ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1158-30.09.2025-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11581 -30.09.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1158-30.09.2025-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11581 -30.09.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք)  լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

2. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պետական տուրքից ազատվում են այն անձինք, որոնք տարանցման գործառնությունների իրականացման համար ներկայացրել են նախնական տեղեկատվություն` տարանցման հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ կազմով»: Հետեւաբար առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1.1-ին մասում:

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվում են: 

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ համապարփակ անդրադարձ է կատարվել այս փոփոխությանը, նշվել է, որ այս փոփոխության արդյունքում պետական տուրք վճարողների ֆինանսական բեռը չի ավելանում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով վերացվում է նրանց կողմից ներկայումս վճարվող այլ պետական տուրք, որը սահմանված է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Այսինքն՝ այս դրույթը սահմանում է ժամկետ՝ ելնելով դրույքաչափի բարձրացման փաստից առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ դրույքաչափի բարձրացման հետ միաժամանակ ֆինանսական բեռը կարող է չփոխվել:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ առկա է խնդիր Նախագծի 2-րդ հոդվածում նշված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետի հետ կապված: Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածով որպես դրա ուժի մեջ մտնելու ժամկետ՝ նշված է պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկը: Մինչդեռ՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով հստակ նշված է, որ ժամկետը պետք է սկսի հոսել համապատասխան օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Հարկային տարվա սկիզբը որպես դրույթի գործելու սկիզբ սահմանելը, Օրենսգրքի համաձայն, պարտադիր պայման է: Ինչից բխում է, որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետը հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորմանը, քանի որ չի պահպանվում դրանով նշված ուժի մեջ մտնելու նվազագույն ժամկետը: Այս դեպքում Նախագծի ուժի մեջ մտնելու հնարավոր ամենավաղ ժամկետը 2027 թվականի հարկային տարվա սկիզբն է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի հարկային տարվա սկզբի դեպքում հարկային տարվա սկզբին նախորդող առնվազն յոթամսյա ժամկետի պահանջը հնարավոր չէ պահպանել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելիս հաշվի առնել Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.10.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.10.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

1) հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետական տուրքի վճարումները` անցակետերում անհարկի կուտակումներ չառաջացնելու նպատակով,

2) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, վերջինիս համապատասխան 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարել լրացում եւ փոփոխություն, իսկ 5-րդ կետով սահմանված դրույքաչափերը վերանայել, քանի որ ըստ էության 4-րդ կետի շրջանակներում պետական տուրք վճարողները միեւնույն է ներկայացնում են ապրանքների հայտարարագիր եւ 5-րդ կետի շրջանակներում վճարում են պետական տուրք,

3) ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն, եւ բացի այդ՝ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է, 

4) սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից: Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.10.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցման եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, պետական տուրքի վճարումը պետական սահմանի անցման կետերում կատարելու պահանջն առաջացնում է անհարկի կուտակումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի եւ պետական տուրքի վճարումները. 

- ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն, եւ բացի այդ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է. 

- սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից: Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

13.10.2025թ.