ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1222-18.12.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-1222-18.12.2025-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածում «380.1-ին» թվից առաջ առաջարկում ենք լրացնել «Օրենսգրքի» բառը՝ քննարկվող դրույթը հստակեցնելու նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջից: 2. Նախագծի 4-րդ հոդվածով որպես վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2026 թվականի հունվարի 1-ը: Հատկանշական է, որ այդ ժամկետն արդեն իսկ հոսել է, հետեւաբար առաջարկում ենք սահամնել Նախագծի ուժի մեջ մտնելու նոր ժամկետ, ընդ որում՝ համապատասխան ժամկետ սահմանելիս առաջարկում ենք հաշվի առնել Նախագծի ընդունման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված դիտարկումների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 07.01.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 07.01.2026թ.
Նախագծով նախատեսվում է, որ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ-ը: Միաժամանակ, սահմանվում է, որ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, իսկ վճարային քարտերի միջոցով վճարման դեպքում պարտադիր է նաեւ ոչ էլեկտրոնաին հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Հարկային օրենսգրքի 380?1 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Ընդ որում, էլեկտրոնային կտրոնը ձեւավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սահմանվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու եւ հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով: Պայմանավորված վերը նշվածով, կարծում ենք, որ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից Նախագծով առաջարկվող պահանջի իրականացումը ենթադրում է որոշակի ժամանակատարություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծն առաջարկվում է ընդունման դեպքում ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 1-ից, կարծում ենք, նշված ժամկետը վերանայման կարիք ունի: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումը հաշվի առնելու առումով:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 24.12.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի եւ քաղաքացիների փոխահարաբերությունների կարգավորմամբ: Նախագծով, հեղինակները նախատեսում են Օրենսգրքի 380.1 հոդվածում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, ըստ որոնց՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի ծառայությունների մատուցման դիմաց կատարված վճարման դիմաց գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով: Միեւնույն ժամանակ, սահմանվում է, որ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա պետք է արտացոլվի նաեւ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված` տվյալ ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ, ինչը կապահովի մատուցված ծառայությունների մասին տվյալների պարտադիր մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 24.12.2025թ.
|