ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1219-17.12.2025-ՏՀ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12191 -17.12.2025-ՏՀ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12192 -17.12.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1219-17.12.2025-ՏՀ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12191 -17.12.2025-ՏՀ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12192 -17.12.2025-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ կետով «Հարկային ծառայության մասին» օրենքի 19.1-ին հոդվածում լրացվող 7.1-ին մասի համաձայն. «7.1. Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է առնվազն տարին երկու անգամ: Սույն մասով նախատեսված հարկային ծառայողի կատարողականի գնահատականը հարկային ծառայողի կատարողականի հիմնական ցուցանիշների վրա հիմնված, ինչպես նաեւ հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի համակցված վերլուծությունն է, որի հիման վրա հարկային ծառայողին տրվում է գնահատական: Հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, հարկային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Սույն մասով սահմանված կարգով կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով հարկային մարմնի ղեկավարի  սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում հարկային ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման: Կատարողականի  գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ հարկային մարմնի ղեկավարի  սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը հիմք է հարկային  ծառայողին ծառայությունից ազատելու համար:»: 

Սույն դրույթը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հարկային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային ծառայողի կատարողականի գնահատումը հիմնվում է երկու բաղադրիչի վրա՝ կատարողականի հիմնական ցուցանիշներ եւ հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատական: Նախագծում, ինչպես նաեւ «Հարկային ծառայության մասին» օրենքում բացակայում են որեւէ կարգավորումներ հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի վերաբերյալ: Ուստի հասկանալի չէ՝ հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի բովանդակությունը, գնահատման մեթոդաբանությունը, չափանիշները, բացակայում են երաշխիքները, որոնք սահմանափակում են սուբյեկտիվ եւ կամայական դրսեւորումները, ինչպես նաեւ հարկային ծառայողի կողմից հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի բողոքարկման կարգը, հատկապես այն դեպքում, երբ գնահատման արդյունքները հիմք են հարկային ծառայողին ծառայությունից ազատելու համար: Հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի վերաբերյալ դրույթների բացակայությունը ստեղծում է իրավիճակ, երբ հարկային ծառայողի ծառայողական ճակատագիրը (առաջխաղացում կամ ազատում) կարող է կախված լինել օրենքով չկանոնակարգված, սուբյեկտիվ գնահատականից, ինչը չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին։

Հարկային մարմնի ղեկավար կազմի որակական գնահատականի վերաբերյալ առնվազն նվազագույն կարգավորումները պետք է սահմանվեն օրենքում, որպեսզի ապահովվի գնահատման օբյեկտիվությունը, գործընթացի թափանցիկությունը եւ հարկային ծառայողի իրավունքների պաշտպանությունը, ինչը թույլ կտա հասեատեր սուբյկետներին դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ կետով «Հարկային ծառայության մասին» օրենքի 19.1-ին հոդվածում լրացվող 7.1-ին մասում սահմանված դրույթն իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ կետով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 7.1-ին մասին: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.12.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.12.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) նախատեսվում է հարկային եւ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը, ըստ խմբերի սահմանել հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնները, հարկային եւ մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված նրանց կատարողականի գնահատումն իրականացնել առնվազն տարին երկու անգամ, խմբագրել կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը՝ այդպիսին նախատեսելով միայն օրենքներով սահմանված կարգով պաշտոնի չնշանակվելը կամ հաստիքների կրճատումը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

24.12.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Մաքսային ծառայության մասին» եւ  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում:

Սույն Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը պայմանավորված է վերոգրյալ օրենքների, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում առաջացած խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ կստեղծվի զարգացած եւ կայացած հանրային ծառայության համակարգ՝ պետական համակարգի առջեւ դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիանալիզմով եւ բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձեւավորելու միջոցով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

22.12.2025թ.