ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1318-13.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1318-13.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «3-րդ մասում՝» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածում այլ կետ առկա չէ, ինչպես նաեւ այն, որ քննարկվող դրույթով փոփոխություն եւ լրացում կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասում, հետեւաբար այդ բառերն առանձին կետով սահմանելու նպատակ առկա չէ: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի համարակալմանը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր՝ 10-րդ կետի, ինչի արդյունքում սահմանվում է թեմատիկ հարկային ստուգման նոր տեսակ՝ ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտությունը: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություն կատարելու արդյունքում դրանով սահմանվում է, որ ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակը առձեռն ծանոթացման է ներկայացվում ստուգումն սկսելիս երեք աշխատանքային օր առաջ: Օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությամբ սահմանված է. «Թեմատիկ հարկային ստուգումների անցկացման ժամանակ (այդ թվում` հանձնարարագրին ծանոթանալուց եւ ստանալուց հրաժարվելու դեպքում) ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրը, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգման հարցերի համար սահմանված առանձնահատկությունները»: Օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի բացառությունների մեջ 335-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը չներառելու արդյունքում ստացվում է, որ ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտությունը ստուգելու ժամանակ ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում հանձնարարագրիը ծանոթացման ներկայցնելու օրը, որը, Նախագծի 4-րդ հոդվածով կատարվող փոփոխության համաձայն, ստուգումը սկսելուն նախորդող երրորդ աշխատանքային օրն է: Վերը մեջբերված դրույթների համադրության արդյունքում կատարված վերլուծությունից բխում է, որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող փոփոխության եւ Օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ, առաջարկում ենք առկա հակասությունը վերացնել:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ կետով Օրենսգրքի 340-րդ հոդվածում կատարվում է լրացում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածից:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետն առաջարկում ենք խմբագրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դրանով նախատեսվում է Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 1.2-րդ կետ այն դեպքում, երբ այդ մասը կետերի ընդհանրապես բաժանված չէ:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1.2-րդ կետի համարակալումը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, մասնավորապես՝ 1.2-րդ կետը համարակալված է որպես մաս, բայց այն բաժանվում է ենթակետերի: Առաջարկում ենք բացառել Նախագծի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի միջեւ առկա հակասությունները:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նորմում նշված «1.2.-րդ» ձեւակերպման մեջ երկրորդ միջակետը հանել, քանի որ այն ավելորդ է: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածում առկա նմանատիպ ձեւակերպումներին:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1.2-րդ կետով հղում է կատարվում Օրենսգրքի 443.3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությանը, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 443.3-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում վերջինս այլեւս չունի 2-րդ մաս: Առաջարկում ենք քննարկվող հղումը շտկել:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 402.3-րդ հոդվածի 5-րդ մասուվ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի գոյություն չունեցող 4-րդ մասին կատարվող հղմանը:

Սխալ հղումներ առկա են նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում:

7. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 402.3-րդ հոդվածում առկա բոլոր «80.2» ձեւակերպումներն առաջարկում ենք փոխարինել «80.2-րդ» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքում կիրառվում է «80.2-րդ» տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

8. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 402.3-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառված «անձ(-անց)», «անձ(-ինք)ը» եւ «կառավարիչ(ներ)ին» ձեւակերպումների հետ կապված նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը»:

9. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 402.3-րդ հոդվածում առկա բոլոր «ՀՀ» հապավումներն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Օրենսգրքում դրամական արժեքներ արտահայտելիս կիրառվում է միայն «դրամ» բառը, հետեւաբար Նախագծում առկա է նաեւ հակասություն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նույն միտքն արտահայտող բառերի միատեսակ կիրառության պահանջի հետ եւս:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հապավումների կիրառման վերաբերող արգելքը տարածվում է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 443.3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված «ՀՀ» հապավման նկատմամբ, հետեւաբար առաջարկում ենք դրանում նշված «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով: 

10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 443.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են Օրենսգրքի 80.2-րդ գլխում կիրառվող հասկացությունների սահմանումները: Հատկանշական է, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 443.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվող «Կոնվենցիա» հասկացությունը ո՛չ Նախագծի, ո՛չ Օրենսգրքի որեւէ այլ դրույթում չի կիրառվում, հետեւաբար հասկանալի չէ այն սահմանելու նպատակը: 

11. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 443.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-8-րդ կետերով սահմանվող հասկացությունները շարադրված են մեծատառով, մինչդեռ Նախագծի մի շարք դրույթներում դրանք կիրառվում են փոքրատառով: Առաջարկում ենք ապահովել նույն միտքն արտահայտող բառերի միատեսակ կիրառությունը Նախագծի բոլոր դրույթներում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներից:

12. Նախագծի ողջ տեքստում միաժամանակ կիրառվում են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ», «ՀՀ Կենտրոնական բանկ», «Կենտրոնական բանկ» եւ «կենտրոնական բանկ» բառերը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»՝ առաջարկում ենք կիրառել միայն Օրենսգրքում օգտագործվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» տարբերակը:

13. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն::

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.05.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 80.2 գլուխն ամբողջովին վերաշարադրել՝ առաջնորդվելով Միասնական հաշվետվողական ստանդարտով (այսուհետ՝ Ստանդարտ) եւ ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի Քարտուղարության կողմից 2025 թվականին մշակված մոդելային օրենսդրությամբ, ինչպես նաեւ վերջինիս կողմից տրված մեթոդական ցուցումներով եւ առաջարկներով: Նախագծով առաջարկվում է հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահել ՀՀ հարկային մարմնին, ընդլայնել թեմատիկ հարկային ստուգման հարցերի շրջանակը՝ ավելացնելով ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցը: Նախագծով նախատեսվում է նաեւ հաշվետերերի եւ վերահսկող անձանց նկատմամբ եւս կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ, կամ չեն տրամադրում պատշաճ ստուգման ընթացակարգերով սահմանված պարտադիր տեղեկությունները: Նախագծով հստակեցվել են նաեւ հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պաhպանության եւ հաշվառման դրույթները, համաձայն որի ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծով առաջարկող իրավակարգավորումները պայմանավորված են միջազգային պարտավորություններից բխող նոր մոդելային օրենսդրության, գործող հարկային օրենսդրությունը՝ Միասնական հաշվետվողական ստանդարտի (այսուհետ՝ Ստանդարտ) պահանջներին համապատասխանեցնելու պահանջներով, ինչպես նաեւ համաշխարհային հարկային վարչարարության առաջատար փորձի ներդրման եւ արդյունավետ կիրառման անհրաժեշտությամբ: 

Նախագծով տրվել են Ստանդարտից բխող եւ Օրենսգրքում կիրառվող հասկացությունների սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը պրակտիկայում: Առաջարկվել է հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահել ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով եւ գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասու մարմին: 

Նախագծով հստակեցվել են նաեւ հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պաhպանության եւ հաշվառման դրույթները, ըստ որոնց ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի լիարժեք եւ արդյունավետ գործարկումը՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով Ստանդարտի եւ մոդելային օրենսդրության պահանջներին, ինչի արդյունքում կերաշխավորվի տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի իրավական հստակությունը, գործնական կիրառելիությունն ու արդյունավետությունը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

20.04.2026թ.