ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1299-31.03.2026-ՖՎ-011/0), «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12991 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12992 -31.03.2026-ՖՎ-011/0),«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12993 -31.03.2026-ՖՎ-011/0), «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12994 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12995 -31.03.2026-ՖՎ-011/0), «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12996 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12997 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12998 -31.03.2026-ՖՎ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12999 -31.03.2026-ՖՎ-011/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129910 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129911 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129912 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129913 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129914 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129915 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129916 -31.03.2026-ՖՎ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129917 -31.03.2026-ՖՎ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129918 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129919 -31.03.2026-ՖՎ-011/0), « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129920 -31.03.2026-ՖՎ-011/0) եւ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-129921 -31.03.2026-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1299-31.03.2026-ՖՎ-011/0), «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12991 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12992 -31.03.2026-ՖՎ-011/0),«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12993 -31.03.2026-ՖՎ-011/0), «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12994 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12995 -31.03.2026-ՖՎ-011/0), «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12996 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12997 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12998 -31.03.2026-ՖՎ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12999 -31.03.2026-ՖՎ-011/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129910 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129911 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129912 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129913 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129914 -31.03.2026-ՖՎ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129915 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129916 -31.03.2026-ՖՎ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129917 -31.03.2026-ՖՎ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129918 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129919 -31.03.2026-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129920 -31.03.2026-ՖՎ-011/0) նախագիծը եւ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-129921 -31.03.2026-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին գլխում առկա է միայն մեկ հոդված, ինչի կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում»: Մեջբերված դրույթից բխում է, որ գլուխն իրենից ներկայացնում է մի քանի հոդվածների միավորում, հետեւաբար՝ գլուխը չի կարող կազմված լինել միայն մեկ հոդվածից: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի բոլոր այն հոդվածներին, որոնցում առկա է միայն մեկ հոդված:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված է «օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղեր», նույն հոդվածի 2-րդ մասում նշված է «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»՝ առաջարկում ենք Նախագծում նույն իմաստն արտահայտող բառերը շարադրել նույն կերպ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծում միաժամանակ կիրառվող «կենտրոնական բանկ» եւ «Կենտրոնական բանկ» տարբերակներին:

3. Նախագծի 3-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք շարադրել մեծատառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը, այն է. «Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծի բոլոր՝ փոքրատառերով շարադրված գլուխների վերնագրերին:

4. Նախագծի 4-րդ հոդվաի 4-րդ մասում կիրառվում է «զուտացման համաձայնագիր» հասկացությունը, մինչդեռ նշենք, որ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում կիրառվում է նույն իմաստն արտահայտող  «զուտացման համաձայնություն» հասկացությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով կիրառված «զուտացման համաձայնագիր» բառերը փոխարինել «զուտացման համաձայնություն» բառերով՝ համապատասխան հոլովաձեւով:

5. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրը երկու անգամ է շարադրված, հետեւաբար առաջարկում ենք դրանցից մեկը հանել:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված է «բանկի ձախողման կամ հավանական ձախողման դեպքում Կենտրոնական բանկի հավանական գործողությունները նկարագրող ծրագիր (այսուհետ՝ Վերակառուցման ծրագիր)», մինչդեռ Նախագծի մի շարք հոդվածներում կիրառվում է նաեւ «վերակառուցման ծրագիր» տարբերակը: Ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին, այն է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Վերակառուցման հիմնադրամը ստեղծում է վարկային կազմակերպություն (այսուհետ նաեւ՝ Վարկային կազմակերպություն)» բառերին եւ դրանից հետո փոքրատառով կիրառվող «վարկային կազմակերպություն» բառերին:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված է. «Մինչեւ բանկի վերակառուցումը, վերակառուցման գործընթացում կամ դրանից հետո տեղեկությունների հրապարակումը այն անձի, պետական մարմնի եւ նրա պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների տրամադրումը անհրաժեշտ է անձին իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար», նույն դրույթի երկրորդ նախադասությամբ սահմանվում է, թե այդ մասի իմաստով որ գործողությունն է համարվում տեղեկություն հրապարակել: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի այլ դրույթներով եւս սահմանվում են կարգավորումներ տեղեկությունների հրապարակման արգելքի վերաբերյալ, սակայն սահմանված չէ, թե այդ դրույթների իմաստով որն է համարվում հրապարակում, ինչպես օրինակ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 8-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ այս դրույթները բավականաչափ որոշակի չեն, հետեւաբար՝ առաջարկում ենք հստակեցնել նաեւ, թե այլ դրույթներում տեղեկությունների հրապարակումն ինչ իմաստով է կիրառվում:

8. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասով նշված է. «Բանկի վերակառուցումը ֆինանսավորելու նպատակով ստեղծվում է հիմնադրամ (այսուհետ` Վերակառուցման հիմնադրամ)», մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածից սկսած արդեն իսկ կիրառվում էր «Վերակառուցման հիմնադրամ» տարբերակը: Վերոնշյալը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, որով սահմանված է, որ երկար արտահայտությունների կրճատ տարբերակը պետք է սահմանվի իրավական ակտում վերջինիս առաջին իսկ կիրառումից հետո:

9. Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «մլն» հապավումն առաջարկում ենք փոխարինել «միլիոն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

10. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասում կետերի համարակալումը սկսում է 5-րդ համարի կետից, հետեւաբար առաջարկում ենք շտկել այդ վրիպակը: 

Բացի այդ՝ նույն հոդվածի 3-րդ մասում կետերի համարակալումն իրականացվում է հայերեն տառերով, հետեւաբար առաջարկում ենք հոդվածում կետերը համարակալելիս առաջնորդվել նույն սկզբունքով եւ համարակալումն իրականացնել միատեսակ:

11. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածով սահմանվում են բանկի անվճարունակության վերաբերյալ կարգավորումներ, իսկ նույն նախագծի 4-րդ հոդվածով քննարկվող օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածով սահմանվում են կարգավորումներ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների անվճարունակության վերաբերյալ: Երկու հոդվածների 5-րդ մասերով սահմանվում են նույնաբովանդակ կարգավորումներ, մասնավորապես՝ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռով զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացման սահմանափակման արգելքի վերաբերյալ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 5-րդ մասում հստակեցնել, որ այդ դրույթում նշված սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելու դեպքը վերաբերում է միայն ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններին, այլ ոչ ֆինանսական կազմակերպություններին, որոնց մեջ ներառված են եւ՛ բանկերը, եւ՛ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունները, քանի որ բանկերի մասով այս հարաբերությունն արդեն իսկ կարգավորված է քննարկվող նախագծի 3-րդ հոդվածով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածով: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ, 14-րդ հոդվածի 8-րդ եւ 17-րդ հոդվածի 1-ին մասերից, որոնցով սահմանվում են նորմերում կրկնության բացառության եւ հոդվածով սահմանված դրույթների՝ իրենց բովանդակությամբ դրա վերնագրին համապատասխաության վերաբերյալ կարգավորումներ:

12. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում առաջարկում ենք հստակեցնել, թե «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության մեջ առկա երկու «բանկի» բառերից որը պետք է հանվի՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախադասության մեջ կիրառվում են նաեւ «Կենտրոնական բանկի» բառերը:

13. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, որ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի «դ» ենթակետից պետք է հանել ցանկացած հոլովաձեւով շարադրված «կամ վարկային կազմակերպության» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ դրույթում այդ բառերը երկու տարբեր հոլովաձեւերով են նշված:

14. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 28-րդ հոդվածում «Օրենքն» բառն առաջարկում ենք շարադրել փոքրատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ հոդվածում «Օրենք» բառը կիրառվում է նախագծի իմաստով, մինչդեռ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված է, որ այդ նախագծում «Օրենք» տարբերակը կիրառվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենք իմաստով:

15. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում կիրառվում են «ձախողված կամ հնարավոր ձախողվող» բառերը մինչդեռ Նախագծում կիրառվում են «ձախողվող կամ հավանական ձախողվող» բառերը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ առաջարկում ենք բացառել նշված դրույթի եւ Նախագծի միջեւ առկա հակասությունը:

16.«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում անհրաժեշտ է «ժէ1» կետը տեքստից անջատել փակագծով, այլ ոչ միջակետով՝ հիմք ընդունելով այդ հոդվածում մնացած բոլոր կետերի համարակալման միատեսակության սկբունքը:

17. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է հետեւյալ նախադասությունը. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վարկային կազմակերպության որոշ առանձնահատկություններ սահմանվում են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով»: Նշենք, որ հասկանալի չէ, թե վերը մեջբերված դրույթն իր բովանդակությամբ ինչ իմաստ է արտահայտում:

18. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին հղում կատարելիս առաջարկում ենք շարադրել դրա լրիվ անվանում՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 

19. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծով նախատեսվում են միայն փոփոխություններ: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

20. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում անհրաժեշտ է հստկեցնել, որ համապատասխան փոփոխությունը պետք է կատարվի «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ 3-րդ հոդվածում կատարվող ոչ հստակ հղումներին:

21. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «236-րդ հոդվածի» բառերից առաջ առաջարկում ենք շարադրել «Օրենսգրքի» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջները:

22. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.1-ին գլխի վերնագիրն առաջարկում ենք ամբողջությամբ շարադրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը:

23. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 291.1-ին հոդվածում առկա է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» եւ «Կենտրոնական բանկ» բառերի միաժամանակյա կիրառություն: Առաջարկում ենք ապահովել նշված նախագծի դրույթների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

24. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր լրացվող 291.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առաջարկում կարագավորումները նախատեսել «դիմումի» եւ «դիմումատուի» վերաբերյալ, քանզի բանկի վերակառուցման վերաբերյալ գործերը հանդիսանալու են հատուկ վարույթ եւ հարուցվելու են Կենտրոնական բանկի դիմումի հիման: 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր լրացվող 291.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դատարանը բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացնում է դիմումը մերժելու մասին վճիռ, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:»: Հարկ է նշել, որ բանկերի վերակառուցման որոշումները հիմնվում են Կենտրոնական բանկի կողմից որոշակի հանգամանքների գնահատման վրա, որոնք ամփոփվում են պատճառաբանված որոշմամբ եւ որոնք ներկայացվում են դատարան՝ բանկը վերակառուցելու «թույլտվություն» ստանալու նպատակով: Ընդ որում, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի դրույթներից բխում է, որ վերակառուցումը ուղեկցվում է մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակմամբ, ինչն այդ գործընթացին դատարանի մասնակցությունը դարձնում է անհրաժեշտ: Սակայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացվող նոր 291.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն, դատարանի կողմից միայն այդ որոշման ընթացակարգերի պահպանման հիման վրա դիմումը մերժելու կամ բավարարելու որոշում կայացնելու իրավասությունը չի բխում այն նպատակներից եւ դերից, որը դատարանը պետք է ունենա բանկերի վերակառուցման գործընթացում: Մասնավորապես, վերջինս պետք է հնարավորություն ունենա անձամբ գնահատել այն հանգամանքները, որոնք Կենտրոնական բանկի որոշմամբ պետք է հանգեցնեն բանկի վերակառուցման: Հակառակ պարագայում ձեւավորվում է բանկերի վերակառուցման վերաբերյալ դատական վերահսկողության էապես սահմանափակ մոդել, որի շրջանակում դատարանը հանդես է գալիս ոչ թե որպես լիարժեք արդարադատություն իրականացնող մարմին, այլ որպես Կենտրոնական բանկի կողմից կայացված որոշումների արագացված եւ հիմնականում ձեւական վավերացման օղակ:

25. Շարունակելով նախորդ կետի շրջանակում կատարված դիտարկումը նշենք, որ խնդրահարույց ենք համարում նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր լրացվող 291.1-ին հոդվածի 6-րդ մասը, ըստ որի՝ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի  10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով: Իսկ 360-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից պարզ է դառնում, որ առաջին ատյանի դատարանի վճիռները բոլոր դեպքերում պետք է բողոքարկելի լինեն, իսկ «օրենքով սահմանված դեպք» արտահայտությունը վերաբերում է միջանկյալ դատական ակտերին, այն է՝ «Առաջին ատյանի դատարանի վճիռների եւ սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն»: Քաղաքացիական դատավարական օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս նաեւ, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են դատական վերահսկողության դատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ կարգով, կոնկրետ դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի չորրորդ («Վարույթը վերաքննիչ դատարանում») եւ հինգերորդ («Վարույթը վճռաբեկ դատարանում») բաժինների կանոններով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը եւ պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը եւ պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը եւ անձանց իրավունքների եւ ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարեւոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական եւ էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից եւ արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։ 

Այս համատեքստում ցանկանում ենք նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր լրացվող 291.1-ին հոդվածի 6-րդ մասը խնդրահարույց է, քանզի բանկը, որի վերաբերյալ կայացվել է վերակառուցման որոշում չի ունենալու հնարավորություն դատական կարգով վիճարկել այդ վճիռը: Ուստի կարծում ենք, որ սույն կարգավորումը կարող է խնդրահարույց լինել արդար դատաքննության երաշխավորման տեսանկյունից: 

26. Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ,
ոչ հստակ ձեւակերպումներ, դասական թվականների գրության սխալներ, անհարկի մեծատառերի օգտագործումներ, որոնք շտկման կարիք ունեն: 

Հատկանշական է, որ Նախագծի մի շարք դրույթներում (Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, 4-րդ հոդվածի, 3-րդ մասի 9-րդ կետ եւ այլն) երեւում է, որ Կենտրանական բանկի կողմից վերակառուցման ընթացքում կիրառվող գործիքների արդյունքում շոշափվելու է վերակառուցվող բանկի, մասնակիցների, պարտատերերի, հաճախորդների իրավունքները, մասնավորապես վերջիններիս սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքը՝ առանց վերջիններիս համաձայնության: Գտնում ենք, որ սույն համատեքստում խիստ սահմանային է պետության կողմից հիմնարար իրավունքի խախտման վտանգը եւ կարգավորումները գուցե խնդրահարույց լինեն:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթի ծավալի, դրա առանձնակի բարդության, ինչպե նաեւ աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության գործոնները հաշվի առնելով, չի բացառվում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված դրույթները կարող են խնդրահարույց լինել արդար դատաքննության երաշխավորման տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների իրավական որոշակիությունը, հստակությունը, համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

21.04.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռեւս 2018 թվականին Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկություններից, որոնց նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման եւ առհասարակ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար:  Մասնավորապես, տրվել է առաջարկություն, որով ընդգծվել է բանկերի վերակառուցման (առողջացման) (bank resolution) օրենսդրությունը Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) կողմից հաստատված «Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրում (Memorandum of Economic and Financial Policies - MEFP) որպես կառուցվածքային հենանիշ է սահմանվել «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: 

Այս նպատակով առաջարկվում է.

ա) ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտը, իսկ բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը վերապահել Կենտրոնական բանկին: Վերակառուցում իրականացնելու համար Կենտրոնական բանկին օրենքով տրվում են իրավասություններ, որոնք հնարավորություն կտան հասնել վերակառուցման նպատակներին, 

բ) սահմանել այն հիմնարար նպատակները, որոնց հասնելու համար Կենտրոնական բանկը, որպես վերակառուցման լիազոր մարմին, կարող է բանկին վերակառուցելու որոշում կայացնել: Մասնավորապես, դրանք են՝ ֆինանսական կայունության ապահովումը, բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովումը, պետական միջոցների պաշտպանությունը՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը, 

գ) սահմանել այն սկզբունքները, որոնցով անհրաժեշտ է առաջնորդվել բանկերի վերակառուցումն իրականացնելիս: Օրինակ, Կենտրոնական բանկի կողմից օրենքի նախագծով  սահմանված վերակառուցման գործիքների, ինչպես նաեւ այլ իրավասությունների կիրառման համար չի պահանջվում վերակառուցվող բանկի, վերակառուցվող բանկի մասնակիցների, պարտատերերի, հաճախորդների եւ այլ անձանց համաձայնությունը, կամ բանկի վերակառուցման գործընթացում ավանդատուների երաշխավորված բանկային ավանդները՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  օրենքով սահմանված հատուցման չափով պաշտպանված են, 

դ) ներդնել բանկերը վերակառուցելու գործիքները՝ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը, կամուրջ բանկի ստեղծման գործիքը, ակտիվների առանձնացման գործիքը, ներքին աջակցության գործիքը, դրանց կիրառման մեխանիզմները եւ այլն: 

Ընդհանուր առմամբ Նախագծերի փաթեթը ուղղակի ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ եւ բացասական հնարավոր հետեւանքներ չի պարունակում, սակայն Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) առկա են որոշակի դրույթներ, որոնք հստակեցման եւ շտկման կարիք ունեն: 

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են Բանկի վերակառուցման նպատակները, որոնք են.

«1) ֆինանսական կայունության ապահովումը. 

2) բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովումը.

3) պետական միջոցների պաշտպանությունը՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը:»:

Բերված տեքստի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանվող նպատակները, կարծում ենք, հստակեցման կարիք ունեն, քանի որ ֆինանսական կայունության ապահովումը շատ լայն հասկացություն է եւ Սահմանադրության 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն է (հետեւաբար՝ հարկ է հստակ նշել, թե ու՞մ ֆինանսական կայության մասին է խոսքը՝ վերակառուցվող բանկի, թե՞ ՀՀ-ի): 

Ինչ վերաբերում է 3-րդ կետով սահմանվող նպատակին, ապա խոսքը, կարծում ենք, պետք է գնա պետական միջոցների ոչ թե «պաշտպանության», այլ խնայողության մասին, քանի որ պաշտպանությունն ավելի շատ ֆիզիկական գործողության իմաստ ունի, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է ընդամենը պետական միջոցները հնարավորինս քիչ ծախսելու նպատակի մասին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ բանկի վերակառուցման սկզբունքներից մեկը կայանում է նրանում, որ. «եթե բանկի վերակառուցման արդյունքում վերակառուցվող բանկի որեւէ մասնակից կամ պարտատեր կրի ավելի մեծ վնաս, քան կկրեր վերակառուցվող բանկի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման դեպքում, ապա վնասը փոխհատուցվում է սույն օրենքով սահմանված կարգով.»: Խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ դեպքում չի կարող խոսք գնալ ամբողջ վնասի փոխհատուցման մասին (ինչը մանրամասն շարադրված է նաեւ Նախագծի համապատասխան հոդվածում), հետեւաբար՝ բերված տեքստի «վնասը փոխհատուցվում է» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «վերակառուցման եւ հնարավոր լուծարման արդյունքում առաջացող վնասների դրական տարբերությունը փոխհատուցվում է» նախադասությամբ:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ դրանում ընդգրկված «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծի որոշ դրույթների հստակեցման տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչպես նաեւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր  (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝

- ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտը՝ բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը վերապահելով Կենտրոնական բանկին.

- սահմանել այն հիմնարար նպատակները, որոնց հասնելու համար Կենտրոնական բանկը, որպես վերակառուցման լիազոր մարմին, կարող է բանկին վերակառուցելու որոշում կայացնել.

- սահմանել այն սկզբունքները, որոնցով անհրաժեշտ է առաջնորդվել բանկի վերակառուցումն իրականացնելիս.

- ներդնել բանկերը վերակառուցելու գործիքները՝ բանկի (դրա մի մասի) վաճառքի գործիքը, կամուրջ բանկի ստեղծման գործիքը, ակտիվների առանձնացման գործիքը, ներքին աջակցության գործիքը եւ դրանց կիրառման մեխանիզմները.

- ներդնել որոշակի պաշտպանական մեխանիզմներ, մասնավորապես՝ սահմանել, որ եթե բանկի վերակառուցման արդյունքում վերակառուցվող բանկի որեւէ մասնակից կամ պարտատեր կրի ավելի մեծ վնաս, քան կկրեր՝ վերակառուցվող բանկի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման դեպքում, ապա վնասը փոխհատուցվում է Նախագծով սահմանված կարգով.

- նախատեսել կարգավորում՝ վերակառուցման գործընթացի ֆինանսավորումն ապահովելու նպատակով, մասնավորապես՝ վերակառուցման գործընթացի ֆինանսավորման նպատակով ստեղծել Վերակառուցման հիմնադրամ, որը ձեւավորվելու է բանկերի կողմից կատարվող միանվագ, պարբերական եւ լրացուցիչ հատկացումների հաշվին եւ այլն:

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կներդրվեն ճգնաժամերի կառավարման եւ միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ եւ գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն.

«Կենտրոնական բանկը բանկի վերակառուցման համար իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունները, այդ թվում՝

6) բանկի վերակառուցման դեպքում ստանձնում է բանկի կառավարման բոլոր մարմինների եւ մասնակիցների՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունները եւ իրավասությունները, այդ թվում՝ մասնակիցների անունից մասնակցությունն անկախ գնահատման կամ սակարկությունների հիման վրա որոշված գնով օտարելու, հետ կանչելու կամ հետ գնելու պահանջ ներկայացնելու իրավասությունները»: 

Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Կենտրոնական բանկը՝ բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսված գործընթացներն իրականացնում է ինքնուրույն, կամ հատուկ ղեկավարի (ղեկավարության) միջոցով: Հատուկ ղեկավարը եւ ղեկավարության անդամները նշանակվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից եւ հաշվետու են Կենտրոնական բանկի խորհրդին: Հատուկ ղեկավարը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված եւ բանկի վերակառուցման որոշմամբ սահմանված այլ իրավասություններ՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված վերակառուցման նպատակներն ապահովելու համար»: 

Միեւնույն ժամանակ, Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. 

«4. Հատուկ ղեկավար (ղեկավարության) նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վերակառուցվող բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորություններն, այդ թվում՝ բանկի ընդհանուր ժողովի՝ որոշումներ կայացնելու լիազորություններն ամբողջությամբ անցնում են հատուկ ղեկավարին, եթե Կենտրոնական բանկի խորհրդի՝ հատուկ ղեկավար նշանակելու որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Հատուկ ղեկավարի   (ղեկավարության անդամների) վարձատրության չափը սահմանվում է ղեկավար (ղեկավարության անդամներ) նշանակելու մասին որոշմամբ: Հատուկ ղեկավարի (ղեկավարության անդամների) վարձատրությունն իրականացվում է վերակառուցվող բանկի միջոցների հաշվին»:

Նույն՝ 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

«5. Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ կարող է վերակառուցվող բանկի ղեկավարներին առաջարկել որոշմամբ սահմանված ժամկետով պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները բանկում կամ նրանց ընդգրկել հատուկ ղեկավարության կազմում»: 

- Վերոնշյալի կապակցությամբ հարց է առաջանում՝ հնարավոր է արդյո՞ ք  վերակառուցվող բանկի Գործադիր տնօրենին, տնօրինության անդամներին, ինչպես նաեւ խորհրդի անդամներին եւս առաջարկվեն իրենց զբաղեցրած պաշտոնները պահպանել: Եթե այո՝ ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի վերակառուցման դեպքում Կենտրոնական բանկն ստանձնում է բանկի կառավարման բոլոր մարմինների եւ մասնակիցների՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունները եւ իրավասությունները, այստեղ խնդիր կառաջանա՝ կապված Կենտրոնական բանկի եւ բանկի կառավարման մարմինների լիազորությունների եւ իրավասությունների տարանջատման  հետ.

Միեւնույն ժամանակ, բանկի կառավարման մարմին հանդիսացող կամ կառավարման մարմինների անդամ հանդիսացող ղեկավարների հետագա պաշտոնավարման հանգամանքը խնդրահարույց կարող է դիտարկվել այն տեսանկյունից, որ հենց վերջիններիս կայացրած որոշումների եւ կատարած այլ գործողությունների արդյունքում է առաջացել բանկի վերակառուցման անհրաժեշտությունը. 

- Առաջարկում ենք սահմանել վերակառուցվող բանկի ղեկավարների, ինչպես նաեւ այլ աշխատակիցների զբաղեցրած պաշտոնները պահպանելու (ղեկավարներին հատուկ ղեկավարության կազմում ընդգրկելու) չափանիշներ/դեպքեր, այլապես Նախագծի համապատասխան դրույթներում ամրագրված՝ Կենտրոնական բանկի կողմից վերակառուցվող բանկի ղեկավարին կամ այլ աշխատակցին հետագա պաշտոնավարման հնարավորություն տրամադրելու իրավասությունը կարող է դիտարկվել որպես հայեցողական եւ վիճարկման առիթ հանդիսանալ. 

- Վերը հիշատակված նկատառումները եւ առաջարկությունները հաշվի առնելու դեպքում՝ անհրաժեշտություն կառաջանա վերանայել նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետը. 

2. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի համաձայն՝ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել՝ 

այն պայմանագրից բխող ցանկացած վճարում կամ պարտավորությունների կատարում, որի կողմ է վերակառուցվող բանկը,

վերակառուցվող բանկի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող երրորդ անձանց՝ պայմանագիրը դադարեցնելու կամ վաղաժամկետ մարում պահանջելու իրավունքը:

- Վերոնշյալ դեպքերում կասեցումների արդյունքում երրորդ անձինք կարող ենք վնասներ կրել, ինչի կապակցությամբ հարց է առաջանում՝ ինչպե՞ ս եւ ու՞ մ կողմից են հատուցվելու կասեցումների հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասները եւ առհասարակ՝ ի՞ նչ մեխանիզմով/ընթացակարգով է իրականացվելու կասեցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կասեցումն անմիջականորեն  շոշափում է երրորդ անձանց իրավունքներն ու շահերը: Այս առումով  խնդրահարույց է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «Սույն օրենքով նախատեսված վերակառուցման գործիքների եւ իրավասությունների կիրառումը հիմք չէ երրորդ անձի կողմից պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից օգտվելու համար, եթե պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը պայմանավորված է սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումներով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կասեցումը չի համարվում բանկի կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում». 

3. Նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ 

Կենտրոնական բանկի հայցի հիման վրա դատարանը կարող է անվավեր ճանաչել.

«2) բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում բանկի մասնակիցներին բաշխված շահութաբաժինները, նրանց կամ այլ անձանց օգտին անհատույց օտարված գույքը, ղեկավարներին վճարված պարգեւատրումները».

- Նախ նշենք, որ «անվավեր ճանաչել շահութաբաժինները», «անվավեր ճանաչել օտարված գույքը», ինչպես նաեւ «անվավեր ճանաչել պարգեւատրումները» արտահայտությունները ճիշտ չեն եւ Նախագծի նշված՝   4-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետն ամբողջությամբ վերանայման կարիք ունի.

- Ինչ վերաբերում է պարգեւատրումները անվավեր ճանաչելուն, բացի վերը հիշատակված՝ ձեւակերպումը սխալ լինելու հանգամանքից, հարկ ենք համարում նշել, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 37.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Բանկերը պարգեւատրումների եւ այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ այլն) մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին:»: Կենտրոնական բանկը նաեւ վերոնշյալ օրենքի 36-րդ հոդվածի 4.1 մասում սահմանված դեպքերում կարող է սահմանափակել բանկի կողմից շահութաբաժիններ բաշխելը:

 Այս համատեքստում անհասկանալի է պարգեւատրումների եւ շահութաբաժինների, այսպես ասած «անվավեր ճանաչելը», այն էլ՝ «բանկի վերակառուցման մասին որոշմանը նախորդող առավելագույնը երեք տարվա ընթացքում». 

Օրինակ, ի՞ նչ հետեւանք է առաջանալու բանկի ստորաբաժանման ղեկավարին 2 (երկու) տարի կամ այլ ժամանակահատված առաջ տրամադրված պարգեւատրումը, այսպես ասած, «անվավեր ճանաչվելու դեպքում». 

Առաջարկում ենք նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետը վերանայել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի «Բանկերի ղեկավարների պատասխանատվությունը վերտառությամբ» 601 հոդվածի համատեքստում. 

4. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում համապատասխանաբար նշվում է՝ «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից» եւ «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո», մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում դատարանի որոշման մասին խոսք չի գնում:

Ըստ այդմ, առաջարկում ենք վերանայել 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերը: 

5. Նշենք նաեւ, որ Նախագծի ողջ տեքստում առկա են իմաստային մի շարք անհամապատասխանություններ:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումներն ու առաջարկությունները՝ գտնում ենք, որ Նախագծերի փաթեթը վերանայման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

20.04.2026թ.