ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1162-02.10.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1162-02.10.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունը: Հարկ է նկատել, որ Օրենքի 4-րդ հոդվածը չունի 1-ին մաս, այն բաղկացած է միայն չհամարակալված պարբերություններից, ինչի արդյունքում հստակ չե, թե որ պարբերությանն է հղում կատարվում Նախագծի 1-ին հոդվածով: Հետեւաբար՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք հղումները կատարել հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ ավելի հստակ նշել, թե որ պարբերությունն է ուժը կորցրած ճանաչվում, այն է՝ Օրենքի 4-րդ հոդվածի չհամարակալված 13-րդ պարբերությունը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածով որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ը: Համապատասխան ժամկետ սահմանելիս առաջարկում ենք հաշվի առնել Նախագծի ընդունման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի՝ Ազգային ժողովի նիստի օրակարգում ընգրկվելու արդյունքում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված իրավական փորձաքննություն իրականացնելու 21-օրյա ժամկետը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.10.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

17.10.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները հանել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.10.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Ներկայումս Օրենքով սահմանված է «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» հասկացությունը, որն Օրենքին համապատասխան՝ Ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն է (այսուհետ՝ ՊՈԱԿ): 

Օրենքի համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները (մասնավորապես՝ տեխնիկական քննության, ինչպես նաեւ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը) կարող են իրականացնել նաեւ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):

Նշենք, որ գործող օրենսդրական կարգավորումներով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝

  • ՆԳՆ եւ ՊՈԱԿ-ի գործառույթները հստակ տարանջատված չեն,
  • ՊՈԱԿ-ի եւ հավատարմագրված անձանց գործառույթները կրկնվող են,
  • առկա են մրցակցային անհավասար պայմաններ:

Արդյունքում, գործող կարգավորումներով ՆԳՆ-ն, որպես ոլորտի լիազոր մարմին, չի կարողանում արդյունավետ կերպով իրականացնել տվյալ ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման իր գործառույթները, ինչը խոչընդոտում է առկա ոլորտային խնդիրներին լիարժեք եւ պատշաճ կերպով տիրապետելուն, համապատասխան ռազմավարության եւ տեխնածին վթարների, այդ թվում՝ արտադրական պատահարների կանխարգելմանն ուղղված իրավական ակտերի՝ խնդիրների համակողմանի վերլուծության հիման վրա մշակմանը:

Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել լուծարելու ՊՈԱԿ-ը՝ միաժամանակ ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները ընդհանրապես հանելով Օրենքից՝ հաշվի առնելով, որ այդպիսիք միեւնույն է՝ ենթակա են իրականացման ոլորտի քաղաքականության պատասխանատու ՆԳՆ կողմից, իսկ գիտահետազոտական եւ կրթական բաղադրիչի մասով՝ կարող են իրացվել ՆԳՆ կրթահամալիրի գործունեության շրջանակներում:

Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ ՊՈԱԿ-ի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները հանել Օրենքից:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւէ հիշատակում չկա, թե ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում քանի՞ աշխատող է գործազուրկ դառնալու եւ արդյո՞ք նախատեսվում է ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում աշխատանքից զրկված աշխատակիցներին աշխատանքի ընդունել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներում:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 

                         Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

09.10.2025թ.