ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1254-09.02.2026-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1254-09.02.2026-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «(...) գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող՝ զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից եւ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերից»: Ցանկանում ենք նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված չէ այս ընդհանուր կանոնից բացառություն՝ ի տարբերություն 4-րդ մասի, որով նախատեսվում է հոգեբույժի վճարովի աշխատանք կատարելու առանձնահոտուկ դեպք: Վերոգրյալի լույսի ներքո՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «5-րդ եւ 6-րդ մասերով» բառերը փոխարինել «4-րդ եւ 5-րդ» բառերով:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ « Սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունը հիմք է լիազոր մարմնի կողմից՝ այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին ներկայացնելու միջնորդություն՝ գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:»: Առաջարկում ենք կա՛մ սույն ձեւակերպումը վերանայել՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ո՛չ Օրենքով, ո՛չ Նախագծով նախատեսված չեն հաշվետվության հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու «օրենքով նախատեսված դեպքեր», ինչի մասին հիշատակվում է Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 10-րդ մասում, կա՛մ նախատեսել այն դեպքերը, երբ հաշվետվության արդյունքների հիման վրա կարող է ներկայացվել համապատասխան միջնորդություն:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին հոդվածի համաձայն՝ «Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող կրթական պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:»: Ցանկանում ենք նշել, որ նույն հոդվածի 3-5-րդ մասերով արդեն իսկ նախատեսվում են նշված սուբյեկտների գործադիր մարմինների ղեկավարի հավակնորդներին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ կրթական պահանջները: Առաջարկում ենք կրկնությունից խուսափելու նպատակով վերանայել Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին հոդվածը, քանզի փաստացի Կառավարության կարգավորմանը հանձնված հարաբերությունը արդեն իսկ կարգավորվելու է օրենսդրական մակարդակով: 

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 32.1-ին հոդվածի 3-րդ հոդվածի 2-րդ կետում եւ 4-րդ մասի 2-րդ կետում նշվում է որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող որոշակի հաստատություններում գործադիր մարմնի ղեկավարի հավակնորդ կարող է լինել այն անձը, ով, ի թիվս այլնի, ունի «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն: Ցանկանում ենք նշել, որ «Հանրային առողջապահություն եւ կազմակերպում» անվանումով հետավարտական մասնագիտական կրթական ծրագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ: Առաջարկում ենք կա՛մ վերանայել ձեւակերպումը եւ ներկայումս առկա «Հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպում» մասնագիտությունը նկատի ունենալու դեպքում միեւնույն միտքը արտահայտելիս օգտագործել միատեսակ բառեր՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, կա՛մ նոր հետավարտական մասնագիտության տեսակ նախատեսելու դեպքում Նախագծով նախատեսել անցումային դրույթներ նոր նախատեսվող մասնագիտության եւ գործողի որակավորումների հարաբերակցության վերաբերյալ:

5. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 

6. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «իրավական ակտը» արտահայտությունն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում 

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ ներկայացված առաջարկության հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

20.02.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

20.02.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), այդ թվում՝ 5-րդ գլխում, տարանջատել «բժշկական կազմակերպություն» եւ «առողջապահական կազմակերպություն» հասկացությունները, վերանայել առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող (ղեկավարող) գործադիր մարմնի հավակնորդին (այսուհետ՝ Հավակնորդ) ներկայացվող պահանջները՝ առավել որակյալ, բանիմաց կադրերի ընտրություն եւ առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում նշանակելու նպատակով, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը լիազոր մարմնին եւ իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնին, եւ արդյունքում կբարձրանա առողջապահական կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել դրանում տեղ գտած ներքին մեկ հակասոթյան վրա: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 32.1.-ին հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի  1-ին մասով սահմանվում է, որ. «Առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող կրթական պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:», այնինչ՝ նույն հոդվածի 3-րդ մասով արդեն իսկ սահմանվում են այդ պահանջները (կամ առնվազն՝ դրանց մի մասը): Մասնավորապես, սահմանվում է, որ Հավակնորդ «...կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի՝

1) բարձրագույն կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում  կամ ...»:

Այս կապակցությամբ, ներքին հակասությունից խոսափելու նպատակով, Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 32.1.-ին հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի  1-ին մասի «օրինակելի ձեւերը» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «սույն օրենքի հիման վրա» բառերը:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն ներքին հակասության վերացման նպատակով անհրաժեշտ է լրամշակել  Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 32.1.-ին հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի  1-ին մասը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

11.02.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում  (այսուհետ՝ Օրենք) կատարել  փոփոխություններ եւ լրացում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահական կազմակերպությունների տնօրենների ընտրության եւ նշանակման գործընթացում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու, անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է՝

  • վերանայել առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները, 
  • բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարին թույլատրել տվյալ կազմակերպությունում կատարել թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք, իսկ հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարին՝ հոգեբույժի վճարովի աշխատանք,
  • առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներին պարտավորեցնել իրենց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմին եւ լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն եւ այլն:

2. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալը:

2.1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն. առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից եւ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերից:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ «4. Հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կարող է կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք:

5. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:»:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը կարծում ենք անհրաժեշտ է վերանայել եւ հստակ նշել, թե ո՞ր դեպքերում է թույլատրվելու գործադիր մարմնի ղեկավարին կատարել հոգեբույժի, թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:  Այս կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետը հետեւյալ բովանդակությամբ  շարադրելու հարցը,  այն է՝ «1) զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից, ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերից, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված աշխատանքներից՝ համապատասխան մասնագետների բացակայության կամ տվյալ մասնագետների համալրման անհնարինության դեպքում, ինչը հաստատվում է լիազոր մարմնի կողմից.»:

Առաջարկում ենք շտկել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում կատարված հղումը:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը, մեր կարծիքով, եւս վերանայման կարիք ունի, քանի որ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարը կարող է ունենալ մեկ այլ որակավորում (օրինակ՝ ակնաբույժի, վիրաբույժի եւ այլն): Ուստի, առաջարկում ենք չսահմանափակել պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի կողմից համապատասխան մասնագիտական վճարովի աշխատանք կատարելը:

Նշենք նաեւ, որ վերոգրյալի հետ կապված Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ պարզաբանում տրված չէ, թե ինչո՞վ է պայմանավորված նման կարգավորման անհրաժեշտությունը (թույլատրել կատարելու վճարովի աշխատանք առանց որեւէ պայման նշելու եւ ինչո՞ւ միայն թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք):


Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված առաջարկությունները, կարծում ենք Նախագիծը լրացուցիչ քննարկման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                  Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

23.02.2026թ.