ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1234-29.12.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1234-29.12.2025-ՏՀ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Մաքսային կարգավորման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

2. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.01.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.01.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար հերթերի կառավարման համակարգի կիրառման կարգավորումներ, որոնցով կկանոնակարգվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը, կկրճատվի Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղությամբ մաքսային մարմինների կողմից դրանց սպասարկման ժամանակահատվածը, կպարզեցվի սահմանահատման գործընթացը, կբացառվեն անցման կետերում կուտակումները եւ  հերթերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.01.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում:

Հիմք ընդունելով միջազգային պրակտիկայում կիրառվող կարգավորումները՝ Նախագծով առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարեւանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թուլյտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: 

Վերոնշյալ գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր ու կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի եւ դրանով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության եւ անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

19.01.2026թ.