ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1302-01.04.2026-ՏՀ-011/0) եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-13021 -01.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1302-01.04.2026-ՏՀ-011/0) եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-13021 -01.04.2026-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին 

1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»: Հետեւաբար առաջարկում ենք «դեկտեմբերի 17-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 4-ի» բառերով:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստից հանել «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքում նշված բառերը հիշատակվում են 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 5-րդ հոդվածում, որոնք շարադրվում են նոր խմբագրությամբ, 14-րդ հոդվածի 1-ին  մասում, որտեղ կատարվող փոփոխությամբ քննարկվող բառերը փոխարինվում են: Ըստ այդմ Օրենքում  «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը հիշատակված են մնում միայն 14-րդ հոդվածի 2-րդ մասում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության փոխարեն համապատասխան փոփոխություն կատարել հղում անելով միայն Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 

3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ կետի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման դեպքում տվյալ նոր աշխատողի կամ աշխատանքային միգրանտի համար հաշվարկված եկամտային հարկի հաշվարկման, փոփոխության ինչպես նաեւ աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:»: Գտնում ենք, որ սույն կարգավորումը բավական անորոշ կերպով է պաշտպանում աշխատանքային միգրանտի սեփականության իրավունքը, քանզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաեւ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ սեփականության եւ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլեւ նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե՛ս Trgo v. Croatia, Application no. 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, կետ 44): 

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Կառավարության կողմից պետական աջակցություն տրվում է աշխատանքային միգրանտին եւ այդ գումարի նկատմամբ պետք է տարածվի վերջինիս սեփականության իրավունքը: Նույն մասի 2-րդ կետի համաձայն տնտեսվարող սուբյեկտը, ստանալով աշխատանքային միգրանտին տրամադրվող աջակցության գումարը, պարտավորվում է այն փոխանցել աշխատանքային միգրանտին հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սակայն այդ պարտականության կատարումն ապահովելու նպատակով որեւէ պետական հարկադրանքի ձեւ նախատեսված չէ, ինչն աշխատանքային միգրանտի իրավունքի պաշտպանությունը դարձնում է «թերի երաշխավորված»՝ մասնավոր սուբյեկտի հետ՝ գումարի վերադարձի խնդիր ունենալու դեպքում նրան ուղղորդելով քաղաքացիաիրավական ճանապարհով վեճը լուծել: Ուստի առաջարկում ենք օրենսդրական մակարդակով տնտեսվարող սուբյեկտի համար պարտականություն նախատեսելու հետ մեկտեղ երաշխավորել դրա կատարումը որոշակի բացասական հետեւանքների սպառնալիքով, ինչն էլ իր հերթին կպաշտպանի աշխատանքային միգրանտի սեփականության իրավունքը: 

5. Նախագծի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր կերպ, մասնավորապես. 

Նախագծում «լիազոր մարմին», «տնտեսվարող սուբյեկտ» եզրույթները կիրառվում են եւ՛ մեծատառով, եւ՛ փոքրատառով:

Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են «պետական աջակցություն» եւ «աջակցություն» եզրույթները: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ, ինչպես նաեւ հաշվի առնել Օրենքում արդեն իսկ սահմանված հասկացությունները:

6. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա: Չհանդիսանալով իրավաբանական անձ՝ վերջիններս վարչական իրավահարաբերություններին չեն մասնակցում ինքնուրույն, ինչը բխում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներից եւ պետք է գործեն հիմնական իրավաբանական անձի՝ տվյալ դեպքում առեւտրային կազմակերպության անունից: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները» բառերը: 

7. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում աջակցությունը ստացողի եւ լիազոր մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:»:

Սույն դրույթից բխում է, որ պետական աջակցության տրամադրման մերժման դեպքում դիմողին ներկայացվում է վարչական ակտ, մինչդեռ բավարարման դեպքում նախատեսվում է պայմանագրի կնքում: Հարկ է նկատել, որ պայմանագրի կնքումը բնորոշ է առավելապես քաղաքացիաիրավական հարաբերություններին եւ անհասկանալի է, թե քննարկվող հարաբերությունների շրջանակում ինչ կարգավիճակ է ունենալու այդ պայմանագիրը եւ ինչ հարաբերություններ է կարգավորելու: Հաշվի առնելով, որ տվյալ հարաբերությունները ծագում են պետական լիազորությունների իրականացման արդյունքում, ունեն վարչաիրավական բնույթ, հիմնավոր է, որ պետական աջակցության ինչպես մերժումը, այնպես էլ տրամադրումը ձեւակերպվեն վարչական ակտերով։ 

8. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում սահմանված են պետական աջակցության դադարեցման հիմքերը, որի 2-րդ կետի համաձայն. «2) տնտեսավարող սուբյեկտը կատարել է այնպիսի գործողություններ, որոնց չկատարման դեպքում հնարավոր չէր լինի պետական աջակցություն ստանալը կամ  պետական աջակցության գումարի չափի ավելացումը,»:

Պետական աջակցության դադարեցման նշված հիմքը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարվող գործողությունները բնութագրվում են չափազանց ընդհանուր ձեւակերպմամբ՝ միայն այն չափանիշով, որ դրանց չկատարման դեպքում հնարավոր չէր լինի ստանալ պետական աջակցություն կամ ավելացնել դրա չափը։

Այս մոտեցման արդյունքում գործողությունների շրջանակը դառնում է չափազանց լայն եւ ոչ հստակ, ինչը կարող է ընդգրկել նաեւ այնպիսի գործողություններ, որոնք ունեն զուտ ընթացակարգային բնույթ եւ իրականացվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից պետական աջակցություն ստանալու գործընթացում՝ օրենքով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 2-րդ կետում սահմանված պետական աջակցության դադարեցման հիմքն՝ իրավական որոշակիության եւ կարգավորման հստակության  տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ դրա կիրառումը համապատասխան սուբյեկտի համար կարող է հանգեցնել բացասական հետեւանքի:

9. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի «2025 թվականի հուլիսի 1-ը» բառերը եւ թվերը նախատեսվում է փոխարինել «2026 թվականի հունիսի 1-ը» բառերով եւ թվերով:

Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասության համաձայն. «4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակը գործարկվում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը:»

Հարկ ենք համարում նշել, որ «2025 թվականի հուլիսի 1-ը» ժամկետը «2026 թվականի հունիսի 1-ով» փոխարինելիս փոփոխություն է կատարվում արդեն իսկ իրացված անցումային դրույթում: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու եւ դրա ուժի մեջ մտնելու ակնկալվող ժամկետները հաշվի առնելով՝ ստացվում է, որ Նախագծով սահմանվում է հարթակի գործարկման այնպիսի վերջնաժամկետ, որը փոփոխության ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ անցած է: 

10. Նախագծի 12-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

11. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի մի շարք հոդվածներով նախատեսվող փոփոխությունները (ինչպես օրինակ Նախագծի 2-րդ, 3-րդ հոդվածներով) անհրաժեշտություն են առաջացնելու փոփոխություններ կատարել մի շարք ենթաօրենսդարական նորմատիվ իրավական ակտերում՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը եւ նախատեսել այդ ակտերի ընդունման ժամկետներ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից։

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                        Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

22.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

                        Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

22.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1. Ուժը կորցրած ճանաչել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը եւ համապատասխան արդիական կարգավորումները տեղափոխել նմանատիպ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենք (այսուհետ՝ Օրենք),

2. Օրենքի կարգավորումներից հանել քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող վարձու աշխատողների համար պետական աջակցության տրամադրմանն առնչվող կարգավորումները, 

3. Օրենքի կարգավորումներում աջակցության գումարի հաշվարկման գործակից համարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարներումների գծով (ԱՎՈՒՄ) հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն նախատեսվում է կիրառել բոլոր տեսակի վճարներից հաշվարկված եւ հարկային մարմնին ներկայացված եկամտային հարկի գումարը, 

4. Օրենքի կարգավորումներից հանել վերապատրաստման համար տրամադրվող պետական աջակցությանն առնչվող կարգավորումները, քանի որ ըստ լիազոր մարմնի գնահատման, այն չի արդարացնում ի սկզբանե դրված նպատակը, 

5. վերաշարադրել նոր աշխատողի հասկացությունը, ըստ որի՝ նոր աշխատողը դա մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողն է, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի աշխատանքի է ընդունվել  2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո,

6. նախատեսել, որ պետական աջակցության համար կարող են դիմել նաեւ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները,

7. հստակեցնել պետական աջակցության տրամադրման մերժման եւ դադարեցման հիմքերը եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.04.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում, համապատասխանաբար՝ ուժը կորցրած ճանաչելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը: Առաջարկվող իրավակարգավորումների նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է եւ օրենքի կիրարկմամբ պայմանավորված խնդիրների վերացումը եւ հստակեցումը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար կձեւավորվեն առավել նպաստավոր պայմաններ, ինչպես նաեւ պետական աջակցության տրամադրման ընթացակարգում կբացառվեն խնդրահարույց իրավիճակները: Միեւնույն ժամանակ, ակնկալվում է, որ աջակցության տրամադրումը կլինի առավել հասցեական, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կխթանվեն ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը:

Սոցիալական հիմնախնդրիների տեսանկյունից հարկ է նաեւ արձանագրել, որ  Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարող է ընդլայնվել պետական օժանդակություն ստացող սուբյեկտների քանակը, քանի որ առաջարկվում է նվազեցնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր համարվողների օրենսդրական շեմը՝ այն սահմանելով ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսի չափով (գործող 90 տոկոսի փոխարեն), որն իր անմիջական ազդեցությունը կարող է ունենալ նաեւ զբաղվածության մակարդակի բարձրացման վրա:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական ազդեցություն:

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

09.04.2026թ.