-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

16.10.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

16.10.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների, մասնավորապես՝ պաշտամունքային կառույցների, այլ սուբյեկտնտերի օտարման իրավահարաբերությունները: Մասնավորապես, առաջարկվում է այդպիսի գույքի օտարման դեպքում սահմանել Հայաստանի Հանրապետության կողմից ձեռքբերման նախապատվության իրավունք, որը մի կողմից կերաշխավորի անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից՝ պետության հնարավորությունը ձեռք բերելու պետության կամ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող գույքը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.10.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելով նաեւ հարակից՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներում: Ներկայացվող Նախագծերի փաթեթը պայմանավորված է պետության եւ հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող հուշարձանների, պաշտամունքային կառույցների՝ այլ սուբյեկտների օտարման իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Համաձայն Օրենքի, հուշարձանների պետական ցուցակները իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու եւ պետության կողմից պահպանության վերցնելու համար (անկախ սեփականության ձեւից), որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ: Նույն օրենքում սահմանվում է նաեւ ՀՀ պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման: Մինչդեռ, օտարման մասով սահմանափակումներ նախատեսված են միայն պետական սեփականություն հանդիսացող որոշ հուշարձանների վերաբերյալ:

Խնդրի ռիսկայնությունը պայմանավորված է նրանով, որ պետության եւ հասարակության համար որոշակի արժեք ներկայացնող, պահպանության, զարգացման նպատակով ստեղծված եւ հաշվառված հուշարձանը կարող է առանց որեւէ ընթացակարգային սահմանափակման օտարվել ցանկացած սուբյեկտի:

Հաշվի առնելով պաշտամունքային կառույցների առանձնահատկությունները եւ դրանց ինքնատիպությունը՝ հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով, առավել նպատակահարմար է համարվում, որ կառույցները գտնվեն համապատասխան կրոնական կազմակերպությունների ներքո, իսկ օտարման դեպքում ապահովվի կառավարության առաջնահերթության սկզբունքը: Այնուհետեւ, որպես կարգավորում, հեղինակներն առաջարկում են գույքի օտարման դեպքում նախատեսել Հայաստանի Հանրապետության կողմից  ձեռքբերման նախապատվության իրավունքը: Դրանով, ըստ հեղինակների, կերաշխավորվի, մի կողմից, անշարժ գույքի սեփականատիրոջ՝ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, մյուս կողմից՝ պետության հնարավորությունը՝ ձեռք բերելու պետության կամ հասարակության համար արժեք ներկայացնող գույքը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

03.10.2025թ.