ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1252-02.02.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1252-02.02.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով սահմանված չէ վերջինիս կարգավորման առարկա, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի տեսանկյունից: Մասնավորապես «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից», ինչից բխում է, որ ցանկացած օրենսդրական ակտ պետք է ունենա կարգավորման առարկա, եւ դրանով սահմնվող կարգավորումները չպետք է դուրս գան այդ առարկայի շրջանակներից:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, թե Նախագծով «թռիչք» հասկացությունն ինչ իմաստով է կիրառվում, ընդ որում՝ այդ կետով սահմանվում են «թռիչք» հասկացության կիրառման 3 առանձին դեպքեր. ուղեւորների եւ չգրանցված ուղեբեռի դեպքը, բեռի եւ գրանցված ուղեբեռի դեպքը եւ երրորդ անձանց դեպքը: Հարկ է անդրադառնալ նշված դեպքերից ուղեւորների եւ չգրանցված ուղեբեռի դեպքին, հատկանշական է, որ «ուղեւորների» բառը «չգրանցված ուղեբեռի» բառերից «եւ» շաղկապով անջատելու դեպքում դրանից բխում է, որ այդ բառերի միաժամանակյա առկայությունը պարտադիր է, որպեսզի դեպքը համարվի թռիչք: Այս համատեքստում հասկանալի չէ «ուղեւորների» բառը «չգրանցված ուղեբեռի» միասին նշելու նպատակը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող հասկացության սահմանումից բխում է, որ գրանցված ուղեբեռով ուղեւորների փոխադրումը ընդգրկված չէ Նախագծով սահմանված ապահովագրվող հարաբերություններում՝ «թռիչք» հասկացության մեջ ընդգրկված չլինելու հիմքով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է «երրորդ անձ» հասկացությունը, այն է. «իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ բացառությամբ ուղեւորների, ինչպես նաեւ թռիչքային եւ սպասարկող անձնակազմում ընդգրկված անդամների»: Այս հասկացությունից բխում է, որ Նախագծում կիրառվող «երրորդ անձ» բառերը չեն վերաբերում թռիչքային եւ սպասարկող անձնակազմում ընդգրկված անդամներին: Այս դեպքում առկա է հակասություն Նախագծի տարբեր դրույթների միջեւ, մասնավորապես՝  Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է «թռիչք» հասկացությունը, ընդ որում՝ սպառիչ թվարկվում են միայն 3 դեպքեր, որոնք կարող են Նախագծի իմաստով համարվել թռիչք: Հատկանշական է, որ «թռիչք» հասկացության մեջ «երրորդ անձ» բառերի կիրառման արդյունքում այդ հասկացությունն այլեւս չի կարող վերաբերել թռիչքային եւ սպասարկող անձնակազմում ընդգրկված անդամներին եւ հասկանալի չէ, թե «թռիչքային» բառն այլեւս ինչ իմաստով է կիրառվում «թռիչքային եւ սպասարկող անձնակազմ» ձեւակերպման մեջ: 

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով «Ավիացիայի մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ՀՀ» հապավմանը եւ 9-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Օդային փոխադրողների եւ օդանավ շահագործողների ապահովագրությունն իրականացվում է սույն օրենքի համաձայն` ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռների, բեռների եւ երրորդ անձանց նկատմամբ հատուկ ավիացիոն պատասխանատվության առումով:»: Նշենք, որ հասկանալի չէ, թե այս դրույթում կրառվող «հատուկ ավիացիոն պատասխանատվություն» բառերն ինչ միտք են արտահայտում: Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», հետեւաբար առաջարկում ենք կա՛մ սահմանել «հատուկ ավիացիոն պատասխանատվություն» հասկացությունը, կա՛մ խմբագրել այն՝ դրա փոխարեն նշելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունով կիրառվող եւ նույն իմաստն արտահայտող այլ բառեր:

Սույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «համատեղ օգտագործման ծածկագրեր» բառերին:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է «անկախ այն հանգամանքից, թե շահագործվող օդանավը նրանց տնօրինման ներքո գտնվում է սեփականության իրավունքով թե որեւէ վարձակալության պայմանագրով» ձեւակերպումը, ինչի կապակցությամբ նշենք, որ իրավական շփոթից խուսափելու համար անհրաժեշտ է հստակեցնել, թե վարձակալության որ պայմանագրերի մասին է խոսքը քննարկվող նորմում:

7. Նախագծի 4-րդ հոդվածում ցանկացած հոլովաձեւով կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվում է «Կառավարություն» տարբերակը:

8. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանվում է «լիազոր մարմին» հասկացությունը, այն է «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող եւ իրականացնող համապատասխան նախարարությունը»: Հատկանշական է, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» հասկացությունը կիրառելու փոխարեն կիրառվում է վերջինիս ամբողջական սահմանումը, առաջարկում ենք դա շտկել:

Բացի այդ՝ հարկ է նշել, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» հասկացության սահմանումը շարադրելուց հետո նշված է «(այսուհետ` ավիացիոն իշխանություն)», այսինքն՝ Նախագծով միաժամանակ կիրառվում են նույն իմաստն արտահայտող տարբեր արտահայտություններ՝ «լիազոր մարմին», «Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին», «ավիացիոն իշխանություն», «Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություն», ինչպես նաեւ՝ «լիազոր մարմին» հասկացության ամբողջական սահմանումը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին: Առաջարկում ենք նշված բոլոր տարբերակները փախարինել «լիազոր մարմին» հասկացությամբ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն::

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.02.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.02.2026թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծն ուղղված է ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կառավարման, անվտանգության, շրջակա միջավայրի, տնտեսական կարգավորումների, մրցակցության, սպառողների պաշտպանության եւ սոցիալական բնագավառներում ԵՄ ավիացիոն կանոնակարգին եւ չափանիշներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը: Ներկայումս գործող «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքը, թեեւ մասամբ համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը, սակայն ամբողջական ներդաշնակեցում չի ապահովում: Նախագծով նախատեսվում են ապահովագրական պահանջներին վերաբերող ավելի լայն կարգավորումներ՝ մասնավորապես՝ ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի եւ բեռի, ինչպես նաեւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության եւ վեճերի լուծման հետ կապված: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.02.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքը, ինչը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից եւ հանդիսանում է  Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը:

Ներկայիս գործող՝ «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը` համապատասխանաբար դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: 

Հեղինակի կողմից ներկայացվող Նախագծով նախատեսված են ապահովագրական պահանջներին վերաբերող ավելի լայն եւ համապարփակ օրենսդրական կարգավորումներ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

10.02.2026թ.