ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1233-29.12.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1233-29.12.2025-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 3-րդ մասից հետո շարադրված մասերի համարակալումն առաջարկում ենք շտկել՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված մասերի համարակալման պահանջներին համապատասխանությունը: Համարակալման խնդիր առկա է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում, որի 1-ին կետը համարակալված է որպես մաս: 2. Նախագծի մի շարք հոդվածներով սահմանվում են նոր պարտականություններ՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտություն պարունակող տեղեկատվություն տարածելուց զերծ մնալու վերաբերյալ, ընդ որում՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 57-րդ հոդվածի 20-րդ մասով այդ արարքը կատարելու համար սահմանվում է նաեւ պատասխանատվություն, այն է՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Նախագծով առաջարկվող վերոնշյալ կարգավորումներն իրավական որոշակիության տեսանկյունից կարող են խնդրահարույց լինել՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտություն» հասկացության օրենսդրական սահմանման բացակայությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ Օրենքում, ինչպես նաեւ Նախագծով որեւէ դրույթ սահմանված չէ արարքը որպես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտություն որակելու վերաբերյալ, որեւէ կերպ բացահայտված չէ վերջինիս բովանդակությունը, ինչ օբյեկտիվ սկզբունքի կամ չափանիշների հիման վրա է որոշվում նման միջամտության առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաեւ՝ ինչ իրավական ակտերով են դրանք սահմանվում։ Արդյունքում սահմանվում է պարտականություն՝ առանց այն իրավական վիճակի բովանդակային բացահայտման, որի առկայության դեպքում այդ պարտականությունը պետք է գործի։ Միաժամանակ դա ստեղծում է կամայական իրավակիրառման ռիսկ՝ շահերի բախման որակումը թողնելով կիրառող մարմինների լայն հայեցողությանը։ Իրավական տեսանկյունից ցանկացած պարտականություն կարող է համարվել իրավաչափ եւ կիրառելի միայն այն դեպքում, երբ դրա հիմքում դրված է հստակ սահմանված իրավական երեւույթ, որը հնարավորություն կտա հասցեատեր սուբյեկտներին դրեւորել համապատասխան վարքագիծ, ինչպես նաեւ կանխատեսել իր կողմից դրեւորված վարքագծի իրավական հետեւանքները։ Հարկ է նշել, որ իրավական որոշակիությունն նպաստում է իրավական արդյունավետությանը՝ թույլ տալով, որ անձինք բավարար իրազեկված լինեն օրենքի մասին՝ համապատասխան վարքագիծ դրսեւորելու համար։ Սահմանադրական դատարանն իր՝ 02.12.2014թ. ՍԴՈ-1176 եւ մի շարք այլ որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1322) իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ հայտնել է հետեւյալ դիրքորոշումը. «...իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»: Իրավունքի տեսությունը արձանագրել է, որ անորոշ իրավական հասկացությունները կարող են կիրառվել միայն այն դեպքերում, երբ դրանց բովանդակությունը ձեւավորված է կայուն իրավակիրառ պրակտիկայով կամ համալրված է օրենսդրական չափանիշներով։ Հակառակ դեպքում իրավական նորմը կարող կորցնել իր կարգավորիչ բնույթը եւ վերածվել գնահատողական պահանջի, որի կիրառումը կախված է ոչ թե օրենքից, այլ կիրառողի սուբյեկտիվ ընկալումից։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունն իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից։ Միաժամանակ առաջարկում ենք վերաձեւակերպել քննարկվող նորմը՝ վերացնելով դրանում առկա շարահյուսական վրիպակը: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասում «Օրենք» բառն առաջարկում ենք շարադրել փոքրատառով, միաժամանակ՝ առաջարկում ենք չհամարակալված պարբերությունը համարկալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները: 4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասով նշվում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում սահմանվում է պարտականություն՝ կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու համապատասխան տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Նույն դրույթով միաժամանակ սահմանվում է նաեւ, որ կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե առերեւույթ խախտման օրվանից անցել է 30 օր: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմի վերը մեջբերված դրույթների համատեքստում հասկանալի չէ, թե 30 օր անցնելու հիմքով պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները չներկայացնելու իրավունքը որ պահից է ծագում. մինչեւ վարչական վարույթը հարուցելը, թե դրանից հետո եւս: 5. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 19.01.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 19.01.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները. - խմբագրել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի հասկացությունը, - խմբագրել Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվող տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները, առավել հստակ սահմանելով տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, - Օրենքի 9-րդ հոդվածում ավելացվել է նոր դրույթ, որի համաձայն՝ արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը, - խմբագրել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությանը վերաբերող պահանջները, - խմբագրել եւ նոր լրացումներ կատարվել տուգանքների բաժնում, մասնավորապես՝ ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեության իրականացման մասով, - ավելացնել նոր 58.1-րդ հոդված, որը վերաբերում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցմանը եւ դադարեցմանը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 09.01.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները եւ առանձին կարգավորումները վերանայելու, տեսալսողական մեդիայի ոլորտում իրավական հստակություն եւ կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը նվազեցնելու հանգամանքով: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ - հստակ իրավական նորմերի սահմանմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները եւ կապահովվի ոլորտում գործող սուբյեկտների համար կանխատեսելի իրավական միջավայր, - հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ, ինչը խթան կհանդիսանա արդար մրցակցության համար՝ բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումներն ու անբարենպաստ դիրքում հայտնվելու ռիսկերը, - հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի եւ այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական եւ տեղեկատվական անվտանգությունը, - կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունն ու վերահսկելիությունը, - կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության մեխանիզմները, դրանով իսկ բարձրացնելով օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 14.01.2026թ.
|