ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1307-06.04.2026-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13071 -06.04.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13072 -06.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1307-06.04.2026-ՊԻ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13071 -06.04.2026-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13072 -06.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 226-րդ հոդվածի 5-րդ մասում «պարագրաֆում» բառը փոխարինել «պարագրաֆներում» բառով: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ մասում առկա են երկու «պարագրաֆում» բառեր, հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել, թե այդ դրույթի որ «պարագրաֆում» բառին է վերաբերում վերոնշյալ փոփոխությունը: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից:

2. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 2.1-ին պարագրաֆի վերնագրից հետո նշված «1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԻՓՈԹԵՔԻ ՄԱՍԻՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2.1-ին պարագրաֆն այլ ենթավերնագրերի չի բաժանվում:

3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 272.1-ին հոդվածով սահմանված է. «Հետադարձ հիփոթեքը բնակելի տան, բնակարանի կամ այգետնակի (ամառանոցի) գրավի հատուկ տեսակ է»: Դրանից բխում է, որ քննարկվող նորմի իմաստով այգետնակն ու ամառանոցը համարվում են նույն օբյեկտը, մինչդեռ Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով դրանք թվարկվում են որպես առանձին օբյեկտներ: Առաջարկում ենք սույն դիտարկման հիման վրա բացառել Նախագծի եւ Օրենսգրքի միջեւ առկա հակասությունները:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը Օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

27.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

27.04.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է տալ «հետադարձ հիփոթեք» հասկացության սահմանումը, ըստ որի՝ հետադարձ հիփոթեք է համարվում այն հիփոթեքային վարկային պայմանագիրը, որի հիման վրա՝ անշարժ գույքի սեփականատերը, ով հասել է օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքի, պահպանելով համապատասխան գույքի նկատմամբ սեփականության եւ օգտագործման իրավունքները, իր գույքը ծանրաբեռնում է հետադարձ հիփոթեքով, իսկ գրավառուն պարտավորվում է սեփականատիրոջը վճարել դրամական միջոցներ՝ պարբերական ձեւով՝ հատուկ բանկային հաշվի միջոցով: Այս կապակցությամբ սահմանվում են նաեւ հետադարձ հիփոթեքի պայմանագրին ներկայացվող պահանջները, ձեւը, բովանդակությունը, ժամկետը եւ դադարման հիմքերը, գրավատուի եւ գրավառուի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ կիրառման առանձնահատուկ կարգավորումները:

Բացի այդ, նախատեսվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք)  լրացնել նաեւ հետեւյալ դրույթով եւ դրանից բխող լրացումներով. «Ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը: Ամուսնու բացառիկ սեփականություն համարվող անշարժ գույքն ամուսիններից մեկի մահվան դեպքում չի ներառվում մահացած ամուսնու ժառանգության զանգվածում եւ մինչեւ մյուս ամուսնու մահը շարունակում է սեփականության իրավունքով պատկանել ողջ  մնացած ամուսնուն:»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը՝ կապված Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ: 

Մասնավորապես, Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր՝ 15-րդ գլխի 2.1.-ին պարագրաֆի 272.9.-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ողջ ընթացքում պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը, պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածում նկարագրված վիճակով, ենթակա է պարտադիր ապահովագրության:»: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ պարտադիր ապահովագրության պահանջի սահմանումը ոչ միայն բավարար չէ այդ մեխանիզմի կիրառման համար, այլեւ չի հստակեցվում, թե ո՞ր ռիսկերն են ենթակա պարտադիր ապահովագրության: Նախագծի տեքստից ակնհայտ է դառնում, որ խոսքը չի գնում դասական իմաստով պարտադիր ապահովագրության մասին, ուստի առաջարկում ենք՝

- անշարժ գույքի ապահովագրությունը սահմանել որպես պարտականություն, ինչպես նաեւ սահմանել այն դեպքերը, երբ ապահովագրության պարտավորություն ունեցողն ազատվում է այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվությունից (հնարավոր են դեպքեր, երբ սուբյեկտը ցանկանում է ապահովագրել իր անշարժ գույքը, սակայն ապահովագրական ընկերությունները մերժում են հայտը՝ օբյեկտիվ պատճառներով),

- հստակ նշել, թե անշարժ գույքի հետ կապված ո՞ր ռիսկերն են ենթակա ապահովագրության, կամ ապահովագրության ո՞ր դասերով պետք է կատարվի ապահովագրությունը: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դրույթների հստակեցման առումով:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ստորեւ  ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքները:

Ներկայացված Նախագծերի փաթեթով կարգավորվող «հետադարձ հիփոթեքի» ինստիտուտի ներդրման շրջանակներում բնակության իրավունքի պաշտպանության համատեքստում արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումների եւ ներկայացված Նախագծերի փաթեթի համադրումն ու համապարփակ վերլուծությունը թույլ են տալիս եզրահանգել, որ հետադարձ հիփոթեքի  առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելիս հաշմանդամություն ունեցող անձանց բնակության իրավունքի պահպանման օրենսդրական երաշխքիներ առկա չեն, չնայած այն հանգամանքին, որ մյուս կողմից սույն Նախագծերի փաթեթով կանոնակարգվում են անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման եւ սոցիալական ապահովության խնդիրները: 

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ քանի որ ներկայացված Նախագծերի փաթեթով չեն սահմանվում որոշակի հատուկ վերապահումներ հետադարձ հիփոթեքի համար, ապա համապատասխան բանկի կողմից անշարժ գույքն իրացնելու կամ անշարժ գույքը բանկի սեփականությանն անցնելու պահից հաշմանդամություն ունեցող ժառանգը ձեռք է բերում «ապօրինի տիրապետողի» կարգավիճակ եւ, հետեւաբար, սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության քաղաքացիաիրավական կանոնակարգումներով պայմանավորված, հիշյալ խոցելի խմբի անձանց նկատմամբ կիրառվում է օրենքով սահմանված կարգով վտարման գործընթաց: 

Ավելին, նշենք, որ պարտադիր բաժնի իրավական հայեցակարգն իր օրենսդրական ամրագրումն է ստացել քաղաքացիաիրավական նորմերով, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  «Ժառանգությունն ըստ կտակի» վերտառությամբ 71-րդ Գլխի «Ժառանգության պարտադիր բաժնի իրավունք» վերտառությամբ 1194-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները»:

Հետեւաբար, փաստենք, որ պարդադիր բաժնի իրավունքը հանդիսանում է որպես գույքային իրավունք ժառանգական զանգվածի նկատմամբ, սակայն այն չի հանդիսանում որպես բացարձակ «իրային իրավունք» («Right in rem» /լատ./) բնակվելու հնարավորությամբ: Ուստի, հաշմանդամություն ունեցող անձը կարող է պահանջել տվյալ անշարժ գույքի մի մասը, սակայն, վերջինս չի կարող պահանջել բնակվելու իրավունք, եթե տվյալ անշարժ գույքն իրացվում է հիփոթեքային պարտավորությունը մարելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր  ՍԴՈ-1321 Որոշմամբ[1]  «պարտադիր բաժնի» իրավական հայեցակարգի վերաբերյալ արձանագրել է հետեւյալ դիրքորոշումը, համաձայն որի՝ այն հանդիսանում է «անձի նվազագույն  կենսական միջոցների ապահովում», որտեղ առանց բնակության իրավունքի երաշխավորման պետությունը թույլ է տալիս այնպիսի գործարքների կնքում, որոնք իմաստազրկում են սահմանադրական այս երաշխիքը՝ անձին զրկելով ոչ միայն գույքից, այլ նաեւ կացարանից:

Ավելին, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) «Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք» վերտառությամբ 8-րդ հոդվածով հստակ ամրագրված է անձի «բնակարանի հարգանքի» իրավունքը, որտեղ ՄԻԵԴ-ը Զեհենթեռն ընդդեմ Ավստրիայի[2] գործի շրջանակներում, հայտնելով իր դիրքորոշումը, հստակեցրել է հետեւյալը, այն է՝ խոցելի խմբի անձանց, մասնավորապես՝ հաշմանդամների վտարումն առանց համաչափության ստուգման եւ առանց այլընտրանքային կացարանի ապահովման հանդիսանում է Կոնվենցիայի խախտում:

Այսինքն, ներկայացված Նախագծերի փաթեթով խոցելի խմբի անձի նկատմամբ չնախատեսելով բնակության իրավունքի պահպանման պատշաճ մեխանիզմներ, վերջինս հանգեցնում է մարդու իրավունքների, մասնավորապես՝ անձի սոցիալական երաշխիքների եւ սոցիալական ապահովության մեխանիզմների ինչպես անհամաչափ միջամտության, այնպես էլ՝ խախտման:

Ի լրումն հավելենք նաեւ, որ ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումներում առկա չեն ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին) «Անկախ ապրելու եւ համայնքում ներգրավվելու իրավունքը» վերտառությամբ 19-րդ եւ «Կենսապահովման բավարար մակարդակն ու սոցիալական պաշտպանությունը» վերտառությամբ 28-րդ  հոդվածներով ամրագրված  սոցիալական պաշտպանության ընթացակարգեր ապահովող մեխանիզմներ, որոնք իրենց հերթին, ենթադրում են բնակության իրավունքի  հստակ երաշխավորում հաշմանդամություն ունեցող անձի (պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձ) համար: 

Հետեւաբար, հիմք ընդունելով մեր կողմից ներկայացված վերոգրյալ մոտեցումներն ու դիրքորոշումները, առաջարկում ենք ներկայացված Նախագծերի փաթեթը դիտարկել  հետադարձ հիփոթեքի ինստիտուտի պարտադիր բաժնի իրավունք ունեցող հաշմանդամ անձանց սոցիալական իրավունքների եւ սոցիալական պաշտպանությունը չշրջանցելու համատեքստում, որով կապահովվի հաշմանադամություն ունեցող անձանց սոցիալական արդարության հայեցակարգի իրացումը՝ բացառելով հաշմանդամություն ունեցող անձին կացարանից զրկելու եւ/կամ առանց պետական հոգածության այլընտրանքի թողնելու հնարավոր մեխանիզմների ներդնումը: 

Մեր կողմից ներկայացված վերոգրյալ դիրքորոշումներն ու դիտարկումները բխում են պետության սոցիալական պատասխանատվության իրացման սահմանադրաիրավական պարտավորությունից, որտեղ խոցելի խմբի, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ սույն ոլորտը կանոնակարգող իրավադրույթների բացակայությունը, մեր համոզմամբ,  վերջինս դարձնում է մասնակիորեն «ոչ սոցիալական/հակասոցիալական», չնայած այն փաստին, որ Նախագծերի փաթեթով «հետադարձ հիփոթեքի» իմպլեմենտացիայի հայեցակարգի ամրագրումը բացառապես բխում է տարեց անձանց սոցիալական ապահովության եւ սոցիալական երաշխիքների իրավական կոնցեպցիայից:

Ուստիեւ, արձանագրենք, որ թեեւ սույն Նախագծերի փաթեթն առաջնահերթ ուղղված է կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման հայեցակարգից բխող իրավական գործիքակազմի ապահովմանը, սակայն հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների համատեքստում այն առաջացնում է որոշակի սոցիալական հիմնախնդիրներ, այդ իսկ պատճառով Նախագծերի փաթեթը կարիք ունի լրացուցիչ լրամշակման՝ խոցելի խմբերի իրավունքներից բխող սոցիալական երաշխիքներ սահմանող համապատասխան մեխանիզմների ամրագրման համատեքստում: Հիմք ընդունելով վերոգրյալ դիրքորոշումներն ու մոտեցումները,  առաջարկում ենք.

- ամրագրել հետադարձ հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի վրա բռնագանձման տարածման դեպքում խոցելի խմբի անձանց վտարման արգելքի եւ վերջիններիս սոցիալական կացարանի իրավունքի վերաբերյալ իրավակարգավորումներ՝ այսպիսով ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց որպես պարտադիր ժառանգներ տվյալ անշարժ գույք հանդիսացող բնակարանում բնակվելու իրավունքի պահպանմամբ, քանի դեռ նրանց չի տրամադրվել համարժեք սոցիալական կացարան:

Այսպիսով, արձանագրենք, որ վերոթվարկյալ առաջարկություններից բխող համապատասխան իրավական մեխանիզմների ամրագրմամբ առաջարկվող  իրավակարգավորումներով կապահովվի սույն ոլորտը կանոնակարգող օրենսդրության «կանխատեսելիությունը», ինչպես նաեւ կամրագրվեն «արդարացի հավասարակշռության» հստակ մեխանիզմներ սեփականատիրոջ ազատության եւ խոցելի խմբի անձանց պաշտպանության միջեւ: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման  կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Ա. Քոչարյան   (հեռ.՝ 011-513-235)

20.04.2026թ.

--------------------------------------------------------------------------------

[1] Տես՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կայք էջ, ՍԴ Որոշումների շտեմարան. ՍԴՈ-1321՝ https://www.concourt.am/decision/decisions/sdv-1321.pdf

[2] Տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայք էջ, Case of Zehentner v. Austria /16.07.2009/   https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-93594%22]}