ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1221-17.12.2025-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12211 -17.12.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1221-17.12.2025-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12211 -17.12.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվում է «, էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրք, հարկեր» բառերը՝ տարբեր հոլովաձեւերով լրացնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված է. «Տույժեր են համարվում սույն հոդվածով սահմանված այն գումարները, որոնք մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքեր վճարողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերը, ինչպես նաեւ մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում»: Նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում այս լրացումը կատարելը, եթե Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթն ընդհանուր բնույթի է եւ վերաբերում է ցանկացած տեսակի տույժին եւ լրացմամբ նշված «էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրք, հարկեր» դեպքն արդեն իսկ ընդգրկված է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի գործող կարգավորման մեջ, ընդ որում՝ այդ հոդվածով էլեկտրոնային առեւտրի ապրանքների վերաբերյալ առանձին կարգավորումներ Նախագծով չեն սահմանվում, եւ այդ լրացումը կատարվում է Օրենքի 59-րդ հոդվածի միայն 1-ին մասում, չնայած այն հանգամանքին, որ նույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով եւս սահմանվում են ընդհանուր կարգավորումներ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի նկատմամբ հաշվարկված տույժերի վերաբերյալ կարգավորումներ: Կարծում ենք՝ այս դրույթն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածն ունի ընդամենը մեկ կետ, հետեւաբար առաջարկում ենք այդ հոդվածը շարադրել մեկ ընդհանուր նախադասությամբ՝ առանց այն կետի բաժանելու: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի կետերի համարակալմանը, որն ունի շտկման կարիք: 2. Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 287.4-րդ հոդվածի 2-րդ մասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածին հղում կատարելիս առաջարկում ենք «կետով» բառը փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածը բաղկացած է միայն մասերից, ինչպես նաեւ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը: 3. Նախագծի 22-րդ եւ 23-րդ հոդվածների վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 07.01.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 07.01.2026թ.
Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված իրավահարաբերությունների կարգավորմանը: Մասնավորապես, Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը: Մասնավորապես, դրանցից են էլեկտրոնային առեւտրի հայտարարագրի՝ մաքսային մարմնին ներկայացման ժամանակ հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքերի սահմանումը, էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ դրանց բացթողումից հետո առեւտրային նպատակներով օգտագործման դեպքում անձանց պատասխանատվության սահմանումը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի մաքսային կարգավորման հետ կապված այլ հարցեր: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 25.12.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել՝
Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 25.12.2025թ.
|