ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1317-10.04.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13171 -10.04.2026-ՏՏԳՇ-011/0)  վերաբերյալ

Կառավարության  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1317-10.04.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13171 -10.04.2026-ՏՏԳՇ-011/0)   (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվող  17.1-ին կետի համաձայն՝ հանրություն է համարվում մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան՝ դրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը: Տարընթերցումներից եւ տարընկալումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող փոփոխությունը։ Ներկայացված ձեւակերպումից պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ եւ ինչ մեխանիզմով է «մեկ ֆիզիկական անձը» կարող հանդես գալ որպես հանրություն։ Բացի այդ, անորոշ է մնում, թե կոնկրետ ո՞ւմ կողմից հաստատված եւ ի՞նչ ընթացակարգերով ձեւավորված «պրակտիկայի» մասին է խոսքը, ինչն էլ կարող է առաջացնել տարբեր մեկնաբանություններ։

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին հաջորդում է «թ» ենթակետը, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի ենթակետերի համարակալման հաջորդականությունը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում «5.1-րդ» գրելաձեւը փոխարինել «5.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը:

3. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ի թիվս այլնի ՌԷԳ-ի իրականացման փուլերից է՝ նախնական գնահատումը: Տվյալ դեպքում առաջարկվող փոփոխության մեջ օգտագործված «նախնական գնահատում» ձեւակերպումը հստակեցման կարիք ունի, քանի որ դրա բովանդակությունը բավարար չափով բացահայտված չէ եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ։ Մասնավորապես, պարզ չէ, թե որպես կարգավորող ազդեցության գնահատման (ՌԷԳ) իրականացման փուլ, ինչ գործընթաց կամ գործողությունների համախումբ է ներառվում «նախնական գնահատում» հասկացության ներքո, ինչ չափորոշիչներով եւ ինչ նպատակով է այն իրականացվում, ինչպես նաեւ՝ արդյոք այն ենթադրում է առանձին փաստաթղթի կազմում, թե հանդիսանում է ՌԷԳ-ի այլ փուլերի բաղկացուցիչ մաս։ 

4. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին հաջորդում է 3-րդ կետը, ուստի առաջարկում ենք ապահովել Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալման հաջորդականությունը:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «իրավական ակտերն» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:

Միաժամանակ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «իրավական ակտերով» բառերից առաջ նույնպես առաջարկում ենք լրացնել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը:

6. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

27.04.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Լ.Պետրոսյան (հեռ.՝ 011-513-248) 

27.04.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո), «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս) կոնվենցիաների (այսուհետ՝ Կոնվենցիաներ) պահանջներին համապատասխան սահմանել նոր՝ «հանրություն» հասկացությունը՝ համապատասխանաբար խմբագրելով «շահագրգիռ հանրություն» հասկացությունը եւ դրա հետ կապված իրավակարգավորումները, լրամշակել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համապատասխանեցնելով Օրհուսի եւ Էսպո Կոնվենցիաների պահանջներին՝ քարտուղարություների կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա, մասնավորապես՝  Օրենքի 12-րդ հոդվածի համապատասխան գործունեության տեսակների համար:

Առաջարկվում է նաեւ ամբողջությամբ վերանայել ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ 21-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջները, ինչպես նաեւ Օրենքը լրացնել այնպիսի կարգավորումներով, որի արդյունքում ՀՀ համապատասխան օրենսդրությունը կհամապատասխանի Կոնվենցիաների պահանջներին:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն՝ անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ եւ փորձաքննության համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.04.2026թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո), «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս) կոնվենցիաների եւ Էսպո կոնվենցիայի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության կողմ երկիր: 

Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ կնպաստի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը եւ շրջակա միջավայրի բարելավմանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

22.04.2026թ.