ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1256-10.02.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1256-10.02.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 20-րդ կետի ենթակետերը առաջարկում ենք տեքստից անջատել միջակետով՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, այն է՝ «(...) Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 7-րդ կետերում առաջարկում ենք կիրառել «Օրենսգրքով» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը:

3. Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրվող առաջին նախադասության համաձայն՝ «տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից: Ցանկանում ենք նշել, որ վերախմբագրված կարգավորումը հնարավորություն է տալիս տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարել ծագած երկու հնարավոր այլընտրանքային պահերից՝ առանց պարզաբանելու այդ տարբերակների գործողությունը պայմանավորող լրացուցիչ գործոնները՝ կարգավորումը թողնելով անորոշ ու տարընկալման տեղիք տվող: Առաջարկում ենք, վերոգրյալի հաշվառմամբ, ապահովել Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրվող առաջին նախադասության հստակությունը:

4. Նախագծի 29-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասում կատարվող լրացումը առաջարկում ենք վերանայել, քանզի նախատեսվող լրացման կատարման դեպքում միմյանց հաջորդելու են երկու «Հայաստանի Հանրապետության» բառեր՝ առաջացնելով անհիմն կրկնություն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ  համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

02.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

02.03.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լուծումներ տալ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրառման ընթացքում առաջացած հարցերին, վերանայել առանձին իրավական նորմեր, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու նպատակով: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է՝ վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների եւ գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաեւ սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների եւ գործառնությունների հաշվառման մասով, կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը եւ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման, կանոնակարգել հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով (այդ թվում` ՀԴՄ կտրոններով) ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը, վաղեմության ժամկետով (գործարքի կատարման տարվան հաջորդող 3 տարի) պայմանավորված սահմանափակումը կիրառել նաեւ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի չեղարկման մասով (ներկայումս այն սահմանված է եւ կիրառվում է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, ինչպես նաեւ ճշգրտման մասով), հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների կողմից մինչեւ ԱԱՀ շեմը (115 մլն դրամ) գերազանցելը իրականացվող ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը, հստակեցնել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունների կատարմանը վերաբերող դրույթները եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը, ըստ որոնց՝

«3. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

4. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների եւ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի եւ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:»:

Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայացված փոփոխությունների հիմնավորումները բացակայում են Նախագծի հիմնավորման մեջ, որի հետեւանքով օրենսդրի համար որոշակի դժվարություններ կարող են ծագել այդ փոփոխությունների անհրաժեշտության գնահատման տեսանկյունից: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.02.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է Օրենսգրքի կիրառման ընթացքում առանձին իրավական նորմերի վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծով նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն առաջարկում է. 

- վերանայել արտարժույթով գործարքների եւ գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաեւ սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների եւ գործառնությունների հաշվառման մասով,

- կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը եւ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման,

- հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների կողմից մինչեւ ԱԱՀ շեմը (115 մլն դրամ) գերազանցելը իրականացվող ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը, 

- հստակեցնել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունների կատարմանը վերաբերող դրույթները եւ այլն: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 

18.02.2026թ.