ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.1-13.11.2025-ԱռՀ-011/0) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.2-13.11.2025-ԱռՀ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.3-13.11.2025-ԱռՀ-011/0), «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.4-13.11.2025-ԱռՀ-011/0), «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.5-13.11.2025-ԱռՀ-011/0), «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.6-13.11.2025-ԱռՀ-011/0) , «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.7-13.11.2025-ԱռՀ-011/0) , «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.8-13.11.2025-ԱռՀ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.9-13.11.2025-ԱռՀ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.10-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.11-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.12-13.11.2025-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.13-13.11.2025-ԱռՀ-011/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.14-13.11.2025-ԱռՀ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.15-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.16-13.11.2025-ԱռՀ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.17-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.18-13.11.2025-ԱռՀ-011/0), ««Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.19-13.11.2025-ԱռՀ-011/0),  «Հաշտարարության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.20-13.11.2025-ԱռՀ-011/0), «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.21.18-13.11.2025-ԱռՀ-011/0),
«Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1189.22.18-13.11.2025-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.1-13.11.2025-ԱռՀ-011/0) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.2-13.11.2025-ԱռՀ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.3-13.11.2025-ԱռՀ-011/0), «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.4-13.11.2025-ԱռՀ-011/0), «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.5-13.11.2025-ԱռՀ-011/0), «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.6-13.11.2025-ԱռՀ-011/0) , «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.7-13.11.2025-ԱռՀ-011/0) , «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.8-13.11.2025-ԱռՀ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.9-13.11.2025-ԱռՀ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.10-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.11-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.12-13.11.2025-ԱռՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.13-13.11.2025-ԱռՀ-011/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.14-13.11.2025-ԱռՀ-011/0), «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.15-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.16-13.11.2025-ԱռՀ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգաիծըճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.17-13.11.2025-ԱռՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.18-13.11.2025-ԱռՀ-011/0), «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.19-13.11.2025-ԱռՀ-011/0),  «Հաշտարարության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.20-13.11.2025-ԱռՀ-011/0), «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.21.18-13.11.2025-ԱռՀ-011/0),
«Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1189.22.18-13.11.2025-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) նախաբանում նախատեսվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի անվանման կրճատ տարբերակը՝ «(այսուհետ՝ Օրենք)»՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի՝ «4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»։ Առաջարկում ենք, վերջինս հիմք ընդունելով, Նախագծում կիրառել նախատեսված կրճատ տարբերակը «սույն օրենք» ձեւակերպման փոխարեն։

Սույն դիտարկումը վերաբերելի է Նախագծում նախատեսվող այլ կրճատ տարբերակների կիրառությանը եւս:

2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»։ Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծի ողջ փաթեթում սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքերի անվանումները հիշատակելիս, ինչպես օրինակ  Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ, 27-րդ կետերում, 15-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ այլն։

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»։ Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծի 1-ին հոդվածում, որի 2-րդ մասը, բովանդակելով Նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառվող օրենսդրության վերաբերյալ կարգավորում, չի համապատասխանում «Օրենքի կարգավորման առարկան» վերնագրին։

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրացիների նկատմամբ՝ օրենքով նախատեսված կարգով: Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների եւ նրանց ընտանիքների անդամների վրա, որոնց առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:», առավել համապատասխան է 1-ին հոդվածի վերնագրին եւ առաջարկում ենք այն ընդգրկել 1-ին հոդվածում։

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»։ Առաջարկում ենք այս կանոնը պահպանել ողջ Նախագծերի փաթեթում, քանզի բազմաթիվ հասկացություններ եւ արտահայտություններ կիրառվում են տարբեր ձեւակերպումներով, ինչպես օրինակ «Հոգաբարձուների խորհուրդ», «ֆինանսների բնագավառում  պետական կառավարման լիազոր մարմինը» եւ այլն։

5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»։ Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել Նախագծերի փաթեթի մի շարք հոդվածներում եւ հանել ավելորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը, ինչպես օրինակ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 27-րդ հոդվածի 1-ին մասում, 37-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ այլն։

6. Նախագծերի փաթեթի մի շարք հոդվածներում առկա է հոդվածների, մասերի եւ կետերի սխալ համարակալման, համարների բացթողման կամ ավելորդ համարի նշման խնդիր, ինչպես օրինակ Նախագծի 14-րդ հոդվածի մասերի համարկալման մեջ, 15-րդ հոդվածի 15-րդ մասում, 29-րդ հոդվածի 2-րդ մասում, 45-րդ հոդվածում, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում եւ այլն, որոնք առաջարկում ենք շտկել։

7. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են նաեւ, երբ ապահովագրված անձը Լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջներին եւ կարգին համապատասխան՝  (…) 2) առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվել են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավվող ցուցանիշներ՝ մարմնի զանգվածի կամ ծխելու կամ ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու հետ կապված:»։ 

Ցանկանում ենք նշել, որ սույն մասում կիրառվող հասկացությունները խիստ գնահատողական են։ Թեեւ Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսվող կարագավորումը իր բնույթով չի ենթադրում իրավունքի սահմանափակում, ուստիեւ չի գտնվում Սահմանադրության 79-րդ հոդվածի «խիստ վերահսկողության» տակ, այնուամենայնիվ վերջինս որոշակի խումբ սուբյեկտների արտոնություն է տրամադրելու եւ որպեսզի այդպիսի արտոնությունը չհակադարձի Սահմանադրության մեկ այլ՝ իրավահավասարության սկզբունքին, առաջարկում ենք այս կարգավորումը վերանայել եւ նախատեսել այնպիսի չափանիշներ, որոնք իրենց բնույթով որոշակի են, կանխատեսելի եւ իրագործելի Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող խմբերում ընդգրկված բոլոր ապահովագրված անձանց կողմից։

8. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էՀիմնադրամի կողմից ապահովագրական հատուցումը նվազեցնելու կամ մերժելու հնարավոր դեպքերը, որոնք քննարկման կարիք ունեն. նախ նշենք, որ 1-ին մասը նախատեսելով ապահովագրական դեպքի առաջացումը ապահովագրված անձի դիտավորությամբ կատարված գործողության արդյունք լինելը, բաց է թողնում դիտավորյալ պասիվ վարքագիծ դրսեւորելու եւ անգործությամբ ապահովագրական դեպք առաջացնելու հնարավորությունը։
Նույն մասի 3-րդ կետը հնարավոր է դարձնում մերժել հատուցման վճարումը կամ այն նվազեցնել, եթե առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու՝ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր: Հաշվի առնելով այդ պայմանագրի՝ Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվող բնույթը, եւ նրա կնքման գործընթացում ապահովագրված անձի ներգրավածության մակարդակը՝ առաջարկում ենք ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու բոլոր հիմքերը նախատեսել Նախագծում սպառիչ ցանկով, ինչը կերաշխավորի ապահովագրված անձանց համար ապահովագրական փաթեթից օգտվելիս կիրառելի օրենսդրական կարգավորումների կանխատեսումը, իրացնել Նախագծով նախատեսվող իրենց իրավունքների իրացումը։

9. Նախագծի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հիմնադրամը ստեղծվում է եւ դրա կանոնադրությունը հաստատվում է Կառավարության որոշմամբ: Միեւնույն ժամանակ 30-րդ հոդվածի 6-րդ մասը, Հոգաբարձուների խորհրդի լիազորությունները թվարկելիս նշում է Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ Կառավարության որոշմամբ կարգավորված իրավահարաբերությունը ենթակա է փոփոխման եւ նորովի կարգավորման այլ մարմնի կողմից։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:»։ Արձանագրելով, որ Նախագծի 27-րդ եւ 30-րդ հոդվածներում առկա են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի տեսանկյունից խնդրահարույց նորմեր, առաջարկում ենք դրանք վերանայել՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Հիմնադրամի կանոնադրությամբ է հաստատվում Հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանաջները, ինչը առավել ռիսկային է դարձնում նույն անձանց կողմից Կանոնադրության փոփոխման ենթակա լինելու հանգամանքը։

10. Նախագծի 45-րդ հոդվածի վերնագիրը առաջարկում ենք ձեւակերպել «Եզրափակիչ մաս» տեսքով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի տերմինաբանությունից։

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ գլխի վերնագրին։

11. Նախագծի 45-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումները՝ հոդվածի մասերի եւ կետերի համարակալման կանոնների մասին եւ այն կիրառել միասնական մոտեցմամբ։

12. Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածին՝ անորոշ թողնելով ապահովագրավճարի վճարման պարտականության ծագման ժամկետի որոշումը։ Առաջարկում ենք այն շտկել։
Միաժամանակ նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը որոշակի վերապահումներ է նախատեսում նոր տեսակի վճար նախատեսող օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ, որն առաջարկում ենք պահպանել Նախագծում, մասնավորապես՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, (…) նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից։»

13. Նախագծերի փաթեթում կիրառվող «ենթաօրենսդրական ակտերն» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

14. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում:» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ։

15. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ մասում ձեռնպահ մնալ հապավման կիրառումից, քանի որ այն հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին։ Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 13-րդ մասով արդեն իսկ նախատեսված է «կառավարություն» կրճատ ձեւակերպումը։

16. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածում «օրենսգրքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» կրճատ անվանումը։

17. Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, ոչ հստակ ձեւակերպումներ, դասական թվակնների գրության սխալներ, շարադասական սխալներ, լեզվական անճշտություններ, անհարկի մեծատառերի եւ չակերտների օգտագործումներ, որոնք շտկման կարիք ունեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի պահանջներին:

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն իր ծավալի, անհետաձգելի համարվելու եւ Ազգային ժողովի Առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու հետեւանքով փորձաքննության է ենթարկվել հիմնականում իրավական տեխնիկայի տեսանկյունից, բացակայել է ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության  գործոնով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

28.11.2025թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

28.11.2025թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման եւ գործարկման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանելով ապահովագրված անձանց, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներգրավված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, ապահովագրական փաթեթի ծառայությունները, ապահովագրավճարի չափը եւ դրա վճարման կարգը, պայմանները, չապահովագրված անձանց՝ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման երաշխիքները, Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի գործունեությանը ներկայացվող պահանջները, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ստեղծման կարգը եւ գործառույթների շրջանակը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները, ապահովագրված անձանց կողմից ներկայացվող բողոքների քննության եւ լուծման կարգը, ինչպես նաեւ կարգավորում է առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված այլ հարաբերություններ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները՝ Փաթեթում ընդգրկված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ: 

1. Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հիմնադրամի բյուջեն հաստատվում է մինչեւ բյուջետային տարվան նախորդող տարվա նոյեմբերի 15-ը: Փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. «Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության հետ համաձայնեցված՝ հաստատված հիմնադրամի բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:»: Այսինքն, վերջինիս եւ Նախագծի նշված հոդվածների միջեւ ժամկետների առումով առկա է անհամապատասխանության: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տրամաբանության համաձայն, Հիմնադրամի բյուջեն պետք է բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ հաստատված լինի, որպեսզի Կառավարությունը հնարավորություն ունենա պետական բյուջեի նախագծի հետ միասին այն ներկայացնել Ազգային ժողով: Այս առումով, առաջարկում ենք Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող ժամկետների հետ:

Բացի այդ, Նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ Հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է մինչեւ բյուջեի հաստատումը բյուջետային գործընթացի իրականացման ընթացակարգերին համապատասխան ժամկետներում բյուջեի նախագիծը համաձայնեցնել կառավարության հետ: Կարծում ենք, անհրաժեշտ է նաեւ նախատեսել կարգավորումներ այն հնարավոր դեպքերի (թեկուզ՝ տեսական) համար, երբ Հիմնադրամի եւ Կառավարության միջեւ բյուջեի հետ կապված համաձայնեցում տեղի չի ունենում:

2. Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ. «Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության հետ համաձայնեցված՝ հաստատված հիմնադրամի բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ», այդուհանդերձ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 16-րդ՝ «Պետական բյուջեի նախագծի կառուցվածքը եւ բովանդակությունը» վետառությամբ հոդվածում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի բյուջեի նախագծի մասին հիշատակում չկա (ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագրի եւ ծախսերի նախահաշվի): Այս առումով, կարծում ենք, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 16-րդ հոդվածում պետք է կատարել համապատասխան լրացում՝ ներկայացվող փաստաթղթերի ցանկում ավելացնելով նաեւ Հիմնադրամի բյուջեն:

3. Նախագծի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Լիազոր մարմինը Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում ներկայացնում է Հիմնադրամի նախորդ տարվա կատարողականի վերաբերյալ զեկույցը (ներառելով ֆինանսական եւ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ) եւ հաջորդ տարվա համար սույն օրենքի 7-ից 11րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ ընդգրկելով շահառուների, ապահովագրավճարի չափի, ապահովագրական փաթեթի, շահառուների պետական բյուջեի հաշվին սուբսիդավորման, ինչպես նաեւ պահուստային ֆոնդի՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

ա) յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարությունը, որը ներառում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները,

բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչեւ երեսնական րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Կառավարության մինչեւ երեք ներկայացուցիչ,

գ) «Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում» ձեւակերպումը խիստ անորոշ է եւ հասկանալի չէ՝ խոսքը վերաբերում է մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին, թե՞ Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը,

դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ ՀՀ այլ օրենքներով «Լիազոր մարմնի կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում» օրենքի նախագծի ներկայացման ընթացակարգ նախատեսված չէ: Ավելին, ՀՀ Սահմանադրությամբ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն միայն պատգամավորը, խմբակցությունը եւ Կառավարությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակ ամրագրել Հիմնադրամի բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացման մասին դրույթները՝ հաշվի առնելով գործող բյուջետային համակարգի կարգավորումները, առավել եւս, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման նկատմամբ, իսկ Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսավորումը՝ իր պարտավորությունների մասով ապահովագրավճարների վճարումները կատարելու միջոցով, ինչպես նաեւ առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց նվազագույն ծավալների եւ լրացուցիչ ծառայությունների դիմաց փաստացի հատուցելու միջոցով:

Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.11.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մասնավորապես ակնկալվում է՝

- Ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը.

- Բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, ինչպես նաեւ դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորություններ.

- Ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը.

- Բարելավել բնակչության առողջության՝ ներառյալ հիվանդացության, մահացության եւ այլ ցուցանիշները, նպաստել կյանքի տեւողության ավելացմանը.

- Հասնել առողջապահության ֆինանսավորման համակարգի միջնաժամկետ եւ երկարաժամկետ արդյունավետության բարձրացման եւ այլն: 

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում օգտագործվում է «Կառավարության կողմից նախատեսված վիճակով կամ կարգավիճակով» արտահայտությունը, Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասը ի լրումն նվազագույն ծավալում ներառված ծառայությունների, չապահովագրված անձանց լրացուցիչ ծառայությունների տրամադրումը պայմանավորում է «միայն որոշակի կարգավիճակ ունենալու» հետ, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքից էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «վիճակ» եւ «կարգավիճակ» բառերն ունեն նույն իմաստը: Բացի վերոնշյալից, Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում եւ հետագա տեքստում «…հիվանդությունների եւ վիճակների կանխարգելման» բառակապակցությունը եւս տարընթերցման տեղիք է տալիս:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք տալ «վիճակ» հասկացության սահմանումը եւ կատարել համապատասխան շտկումներ Նախագծի ողջ տեքստում (հաշվի առնելով կարգավորումների բովանդակային առանձնահատկությունները). 

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական դեպք է համարվում բացառապես առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամի) հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին  կամ դեղատուն դիմելը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովագրական դեպք չեն հանդիսանում՝ «1) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելը՝ բացառությամբ...»:

Վերոգրյալից հետեւում է, որ ապահովագրված անձը պետք է դիմի միայն Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին կամ դեղատանը, որպեսզի օգտվի ապահովագրական փաթեթում ներառված ծառայություններից: Այսինքն, սահմանափակվում է անձանց ազատ ընտրության իրավունքը դիմել այն բժշկական կազմակերպություններին, որոնց մատուցած ծառայություններից ցանկանում են օգտվել, քանի որ վերջիններիս չի տրվել ապահովագրական սպասարկման հնարավորություն: Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի ընտրելու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին եւ բուժաշխատողին:

Վերը նշված դրույթների բովանդակությունից ենթադրվում է, որ  պայմանագրերը կնքվելու են սահմանափակ թվով բժշկական կազմակերպությունների եւ դեղատների միջեւ, ինչը, մեր կարծիքով, կարող է նպաստել կոռուպցիոն գործարքների եւ բացի այդ, կարող է խնդիրներ /դժվարություններ առաջացնել ապահովագրված անձանց համար, քանի որ չենք կարող բացառել, որ օրինակ մի գյուղական կամ հեռավոր համայնքում չգործի այնպիսի բժշկական կազմակերպություն կամ դեղատուն, որն ունի Հիմնադրամի հետ կնքած պայմանագիր, եւ ապահովագրված անձը փաստացի կզրկվի ապահովագրական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու հնարավորությունից եւ ստիպված կլինի գնալ մեկ այլ համայնք, որպեսզի օգտվի այդ ծառայությունից, կամ դիմել ապահովագրական փաթեթում չընդգրկված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին՝ սեփական միջոցների հաշվին. 

3. Նախագծի 5-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Բացառությամբ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի համապատասխան ծառայության թողունակության սահմանափակության դեպքում ապահովագրված անձանց համար կարող է կիրառվել հերթագրում ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով՝ Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով»: 

Կարծում ենք, որ սահմանված ժամկետը, առողջական որոշ խնդիրների եւ հիվանդությունների (որոնք շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում չեն ենթադրում, սակայն բուժման ուշացումը կարող է ստեղծել որոշակի խնդիրներ) դեպքում կարող է հանգեցնել առողջապահական ռիսկերի՝ կապված հիվանդությունների լուրջ բարդացումների եւ բուժման ծախսերի աճի հետ: 

Առաջարկում ենք դիտարկել նշված ժամկետի կրճատման հնարավորությունը:

4. Կարծում ենք, տարընթերցումներից խուսափելու նպատակով, հստակեցման եւ բացատրության կարիք ունի Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի՝ «…գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ» բառակապակցությունը. 

5. Անհրաժեշտ է Նախագծի 10-րդ հոդվածի վերնագրում, հոդվածի տեքստում ինչպես նաեւ Նախագծի այլ համապատասխան հոդվածներում «հատուցում»  բառը փոխարինել «փոխհատուցում» բառով («Դեղերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահառուներին պետության կողմից իրականացվող առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակում դեղերով ապահովումը եւ նրանց համար դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, որոնց իրականացումը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաեւ դեղերի գների պետական կարգավորումը եւ հսկումը:») 

6. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրվում են առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերը, մինչդեռ, վերոհիշյալ խմբերում չեն ներառվում «…փախստականները եւ ապաստան հայցողները…»: Այս կապակցությամբ նշենք, որ 2023 թվականից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել Արցախից բռնի տեղահանված եւ փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցները:

7. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 

«2. Առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկը   իրականացվում է հիմք ընդունելով՝

1) ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունները, դեղերը եւ բժշկական պարագաները, դրանց գները.

2) ապահովագրական փաթեթի շրջանակում հատուցման ենթակա բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների, դեղերի եւ բժշկական պարագաների հատուցման պայմանների կանխատեսվող փոփոխությունները.

3) շահառուների քանակի, սեռատարիքային կառուցվածքի եւ դիմելիության կանխատեսվող փոփոխությունները.

4) սպառողական գների ինդեքսի կանխատեսվող փոփոխությունները.

5) Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի ձեւավորման համար անհրաժեշտ գումարի չափը.

6) Հիմնադրամի գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված առողջապահական քաղաքականության այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապահովագրական փաթեթի կառուցվածքի, ծառայությունների գների եւ դրանց հատուցման պայմանների, ինչպես նաեւ շահառուների քանակի, սեռատարիքային կառուցվածքի եւ դիմելիության կանխատեսվող ցուցանիշների վրա:»:

Չնայած այն հանգամանքին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով առաջարկվում է ստեղծել ֆիսկալ տարածք ապահովագրավճարի չափի սուբսիդավորման համար, այնուհանդերձ, առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկն իրականացնելու համար նախատեսված հիմքերից կցանկանայինք առանձնացնել սպառողական գների ինդեքսը կանխատեսող փոփոխությունները:

Նախագծով առողջության համընդհանուր ապահովագրության ամբողջ ֆինանսական բեռը դրվում է աշխատողի վրա, եւ եթե հետագա տարիների համար առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկի դեպքում հաշվի առնվի գնաճը (որի արդյունքում ապահովագրավճարը կբարձրանա), իսկ գնաճի դեպքում աշխատավարձերի համարժեք բարձրացում (աշխատավարձի ինդեքսավորում) չկատարվի, ապա ապահովագրավճարը լրացուցիչ հարկային բեռ կդառնա աշխատողների համար: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց կենսամակարդակի եւ սոցիալական վիճակի վրա:

Այս համատեքստում նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%։[1]

Հետեւաբար, այս իրավիճակում անհրաժեշտ է համաչափ մոտեցում ապահովել  աշխատավարձի աճի եւ ապահովագրավճարի դրույքաչափի միջեւ, որպեսզի աշխատողների սոցիալական վիճակի վատթարացում չառաջանա:

8. Նախագծի 17-րդ հոդվածի բովանդակության հետ կապված կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները.

Մասնավորապես, ըստ վերոհիշյալ հոդվածի բովանդակության, կձեւավորվեն բոնուսային միավորների հավաքագրման եւ օգտագործման ճկուն մեխանիզմներ, որոնք, կարեւոր լինելով առողջ ապրելակերպի խրախուսման համար, միաժամանակ, պարունակում են մի շարք ռիսկեր կառավարման, ֆինանսավորման եւ վերահսկողության հետ կապված:

Ըստ հոդվածի, բոնուսների հաշվարկման եւ գործակիցների կիրառման կարգը հաստատում է Կառավարությունը, սակայն բացակայում են բոնուսների հաշվարկի հստակ բանաձեւերը, գործակիցների չափերը, գնահատման չափորոշիչները, ինչպես նաեւ վերահսկողության մեխանիզմները:

Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ապա առողջ ապրելակերպի ցուցանիշների բարելավումը (քաշի փոփոխություն, ծխելուց կամ ալկոհոլից հրաժարում) գնահատվելու է առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից, ինչը, մեր կարծիքով, կբերի հետեւյալ ռիսկերի՝

- ֆիկտիվ կամ չափազանցված տվյալներ գրանցելու,

- ապահովագրական փաթեթի մեջ չներառված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների փաթեթների «բարելավելու»,

- երրորդ անձից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալու:

9. Նշենք, որ Նախագծի 20-րդ եւ 21-րդ հոդվածներում թվարկված են Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, ինչպես նաեւ Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած դեղատների մի շարք պարտականություններ, որոնց պատշաճ իրականացման համար բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին եւ դեղատներին կպահանջվեն լրացուցիչ մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսներ.

10. Նախագծի  22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Հիմնադրամն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե ապահովագրական դեպքը առաջացել է ապահովագրված անձի դիտավորությամբ կատարված գործողությունների հետեւանքով, մինչդեռ, Նախագծից պարզ չէ, թե ինչպես է ապացուցվելու դիտավորությունը եւ ով է դրա վերաբերյալ որոշում կայացնելու: Նման անորոշ ձեւակերպումը, կարծում ենք, կարող է տարաբնույթ մեկնաբանություների տեղիք տալ, ավելին՝ կարող է հանգեցնել անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքի եւ կամայական որոշումների կայացման, որոնք կարող են վնասել ապահովագրված անձանց իրավունքները: Ուստի, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ ընթացակարգերով եւ ինչ չափորոշիչների հիման վրա է որոշում կայացվելու, որպեսզի բացառվեն չարաշահումները եւ կայացվեն միայն հիմնավորված որոշումներ:

11. Նախագծի 39-րդ հոդվածում նշվում է, որ՝ Հիմնադրամում բողոքը քննում է «դրա Հանձնաժողովում» բողոքների քննության համար ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով).

Առաջարկում ենք վերոնշյալ նախադասությունից հանել  «դրա Հանձնաժողովում» բառերը. 

12. Նախագծի 44-րդ հոդվածի համաձայն. «Հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ապահովագրված ապահովագրված անձի եւ Հիմնադրամի միջեւ ծագած մասնավոր բնույթի այն վեճերով, որոնք բխում են հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրից, նախքան դատարան դիմելը պարտադիր է հաշտարարության իրականացումը»:

Առաջարկում ենք հաշտարարության իրականացումը չսահմանել որպես պարտադիր պահանջ կամ սահմանել չափանիշներ, դեպքեր, ապահովագրված անձանց կողմից ներկայացվող պահանջների տեսակներ/չափեր, որոնց դեպքում միայն հաշտարարությունը կհամարվի պարտադիր.

13. Նախագիծը չի կարգավորում այն հարցը, թե արդյո՞ ք Նախագծի համաձայն ապահովագրված անձինք շարունակելու են հանդիսանալ սոց. փաթեթի շահառու.

14. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության հետ կապված մի շարք կարգավորումներ նախատեսվում է իրականացնել Կառավարության եւ Լիազոր մարմնի կողմից ընդունվելիք իրավական ակտերի միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս հստակ գնահատականներ ձեւավորել ներդրվելիք համակարգի վերաբերյալ: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները եւ առաջարկությունները՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը սոցիալական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝

Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (1235)

Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) (1360) , 

Լ. Մարկոսյան հեռ. (հեռ. 011- 513 235), (1618)

27.11.2025թ.

--------------------------------------------------------------------------------

[1] https://armstat.am/file/article/cpi_10_2025-arm.pdf