ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1229-26.12.2025-ՊԻ-011/0) եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12291 -26.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1229-26.12.2025-ՊԻ-011/0) եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12291 -26.12.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի եզրափակիչ մասից առաջ նշված «1)» համարակալումն առաջարկում ենք հանել, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանված եզրափակիչ մասի եւ անցումային դրույթի համարակալումից հետո դրված փակագծերը փոխարինել միջակետերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթից, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:», ինչպես նաեւ նույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված կանոնից, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չկան: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 15.01.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 15.01.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լիազորությունների լայն շրջանակ եւ ինքնուրույն որոշումների կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար (վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, վերջիններիս խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով), նախարարների տեղակալներ) մինչեւ համապատասխան պաշտոնում նշանակելը կամ անմիջապես պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության ուսումնասիրության պարտադիր պահանջի սահմանմանը: Պաշտոնատար անձանց շրջանակի հաշվառմամբ առաջարկվում է Հանձնաժողովին տրամադրել բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու եւ բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ տրամադրելու հնարավորություն: Նախատեսվում է նաեւ, որ վարչապետի, նախարարների եւ փոխվարչապետների, վերջիններիս խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների համար) ինչպես նաեւ նախարարների տեղակալների կողմից պաշտոնի ստանձնման հայտարարագրերը ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, որի արդյունքում կտրամադրվի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն: Ուսումնասիրությունը ներառում է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, վերջիններիս խորհրդականների ( ներառյալ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների համար), նախարարների տեղակալների, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված, առկայության դեպքում, նույն անձանց նախորդ հայտարարագրերի տվյալների հետ: Նախագծերով առաջարկվում է կարգավորել նաեւ այն իրավիճակները, երբ համապատասխան պաշտոնատար անձինք oրենքով սահմանված կարգով ազատված են պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրեր ներկայացնելու պարտականությունից: Նման դեպքերում առաջարկվում է սահմանել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը իրականացվում է նախկինում տրված հայտարարագրերի հիման վրա: Իրականցված բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախատեսվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կտրամադրի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն: Եզրակացությունը ներառելու է անձանց գույքային դրության եւ բարեվարքության համակարգի տարրերի պահպանման տեսանկյունից հնարավոր ռիսկերը եւ դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկությունները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 08.01.2026թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին», ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների եւ նախարարների տեղակալների համար: Միեւնույն ժամանակ, հետեւողականորեն իրականացնելով բարեվարքության ստուգումներ, հնարավոր կլինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն ուղղակիորեն կբարձրացնի հանրային վստահությունը պետական պաշտոնատար անձանց նկատմամբ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 13.01.2026թ.
|