ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1280-10.03.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1280-10.03.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` նաեւ «Օրենսգիրք»)» ձեւակերպումը ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում: Առաջարկում ենք նաեւ «3.1-րդ» գրելաձեւը փոխարինել «3.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 23.03.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 23.03.2026թ.
Նախագծով առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն, որ դատարանը տնային կալանք եւ դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձեւերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 24.03.2026թ.
ՀՀ Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք եւ դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձեւերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու հնարավորություն: Սույն օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերվում է տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի կողմից հեռավար կրթություն ստանալու նպատակով կապի միջոցներից օգտվելու բացառության ամրագրմանը, հանդիսանալով պետության պոզիտիվ պարտականությունը, մարդու իրավունքների համատեքստում սոցիալական-իրավական տեսանկյունից բխում է ինչպես անձի կրթության հիմնարար իրավունքի շարունակականության ապահովման, այնպես էլ՝ անձի վերասոցիալականացման եւ հանցագործությունների կանխարգելման հայեցակարգից, մասնավորապես՝ կրթական գործընթացի շարունակականության ապահովումն նպաստում է մեղադրյալին մնալ հասարակության լիիրավ ու ակտիվ անդամ, որն էլ, իր հերթին, նվազեցնում է անձի մարգինալացման (հասարակությունից մեկուսանալու) ռիսկը եւ կանխում հանցավոր վարքագծի կրկնության հնարավորությունը, քանի որ անձը պահպանում է իր կապը դրական սոցիալական միջավայրի հետ: Նախագծով առաջարկվող՝ մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու դեպքում վերջինիս կրթության իրավունքից բխող կրթության շարունակականության ապահովման հայեցակարգի կարեւոր բաղադրիչ հանդիսացող հեռավար (դիստանցիոն) կրթության կանոնակարգման հետ կապված հիմնահարցերը վեր հանելու նպատակով մեր կողմից իրականացված միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ արձանագրենք, որ մի շարք զարգացած եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի[1] եւ Մեծ Բրիտանիայի[2] սույն ոլորտը կանոնակարգող օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերում, կալանավորված անձի կրթության իրավունքի ապահովման եւ վերահսկման կարեւորագույն բաղադրիչներ են, մասնավորապես՝ Էլեկտրոնային հսկողությունը, որը թույլ է տալիս կիրառել սահմանափակ «ժամային պատուհաններ» բացառապես կրթական հաստատություն հաճախելու նպատակով, իսկ անձի հեռավար ուսուցման դեպքում՝ դատարանը թույլատրում է օգտվել ինտերնետից՝ սահմանափակելով միայն այն կայքերը կամ էլեկտրոնային հարթակները, որոնք փոխկապակցված չեն տվյալ ուսման հետ: Ավելին՝ Դանիայի[3] օրենսդրության համաձայն, որտեղ կարեւորվում է վերասոցիալականացման հայեցակարգը, պետությունը տրամադրում է թվային հարթակներ եւ գործիքներ, որոնք ապահովում են մեկուսացման պայմաններում ուսման շարունակականությունը, իսկ Գերմանիայում[4] կրթությունը դիտարկվում է որպես պատժի նպատակներին հասնելու միջոց, ուստի, դատարանը մեղադրյալ ուսանողին սովորաբար թույլ է տալիս կապի միջոցներից օգտվել՝ բացառապես պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո՝ ենթաօրենսդրական ակտով հստակ սահմանելով վերահսկման մեխանիզմներ: Հավելենք նաեւ, որ հետսովետական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայի[5], Վրաստանի[6] եւ Էստոնիայի[7] սույն ոլորտը կանոնակագող օրենսդրության համաձայն՝ համակարգն անցում է կատարում խիստ սահմանափակումներից դեպի ավելի ճկուն լուծումների, մասնավորապես՝ Ուկրաինայում Սահմանադրությամբ ամրագրված իրավանորմերով երաշխավորում է կրթության իրավունքը բոլորի համար, եւ օրենսդրությունը ճանաչում է հեռավար ուսուցումն որպես լիարժեք ձեւ, իսկ տնային կալանքի տակ գտնվող անձանց համար սահմանվում են «անհատական ուսումնական պլաններ», որոնք համակարգվում եւ պատշաճ վերահսկողության են ենթարկվում քննչական մարմինների կողմից՝ դատական իշխանության հետ համատեղ: Բացի այդ, Էստոնիան, լինելով թվայնացված երկիր՝ կիրառում է առաջադեմ էլեկտրոնային վերահսկողություն, մասնավորապես՝ տնային կալանքի տակ գտնվող անձինք, ընդհանուր առմամբ, ունեն հասանելիություն պետական կրթական պորտալներին, սակայն սոցիալական ցանցերի եւ զվարճանքի կայքերի հասանելիությունը մնում է արգելափակված, որի վերասկողությունն իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից՝ համապատասխան հստակ վերահսկողական ընթացակարգեր սահմանող ենթաօրենսդրական ակտի՝ կարգերի միջոցով: Հավելենք, որ սույն ոլորտը կանոկարգող Վրաստանի օրենսդրության համաձայն՝ վերջին տարիներին ներդրված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, դատարաններն ավելի հաճախ ուսանողների նկատմամբ կիրառում են տնային կալանքն որպես այլընտրանք՝ սահմանափակ կապ տրամադրելով ուսումնական գործընթացի ժամերին: Հետեւաբար, հիմք ընդունելով միջազգային պրակտիկան, արձանագրենք, որ որպես վերահսկողության եւ կանխարգելման իրականացման արդյունավետ միջոցներ են հանդիսանում ինչպես բարդ ծրագրային ֆիլտրերը (Whitelisting), «ժամային թույլտվությունները», այնպես էլ՝ ֆիզիկական կամ «GPS» համակարգով ստուգումները, որոնց կիրառման եւ վերջիններիս միջոցով վերահսկման հստակ ընթացակարգերն ամրագրվում են համապատասխան պետությունների ենթաօրենսդրական ակտերով, որոնք էլ, իրենց հերթին, առավել բարենպաստ հիմքեր եւ պայմաններ են ստեղծում դատավորների կողմից տնային կալանք կիրառելու դեպքում՝ որպես մեղադրյալի կրթության շարունակականության ապահովման միջոց հեռավար (դիստանցիոն) կրթության հնարավորության ապահովման մասին դատարանի որոշման ընդունումը: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալ նկատառումները, ինչպես նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, կարծում ենք, որ ներկայացված իրավակարգավորումն ամբողջական, ընդգրկուն եւ համակարգված կանոնակարգելու նպատակով համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրամշակման շրջանակներում պետք է հստակ ամրագրվեն վերահսկողական մեխանիզմներ, մասնավորապես՝ իրավասու պետական մարմնի կողմից իրականացվող տեխնիկական վերահսկողության մեթոդներ (օրինակ՝ սպիտակ ցուցակի /White List/ սկզբունք, Էկրանի հեռավար մոնիտորինգ, տեղեկատվության հարցում ուսումնական հաստատությունից, ժամային սահմանափակում եւ այլն), ինչպես նաեւ մեղադրյալի համակարգչից օգտվելու տեխնիկական հստակ ձեւաչափեր (օրինակ՝ մուտքի սահմանափակում, միայն կրթական կայքերին հասանելիություն եւ այլն) եւ տնային կալանքը կրող մեղադրյալների իրավահավասար պայմանների ապահովման հավասար հնարավորության մեխանիզմներ, մասնավորապես՝ տեխնիկական սարքավորումների եւ ինտերնետ կապի բացակայության դեպքում համապատասխան միջոցներով ապահովում, որպեսզի շարունակական կրթության իրավունքի իրացումն ինքնին չվերածվի արտոնության բացառապես այն անձանց համար, ովքեր կարող են իրենց թույլ տալ հեռավար ուսուցում՝ միաժամանակ ապահովելով անձի՝ որպես հասարակության լիիրավ անդամի կրթական իրավունքի շարունակականությունը: Հավելենք, որ վերոգրյալ ընթացակարգերի ամրագրում ապահովող պատշաճ իրավակարգավորումները հնարավորություն կտան դատարանին, ցուցաբերելով ճկուն մոտեցում, խուսափել անձի նկատմամբ կիրառել չարդարացված խիստ սահմանափակումներ՝ առավել հաճախակի նախապատվություն տալով տնային կալանքի այլընտրանքային ինստիտուտին: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235) 20.03.2026թ. -------------------------------------------------------------------------------- [1]Տես՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պաշոտանական կայք էջ՝ www.assemblee-nationale.fr Տես՝ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայք էջում ֆրանսիայի օրենսդրության էլ. շտեմարանը՝ https://n-lex.europa.eu/n-lex/info/info-fr/index
[2]Տես՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշոտանական կայք էջ՝ https://www.parliament.uk/ Տես՝ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայք էջ՝ https://www.gov.uk/
[3]Տես՝ Դանիայի խորհրդարանի պաշտոնական կայք էջ՝ https://www.thedanishparliament.dk , Տես՝ Դանիայի Կառավարության պաշտոնական կայք ջէ՝ https://denmark.dk/society-and-business/government-and-politics
,
[4] Տես՝ Գերմանիայի խորհրդարանի /Բունդեսթաք/, պաշտոնական կայք էջ՝ https://www.bundestag.de/en Տես՝ Գերմանիայի Կառավարության պաշտոնական կայք էջ՝ https://www.bundesregierung.de/breg-en , Տես՝ Եվրոպական միության < [5]Տես՝ Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի պաշտոնական կայք Էջ՝ rada.gov.ua Տես՝ Ուկրաինայի Կառավարության կայք էջ՝ https://www.kmu.gov.ua/en Տես՝ Ուկրաինայի Սահմանադրական դատարանի կայք էջ՝ https://ccu.gov.ua/sites/default/files/constitution_2019_eng.pdf
[6]Տես՝ Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայք էջ՝ https://parliament.ge/en Տես՝ Վրաստանի Կառավարության պաշտոնական կայք էջ ՝ https://www.gov.ge/
[7] Տես՝ Էստոնիայի կառավարության պաշտոնական կայք էջ՝ https://valitsus.ee/en Տես՝ Էստոնիայի խորհրդանի (Ռիյգիկոգու) պաշտոնական կայք Էջ՝ https://www.riigikogu.ee/en/ Տես՝ Եվրոպական միության < |