ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ներդրումների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1266-23.02.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1266-23.02.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք հանել օրենքի վերնագրին հաջորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում են Նախագծում օգտագործվող հասկացությունները, ընդ որում՝ այդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են 3 տարբեր հասկացությունների սահմանումներ: Այս համատեքստում հատկանշական է, որ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով առանձին սահմանվում է  «Հսկողություն կամ նշանակալի ազդեցություն» հասկացությունը, իսկ 4-րդ մասով՝ «օտարերկրյա ներդրող» հասկացությունը: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ հասկանալի չէ, թե Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող հասկացությունների նկատմամբ տարբերակված մոտեցումն ինչով է պայմանավորված: 

3. Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով նշված «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխան հոլովաձեւով «Կառավարություն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվում է «Կառավարություն» տարբերակը:

4. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում են ուղղակի կամ անուղղակի էքսպրոպրիացիայի վերաբերյալ կարգավորումներ: Հատկանշական է, որ Նախագծով չկարգավորվող հարաբերությունների դեպքում քննարկվող հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության օրեսնդրության համապատասխան նորմատիվ ակտերին, որոնցով այդ հարաբերությունները կարգավորվում են: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նշվում է, որ անուղղակի էքսպրոպրիացիայի առկայությունը որոշվում է հետազոտության արդյունքում, մինչդեռ նշենք, որ Նախագծով առկա չէ նշյալ հետազոտության վերաբերյալ որեւէ կարգավորում: Մասնավորապես՝ ինչպես եւ ում կողմից է այն իրականացվում, ինչ ժամկետով եւ ընթացակարգով եւ այլն: Առաջարկում ենք Նախագիծը հստակեցնել՝ հաշվի առնելով սույն դիտարկումը՝ կա՛մ Նախագծով սահմանելով համապատասխան կարգավորումներ, կա՛մ Նախագծում հղում կատարելով այդ հարաբերությունները կարգավորող ակտին:

5. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքով նախատեսված իրավունքները, երաշխիքները եւ պաշտպանությունները կիրառվում են միայն բարեխղճորեն կատարված օրինական ներդրումների նկատմամբ»: Ինչից բխում է, որ ոչ բարեխղճորեն կատարված ներդրումների դեպքում Նախագծով սահմանված իրավունքները, երաշխիքները եւ պաշտպանությունները չեն կիրառվում: Կարծում ենք, որ վերը մեջբերված դրույթը գործող ձեւակերպմամբ խնդրահարույց է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանվում են իրավունքներ, երաշխիքներ եւ պաշտպանություններ, որոնք անձն ունի ոչ թե որպես ներդրող, այլ՝ քաղաքացի կամ մարդ: Ինչպես օրինակ՝ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է հետեւյալ երաշխիքը. «պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ներդրողների նկատմամբ ճնշումների, անօրինական հարկադրանքի, սպառնալիքի բացառում»: Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի եւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համադրությունից բխում է, որ Նախագծով ոչ բարեխղճորեն կատարված ներդրումների դեպքում համապատասխան ներդրողի նկատմամբ ճնշումները, անօրինական հարկադրանքը, սպառնալիքը չի արգելվում: Առաջարկում ենք վերոգրյալը հիմք ընդունելով խմբագրել Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասը: 

6. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի ամբողջական անվանումը շարադրելիս առաջարկում ենք շտկել դրա ընդունման ամսաթիվը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

7. Նախագծի 22-րդ հոդվածի 7-րդ մասն առաջարկում ենք խմբագրել՝ բացառելով հապավումների կիրառությունը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ որոշակիությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

16.03.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

16.03.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել «Ներդրումների մասին» նոր օրենք, որով կսահմանվեն ներդրումների եւ ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտները, մասնավորապես՝ խտրականության բացառման երաշխիքը (non-discrimination) իր երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ (National Treatment/NT) եւ առավել բարենպաստության ռեժիմ (Most Favoured Nation/MFN), էքսպրոպրիացիայից պաշտպանության երաշխիքը, ընդ որում՝ Նախագիծը տալիս է ուղղակի եւ անուղղակի էքսպրոպրիացիայի հասկացության բնորոշումը, իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքները, այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են՝ կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները եւ այլն: 

Նախագիծը սահմանում է նաեւ ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը, կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները: Բացի այդ, առաջարկվում է ներդնել ներդրումային խթանների տրամադրման ճկուն մեխանիզմ, այն է` ներդրումային պայմանագրերի միջոցով խթանների տրամադրումը: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել հնարավորություն ներդրումային խթանները տրամադրել ոչ միայն օրենքների կամ ՀՀ կառավարության որոշումների հիման վրա, այլ նաեւ՝ ներդրումային պայմանագրերի միջոցով: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները եւ գերակա ներդրումային ուղղությունները կսահմանվեն ՀՀ կառավարության որոշմամբ: Նախագիծը սահմանում է նաեւ ներդրումների ոլորտում ինստիտուցիոնալ շրջանակը՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները (անհրաժեշտ լիազորող նորմերը), լիազոր մարմնի իրավասությունները եւ այլն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքների վրա:

1. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետությունը չի երաշխավորում ներդրման հաջողությունը եւ պատասխանատվություն չի կրում գործարար գործունեությանը բնորոշ գործարար, շուկայական, գործառնական կամ ձեռնարկատիրական գործունեությանը բնորոշ այլ ռիսկերի համար:», ինչը միանգամայն հասկանալի եւ ընդունելի մոտեցում է: Սակայն, տվյալ նորմը, կարծում ենք, բովանդակային առումով լրամշակման կարիք ունի, քանի որ բերված նախադասության ենթատեքստից կարելի է ենթադրել, որ ինչ-որ երեւույթների համար, այնուամենայնիվ, ՀՀ-ն կարող է որոշակի պատասխանատվություն կրել, օրինակ՝ քաղաքական, վարչարարական, դատական եւ գործարար գործունեությանը ոչ բնորոշ, իսկ ավելի ճիշտ՝ ոչ օբյեկտիվ ռիսկերի հետեւանքների համար, ինչն էլ միանգամայն տեղավորվում է ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանության եւ շրջանակների մեջ (համաձայն այդ մասի. «Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:»):

Այս տեսանկյունից Նախագիծը կարգավորում է միայն օրենսդրական փոփոխությունների հետեւանքով առաջացող ռիսկերի հետ կապված հարաբերությունները, ինչն էլ առաջարկում ենք լրացնել եւս մեկ ընդհանրական նորմով՝ որպես Նախագծի 4-րդ հոդվածի նոր՝ 3-րդ մաս: Մասնավորապես, առաջարկում ենք սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում իր գործունեության հետեւանքով եւ գործարար գործունեությանը ոչ բնորոշ ռիսկերի հետեւանքների համար՝ պատճառված վնասների չափով՝ այդ պատասխանատվության տեսակները եւ վնասների հատուցման պայմաններն ու կարգն էլ սահմանելով տվյալ օրենքով:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է որոշել չկիրառել սույն օրենքով սահմանված ազգային ռեժիմը կամ առավել բարենպաստության ռեժիմը այն օտարերկրյա ներդրողների կամ նրանց ներդրումների նկատմամբ, որոնք այնպիսի պետություն, համայնք, պետության կամ վերպետական միավորման քաղաքացիներ կամ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ են, որոնք Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ կազմակերպությունների նկատմամբ  թշնամական կամ խտրական գործողություններ են իրականացրել: Սույն հոդվածի կիրառման իմաստով թշնամական կամ խտրական գործողություններ են համարվում, բայց չեն սահմանափակվում, պատժամիջոցների, առեւտրի կամ այլ սահմանափակումների կամ արգելքների կիրառմամբ կամ Հայաստանի Հանրապեության քաղաքացիների կամ կազմակերպությունների հիմնարար իրավունքների կոպիտ ու դիտավորյալ խախտումները: Սույն մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է լինի համաչափ, հիմնավորված, սահմանափակ գործողությամբ ու հրապարակային:»:

Տվյալ նորմի հետ կապված որոշ խնդիրներ են առաջանում, մասնավորապես՝

ա)  օրենքով սահմանված ազգային ռեժիմը կամ առավել բարենպաստության ռեժիմը չկիրառելու դեպքերն ու կարգը, կարծում ենք, նույնպես պետք է ամրագրված լինի օրենքով, այլ ոչ թե թողնվի ՀՀ կառավարության հայեցողությանը, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ բխում է սահմանադրական կոնկրետ կարգավորումներից: Մասնավորապես,

- ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:», իսկ ներդրումային գործունեությունը տնտեսական եւ ձեռնարկատիրական գործունեության բաղկացուցիչ մասերից է, 

- ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:», իսկ նախատեսվող սահմանափակումների կիրառումն ուղղակիորեն եւ առաջին հերթին նշանակում է ներդրողի սեփականության իրավունքների սահմանափակում եւ այլն:

բ) Բերված դրույթի վերջին նախադասությամբ սահմանվում է, որ. «Սույն մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է լինի համաչափ, հիմնավորված, սահմանափակ գործողությամբ ու հրապարակային:», որի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նախ՝ այդ որոշման համաչափությունը եւ հիմնավորվածությունը կարելի է գնահատել եւ հավանության արժանացնել հենց Ազգային ժողովում (ինչը եւս վկայում է նշված սահմանափակումները օրենքի տեսքով ընունելու անհրաժեշտության մասին), եւ երկրորդ՝ տվյալ նախադասության մեջ կիրառվող հասկացությունները միայն մասամբ են համապատասխանում ՀՀ Սահմանադրության՝ իրավական ակտերին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին (ըստ որի. «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:») եւ 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքին (ըստ որի. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:»): 

գ) Ինչ վերաբերում է տվյալ նորմի բովանդակային կողմին, նշենք, որ այլ երկրների կողմից խտրականության դրսեւորման դեմ կիրառվող նորմի հասցեատիրոջ առումով որոշակի մտահոգություն է առաջանում: Խնդիրը կայանում է նրանում, որ պետությունների միջեւ որեւէ հարցի շուրջ լարվածության առաջացման դեպքում ներդրումների նկատմամբ սահմանափակումները նախատեսվում են կիրառել ոչ թե համապատասխան պետության կամ դրա առանձին համայնքի (դրանց ներդրումների) նկատմամբ, այլ ընդհանուր առմամբ նաեւ այդ պետության մասնավոր կազմակերպությունների (ներդրողների) նկատմամբ, ինչը ներդրումների կարիք ունեցող երկրների (այդ թվում՝ նաեւ Հայաստանի) համար բավականին «շռայլ» վարքագիծ կարելի է համարել: Ըստ էության, նման դեպքերում, եթե սահմանափակումներ նախատեսվեն մասնավոր ներդրողների նկատմամբ, դրանից տուժելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողները, այլեւ ՀՀ տնտեսությունը՝ ինչպես գույքային, այնպես էլ պետության հեղինակության իմաստով: Ուստի, կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլինի սահմանել, որ նշված հանգամանքներում կարող են չկիրառվել սույն օրենքով սահմանված ազգային ռեժիմը կամ առավել բարենպաստության ռեժիմը այն օտարերկրյա պետությունների (դրանց առանձին համայնքների) ներդրումների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ կազմակերպությունների նկատմամբ  թշնամական կամ խտրական գործողություններ են իրականացրել: 

դ) Վերջապես՝ Նախագծից անհայտ է մնում, թե որո՞նք են այս սահմանափակումների վերացման հիմքերն ու պայմանները, ինչպես նաեւ դրանց հնարավոր հետեւանքները (եթե այդպիսիք կլինեն), ինչն էլ առաջարկում ենք ավելացնել Նախագծի 6-րդ հոդվածում: 

Ամփոփելով, առաջարկում ենք տվյալ Նախագծով ամրագրել, որ օրենքով սահմանված ազգային ռեժիմը կամ առավել բարենպաստության ռեժիմը կարող է չկիրառվել միայն համապատասխան օրենքի ընդունմամբ, որն էլ պետք է համապատասխանի ՀՀ Սահմանդրությամբ սահմանված համաչափության եւ որոշակիության սկզբունքներին, եւ այն օտարերկրյա պետությունների (դրանց առանձին համայնքների) ներդրումների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ կազմակերպությունների նկատմամբ  թշնամական կամ խտրական գործողություններ են իրականացրել: 

3. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրել, առաքել, ներմուծել եւ Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ:...», որի կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել թե տվյալ օրենքի իմաստով նույնացվու՞մ են արդյոք ՀՀ-ի եւ այնպիսի վերպետական միավորման սահմանները, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, եւ արդյո՞ք ԵԱՏՄ կառույցների կողմից «անհարկի ձգձգումները» համարվում են ՀՀ պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումներ: 

4. Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում են ներդրողների իրավական պաշտպանության միջոցները, որոնք, սակայն, առանձնահատուկ որեւէ միջոց չեն պարունակում: Նշված իրավական պաշտպանության բոլոր միջոցներն էլ վաղուց սահմանված են Սահմանադրությամբ ու տարբեր օրենքներով, եւ գործում են բոլոր տնտեսվարողների եւ ներդրողների՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար: Հետեւաբար, հինգ կետով նշված իրավական պաշտպանության միջոցները լավագույն դեպքում կրկնություն են իրենցից ներկայացնում՝ չկրելով իրավական որեւէ լրացուցիչ ծանրաբեռնվածություն, իսկ եթե Նախագծի հեղինակը գտնում է, որ դրանց մեջ կան նաեւ այնպիսի միջոցներ, որոնք բնորոշ են միայն ներդրողներին, ապա նպատակահարմար կլիներ խմբագրել նշված հոդվածը՝ սահմանելով, որ. «ներդրողները, բացի ՀՀ-ում սահմանված իրավական պաշտպանության բոլոր միջոցներից, օգտվում են նաեւ իրավական հետեւյալ լրացուցիչ միջոցներից...» եւ թվարկել այդ միջոցները: Սակայն խնդիրն ավելի շատ ոչ թե խմբագրության մեջ է, այլ իրավական պաշտպանության միջոցների թվարկման սպառիչ բնույթի մեջ, ինչը լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել իրավական նոր (տվյալ ցանկում տեղ չգտած) միջոցների ի հայտ գալու եւ սահմանվելու դեպքում: Այս առումով, կարծում ենք, ճիշտ կլինի բաց պահել տվյալ ցանկը եւ 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված եւ ներդրողներին ու ներդրումներին վերաբերելի այլ միջոցներից:»:

5. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետությունը կարող է իր համաձայնությունը տալ վեճը միջազգային արբիտրաժում լուծվելուն՝ համաձայն գործող օրենքների, ներդրումային համաձայնագրերի, միջազգային կամ այլ պայմանագրերի, որոնց նա կողմ է հանդիսանում: Նման համաձայնությունը պետք է լինի գրավոր եւ հստակ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե օրենքներով, ներդրումային համաձայնագրերով, միջազգային կամ այլ պայմանագրերով սահմանված են, որ պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են միջազգային արբիտրաժում, ապա նման դեպքերում Հայաստանի Հանրապետության համաձայնությունը չի էլ պահանջվի, քանի որ այն իրենից արդեն պարտավորություն կներկայացնի, այլ ոչ թե իրավունք՝ առավել եւս օրենքների եւ միջազգային պայմանագրերի մասով: Հետեւաբար, այս նորմի առումով պետք է խոսքը գնա ոչ թե ՀՀ հայեցողական իրավունքի, այլ հստակ պարտականության մասին: Այլ հարց է, եթե խոսքը գնար այն մասին, որ ՀՀ-ն կարող է տալ իր համաձայնությունը վեճը միջազգային արբիտրաժում լուծվելուն, եթե համապատասխան օրենքներով կամ պայմանագրերով այդ վեճերի լուծման լիազորությունը վերապահված է բացառապես ՀՀ դատարաններին: 

Այս կապակցությամբ առաջարկում են վերախմբագրել Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը եւ այն շարադրել հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը կարող է իր համաձայնությունը տալ վեճը միջազգային արբիտրաժում լուծվելուն, եթե համաձայն գործող օրենքների, ներդրումային համաձայնագրերի, միջազգային կամ այլ պայմանագրերի, որոնց նա կողմ է հանդիսանում, վեճերի լուծումն ընդդատյա է Հայաստանի Հանրապետության դատարաններին:»:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ նշված դիտողությունների եւ առաջարկությունների համատեքստում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.03.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Ներդրումների մասին» օրենքը, որի նպատակն է սահմանել ներդրումային հարաբերությունները կարգավորող՝ արդի միջազգային չափանիշներին համապատասխան, հստակ, թափանցիկ եւ կանխատեսելի իրավական շրջանակ, ապահովելու ներդրողների իրավունքների արդյունավետ եւ համաչափ պաշտպանությունը, ներդրումների իրականացման ազատությունը, հավասար եւ ոչ խտրական վերաբերմունքը, ինչպես նաեւ ներդրումային գործունեության խթանումը՝ անկախ ներդրողի ազգային պատկանելությունից:

Նախագծի ընդունմամբ, ըստ հեղինակի, կձեւավորվի կայուն ներդրումային միջավայր, որը կնպաստի ներդրումային ռիսկերի նվազեցմանը, գործարար վստահության ամրապնդմանը եւ կապիտալի ներհոսքի ակտիվացմանը: Արդյունքում, Հայաստանը կկարողանա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը եւ մրցունակությունը, ամրապնդել ներդրումային գրավչությունը եւ ապահովել երկարաժամկետ, կայուն ու ներառական տնտեսական զարգացում:

Ներկայացված Նախագիծը սահմանում է ներդրումների եւ ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ: Սահմանում է նաեւ իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքները, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը եւ կայունությունը (օրինակ` օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ օրենքով սահմանված երաշխիքներով՝ անկախ երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից՝ այդպիսի փոփոխությունից կամ վերացումից հետո՝ հինգ տարվա ընթացքում):

Ընդհանուր առմամբ Նախագծի ընդունումը, դրա սոցիալական հնարավոր հետեւանքների տեսանկյունից, կարող է ունենալ ընդգծված դրական ազդեցություն ՀՀ բնակչության համար՝ կապված ներդրումային միջավայրի բարելավման արդյունքում բնակչության զբաղվածության մակարդակի եւ դրամական եկամուտների աճի հետ: Այդուհանդերձ, կցանկանայինք ներկայացնել նաեւ որոշ նկատառումներ Նախագծի առանձին դրույթների բարելավման նպատակով: 

1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց պետական մարմինների կողմից անհարկի ձգձգումների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրել, առաքել, ներմուծել եւ Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ:...», որի կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել «անհարկի ձգձգումներ» հասկացությունը: Վերջինս մեկնաբանման կարիք ունի եւ տարընթերցման հնարավորություն տվող բառակապակցություն է: Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:»: Այսպիսով, առաջարկում ենք տալ «անհարկի ձգձգումներ» հասկացության սահմանումը:

2. Նույն խնդիրն առկա  է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «էական ձգձգումներ» բառակապակցության հետ կապված, ուստի այս հասկացության մասով եւս առաջարկում ենք Նախագծում ներառել դրա հստակ սահմանումը կամ էլ դրա փոխարեն օգտագործել հանրահայտ եւ միանշանակ ընկալվող հասկացություն:

3.  Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը (ըստ որի՝ Լիազոր մարմինը. «իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով եւ դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:») առաջարկում ենք վերաշարադրել, քանի որ ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն. «Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:»: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

06.03.2026թ.