ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1220-17.12.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12201 -17.12.2025-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12202 -17.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1220-17.12.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12201 -17.12.2025-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12202 -17.12.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»։

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի վերնագրին։

2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասի համաձայն. «2.1. Վարչական դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում:»: 

 Հարկ ենք համարում նշել, որ մեջբերված դրույթի երկրորդ նախադասությամբ սահմանված իրավակարգավորումը վերաբերելի է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանին, մինչդեռ կիրառված է միայն «Վարչական դատարան» եզրույթը:  Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածում սահմանված իրավադրույթից բխում է, որ «Վարչական դատարան» եզրույթը չի ներառում Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասի երկրորդ նախադասության «վարչական դատարան» եզրույթի կիրառությունը՝ նախատեսվող կարգավորման հասցեատերերի շրջանակը հստակեցնելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասում կիրառված «վարչական դատարան» եզրույթներին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 

07.01.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 

07.01.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է  դատարաններում սահմանել քաղաքացիական եւ վարչական գործերի քննության հստակ ժամկետներ՝ ոչ ավելի, քան վեց ամիս: Միեւնույն ժամանակ, դատարանները միայն պատճառաբանված որոշմամբ կարող են երկարաձգել այս ժամկետները՝ ոչ ավելի, քան երկու անգամ. քաղաքացիական դատավարությունում եռամսյա, իսկ վարչական դատավարությունում վեցամսյա ժամկետներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որը հնարավորություն է տալիս դատարանին նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոքը մերժել, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ անձը  տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը, սակայն այդ  հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

24.12.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից օրենքներում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման («Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 13-րդ հոդվածների տեսանկյունից), արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման, ինչպես նաեւ դատավարական օրենսգրքերը Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-1797 որոշման պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • դատարաններում սահմանել քաղաքացիական եւ վարչական գործերի քննության հստակ ժամկետներ՝ վեց ամիս եւ միայն պատճառաբանված որոշմամբ դատարանները կարող են երկարաձգել ժամկետը ոչ ավելի, քան երկու անգամ` քաղաքացիական դատավարությունում եռամսյա, իսկ վարչական դատավարությունում վեցամսյա ժամկետով,
  • վերացնել գործի (վերաքնիչ բողոքի) քննությունը ընդհատման պահից շարունակելու կամ այն սկզբից սկսելու հարցում դատարանին (վերաքննիչ դատարանին) տրված հայեցողությունը եւ այլն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

22.12.2025թ.