ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1258-11.02.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1258-11.02.2026-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

                  Լ. Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

25.02.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետեւյալը՝ «Յուրաքանչյուր Կողմ մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցումների կազմակերպիչներին եւ յուրաքանչյուր այլ համապատասխան կազմակերպության խրախուսում է մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու համար սահմանել ընթացակարգեր եւ կանոններ, եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս նպատակին հասնելու համար:»:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորպես՝  «Խաղային գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խաղային գործունեությունը կազմակերպվում եւ անցկացվում է Խաղային գործունեության կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ Կանոնակարգում պարտադիր պետք է նշվեն պատասխանատու եւ արդար խաղի կանոնները:

Հիմք ընդունելով վերոգրյալը պետք է նշել, որ Օրենքում ամրագրված է միայն արդար խաղի կանոնների վերաբերյալ ընդհանուր բնույթի իրավանորմ, սակայն բացակայում են այն օրենսդրական միջոցները եւ իրավակարգավորումները որոնք թույլ կտան մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցումների կազմակերպիչներին եւ յուրաքանչյուր այլ համապատասխան կազմակերպության սահմանել համապատասխան ընթացակարգեր եւ կանոններ պայքարելու համար մարզական մրցումների մեքենայությունների դեմ:

Կոնվենցիայի 7-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ Կողմերը պետք է խրախուսեն մարզական կազմակերպություններին ընդունել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մոնիտորինգ, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին: Անհրաժեշտ է նաեւ իրազեկել մրցումների շահագրգիռ կողմերին, մասնավորապես երիտասարդ մարզիկներին, մեքենայությունների ռիսկերի եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների մասին, ինչպես նաեւ ապահովել մրցավարների եւ դատավորների նշանակումը հնարավորինս ուշ փուլում:

Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ օպերատորը իրականացնում է խաղային գործունեության շուկայի մոնիտորինգ: Հարկ ենք համարում նշել սակայն, որ  օպերատորի կողմից բացակայում է մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելու համապատասխան գործառույթի օրենսդրական ամրագրումը:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կողմերը պարտավորվում են խրախուսել իրենց մարզական կազմակերպություններին եւ դրանց միջոցով միջազգային մարզական կազմակերպություններին կիրառելու հատուկ, արդյունավետ, համաչափ եւ տարհամոզիչ կարգապահական պատիժներ եւ միջոցներ՝ ձեռնարկելու մարզական մրցումների մեքենայությունների դեմ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իրենց ներքին կանոնների խախտման համար, ինչպես նաեւ ապահովել այլ մարզական կազմակերպությունների կողմից, հատկապես՝ այլ երկրներում կիրառվող պատժամիջոցների փոխադարձ ճանաչումը:

Վերոնշյալի համատեքստում պետք  է նշել, որ Հայասատանի Հանրապետության օրեսնդրությամբ, Կոնվենցիայի պահանջներին համապատասխան անդրադարձ չի կատարվում խաղային գործունեություն իրականացնող  կազմակերպությունների կողմից՝ մարզական մրցումների մեքենայությունները կանխելու եւ ներքին կանոնակարգերի միջոցով կարգապահական վարույթներ հարուցելու եւ պատիժներ կիրառելու հարցերին:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կարգավորումներ է նախատեսում այն անձանց շրջանակի մասով ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին օրենսդրական կամ այլ միջոցներով պետք է սահմանափակվի, մասնավորապես՝  ելնելով շահերի բախումն ու ներքին տեղեկությունների չարաշահումն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բացառելու նպատակից, որոնք ներգրավված են ապահովելու մարզական խաղադրույքների արտադրանքի տրամադրմանը: Սույն հոդվածով արգելքներ են նախատեսվում խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպության հովանավորի կամ մասնակի սեփականատիրոջ պաշտոնի չարաշահման, մրցման շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից հնարավոր չարաշահումների նկատմամբ:

Օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում են այն սահմանափակումները, որոնք վերաբերում են խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին, փայատերերին կամ մասնակիցներին, իրական շահառուներին եւ պատասխանատու անձանց: Նույն օրենքի 47-րդ հոդվածով ամրագրված են քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոններ: Մինչդեռ, վերոնշյալ իրավանորմերում բացակայում է  Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսվող շահերի բախումն ու ներքին տեղեկությունների չարաշահումն բացառելու նպատակով այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ներկայացվող սահմանափակումների օրենսդրական միջոցների առկայությունը, որոնք ներգրավված են ապահովելու մարզական խաղադրույքների արտադրանքի տրամադրմանը:

Հիմք ընդունելով վերոնշյալ Կոնվենցիոն դրույթները, կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենքում:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

                   Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

25.02.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2014 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ուղղված է արդյունքների արհեստական փոփոխման կանխմանը, մրցումների անկանխատեսելի բնույթի պահպանմանը, ինչն առանցքային է արդար խաղի եւ սպորտի հեղինակության համար: Կոնվենցիայի Կողմերը խրախուսում են մարզական կազմակերպություններին եւ մրցումների կազմակերպիչներին ընդունել ու իրականացնել մարզական մրցումների մեքենայությունների դեմ ուղղված կանոններ եւ լավ կառավարման սկզբունքներ: Դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուներին խաղադրույքներ կատարելը, ինչպես նաեւ ներքին տեղեկատվության չարաշահումը:

Կոնվենցիան նախատեսում է համաչափ, արդյունավետ եւ տարհամոզիչ միջոցների համալիր՝ դրամական տույժերից մինչեւ գործունեության արգելք, ապահովելով պատժի ճկունություն ըստ խախտման տեսակի: Կոնվենցիայի մասնակից Կողմերը պարտավորվում են տրամադրել համապատասխան տեղեկատվություն ձեռնարկված միջոցների մասին, ինչն ապահովում է միմյանց փորձի ուսումնասիրումն ու ներդաշնակեցումը:

Նախատեսվում է ստեղծել նաեւ հսկիչ հանձնաժողով, որի կազմում ներգրավվում են տարբեր ոլորտների՝ սպորտի, իրավապահ եւ խաղադրույքները վերահսկող մարմինների ներկայացուցիչներ, ինչն ապահովում է լայն եւ համալիր մոտեցում: Հանձնաժողովը կարող է ներկայացնել առաջարկություններ կոնկրետ միջոցների վերաբերյալ՝ նպաստելով համախմբված միջազգային պայքարի ձեւավորմանը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

18.02.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2014 թվականի սեպտեմբերի 18-ին Շվեցարիայի Համադաշնության Մաքոլին քաղաքում ստորագրված  «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որն ուժի մեջ է մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ին:

Կոնվենցիայի նպատակն է պայքարել մարզական մրցումների մեքենայությունների դեմ սպորտում բարեվարքությունը եւ մարզական էթիկայի կանոնները պահպանելու համար՝ սպորտի ինքնավարության սկզբունքին համապատասխան, իսկ հիմնական խնդիրներն են՝ կանխարգելել, հայտնաբերել ազգային եւ միջազգային մարզական մրցումների ազգային կամ անդրազգային մեքենայությունները եւ կիրառել պատժամիջոցներ, նպաստել մարզական մրցումների մեքենայությունների դեմ պետական իշխանության մարմինների, ինչպես նաեւ սպորտում եւ մարզական խաղադրույքներում ներգրավված կազմակերպությունների միջեւ ազգային եւ միջազգային մակարդակում համագործակցությանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

17.02.2026թ.