ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1319-13.04.2026-ՄԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1319-13.04.2026-ՄԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջակում ենք «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել մեկից ավելի փոփոխություն: Վերոնշյալը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Նախագծի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ 2-րդ եւ 4-րդ հոդվածները՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 8.1 կետով սահմանվում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպության հասկացությունը, մինչդեռ Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները իրենց բովանդակությամբ ներառում եւ կիրառման մեջ են դնում նշված հասկացությունը, ինչի արդյունքում առաջանում է նորմերի կիրառման ժամանակային անհամապատասխանություն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետները։


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝  Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 

28.04.2026թ 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 

28.04.2026թ 







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում (այսւոհետ՝ Օրենք) սահմանել  «ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպություն» հասկացությունը եւ հստակեցնել նախազգուշացում կիրառելու մասին որոշման, անհետաձգելի միջամտության որոշման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված որոշ հարաբերություններ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ մեկ հանգամանքի, մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 8.1-ին կետին, ըստ որի՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը Լիազոր մարմնի կողմից հավաստագրված եւ նրա հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած այն հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ռեաբիլիտացիոն ծրագիր:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով «դրամաշնորհային պայմանագիր» հասկացություն եւ պայմանագրի նման տեսակ սահմանված չէ, ինչն էլ անհրաժեշտություն է առաջացնում համապատասխան լրացումներ կատարել նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, կամ առնվազն տվյալ Նախագծում, տալով այդ հասկացության սահմանումը եւ դրամաշնորհային պայմանագրին ներկայացվող պահանջները (եթե, իհարկե, Նախագծի հեղինակը տեսնում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական այդ հասարակ պայմանագրին հատուկ անուն տալու անհրաժեշտությունը): Բացի այդ, տրված սահմանումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նշված «դրամաշնորհային պայմանագիրը» կնքվում է ուղղակիորեն Լիազոր մարմնի կողմից հավաստագրված կազմակերպություններից մեկի հետ՝ առանց պետական գնումների ընթացակարգերի կիրառման, ինչն էլ (եթե մեր ենթադրությունը ճիշտ է) հակասում է «Գնումների մասին» օրենքի բովանդակությանն ու տրամաբանությանը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծից հանել «դրամաշնորհային» բառը (կարծում ենք, պայմանագրի նոր տեսակի սահմանման կարիք չկա, քանի որ խոսքը գնում է տարրական ծառայությունների մատուցման մասին), իսկ տվյալ ծառայությունն իրականացնող հասարակական կազմակերպություններն էլ ընտրել պետական գնումների ընթացակարգերի կիրառմամբ՝ այդ մասին Նախագծում կատարելով հատուկ շեշտադրում:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

20.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացվել է ««Ընտանեկան  եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային  բռնության ենթարկված  անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ):

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքում Օրենքի նախագծի վերաբերյալ մոտեցումներն ու դիրքորոշումները:

Ներկայացված Օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել այնպիսի իրավական գործիքակազմ, որը կնպաստի ռեաբիլիտացիոն ծրագրում ներառված սոցիալական եւ հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաեւ վնասակար սովորություններից  ձերբազատման եւ բռնարարք գործադրած անձանց վարքաբանական փոփոխությանը նպաստելու նպատակով շահառուների ավելի լայն շրջանակների ներառմանը, մասնավորապես՝ կանանց եւ երեխանների ապահովության, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի ու բռնարարք գործադրած անձի կողմից կրկին բռնություն գործադրելու ռիսկի նվազեցման համատեքստում: 

Ներկայացված Օրենքի նախագիծը դիտարկելով ինչպես ՀՀ օրենքներով, սահմանադրաիրավական նորմերով ամրագրված սոցիալական երաշխիքների եւ սոցիալական ապահովության տեսանկյունից, այնպես էլ՝ միջազգային կառույցների կողմից  մի շարք միջազգային իրավական  ակտերով ամրագրված չափորոշիչների, մասնավորապես՝ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիայի մեխանիզմի կիրառման հայեցակարգից բխող սոցիալ-իրավական գործիքակազմի համատեքստում, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ որպես բռնության նոր կամ կրկնակի դրսեւորումները կանխարգելելու պարտադիր գործիքակազմ են հանդիսանում, մասնավորապես, հանրային անվտանգությունից ելնելով ռեաբիլիտացիոն ծրագրերի միջոցների վերաբերյալ հետեւյալ միջազգային պարտադիր չափորոշիչները, որոնք հետեւյալն են՝ 

ա) ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում պարտադիր ռեաբիլիտացիոն ծրագրերի պարտադրման եւ/կամ դրդման սկզբունքի կիրառման նպատակով հստակ ամրագրված իրավական մեխանիզմների առկայությունը, 

բ) բռնություն կատարած անձի սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններից ելնելով՝ ռեաբիլիտացիոն ծրագրի նախնական գնահատում եւ կիրառում, 

գ) բռնարարք գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագրից չօգտվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության հստակ մեխանիզմների ամրագրում: 

Նշենք, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի  բաղադրիչ հանդիսացող վերականգնողական միջոցների վերոգրյալ թվարկված պարտադիր միջազգային չափորոշիչներն իրենց հստակ ամրագրումն են ստացել մի շարք միջազգային իրավական ակտերում, մասնավորապես, որոնք են՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW Committee) թիվ՝  19(1992) /փոփոխված՝ N: 35(2017)/ Հանձնարարականը[1], համաձայն որի՝ պետությունը պատասխանատու է բռնության համար, եթե չի ցուցաբերում պատշաճ ջանասիրություն բռնությունը կանխելու, քննելու եւ պատժելու դեպքում, որտեղ պարտադիր միջազգային չափորոշիչ է հանդիսանում «պատշաճ ջանասիրության» (Due Diligence) սկզբունքը, այն է՝ եթե պետական մարմինը տեղյակ է բռնության վտանգի մասին, բայց չի ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները, ապա պետությունը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն:

Սույն ոլորտը կանոնակարգող վերոթվարկյալ պարտադիր միջազգային չափորոշիչները սահմանվում են Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի թիվ՝ Rec(2002)5 հանձնարարականով[2] (այսուհետ՝ Հանձնարարական), ավելին՝ Հանձնարարականը հստակ շեշտադրում է, որ թեեւ բռնարարի կողմից ռեաբիլիտացիային   կամավոր մասնակցությունը ցանկալի է, պետությունները պետք է ամրագրեն հանրային անվտանգության հայեցակարգից բխող ռեաբիլիտացիոն ծրագրի կիրառումը պարտադրող/դրդող հստակ մեխանիզմներ:

Ավելին, Հանձնարարականի համաձայն՝ Հայաստանը, հանդիսանալով որպես ԵԽ անդամ, պարտավոր է ներդնել չափորոշիչներ, որտեղ պահանջվում է ոստիկանության, սոցիալական աշխատողների եւ բժիշկների համատեղ աշխատանք միասնական չափանիշներով եւ տեղեկատվության փոխանակման հարթակով՝ ընտանեկան բռնության դինամիկայի եւ պետության վերահսկողական մեխանիզմների հստակ տեսլականի հիման վրա, բացի այդ, պահանջվում է նաեւ պետություններից կազմակերպել եւ աջակցել վերականգնողական ծրագրերին, որոնք ուղղված են բռնարարների կողմից բռնության կրկնության կանխմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալ դիտարկումներն ու կանոնակարգումները՝ արձանագրենք, որ ներկայացված Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումները, մասնավորապես՝ բռնարարք կատարած անձի ռեաբիլիտացիոն ծրագրի ներդրման ինստիտուտի ամրագրումը բխում է վերոգրյալ միջազգային չափորոշիչների հայեցակարգից, հետեւաբար, փաստենք, որ սույն իմպլեմենտացիոն գործընթացի իրականացմամբ կապահովվի ինչպես, հանրային անվտանգությունից ելնելով, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից նոր եւ կրկնակի բռնությունների դրսեւորումները կանխարգելելու գործիքակազմի կիրառման  ընթացակարգը, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման պատշաճ իրականացումը՝ սույն գործընթացների արդյունքում, ընդհանուր առմամբ, ապահովելով ընտանեկան եւ կենցաղային բռնություն կատարած անձի նկատմամբ սոցիալական աջակցության տեսանկյունից ոչ միայն պատժիչ, այլ նաեւ բռնարարի նկատմամբ սոցիալական աջակցության եւ վերականգնողական հայեցակարգից բխող գործիքակազմերի պատշաճ կիրառումը: 

Օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Օրենքի նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման  կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235)

29.04.2026թ.

--------------------------------------------------------------------------------
[1] Տես՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի /CEDAW Committee/ պաշտոնական կայք էջ՝ https://www.ohchr.org/en/treaty-bodies/cedaw, Հանձնարարական՝ file:///C:/Users/Administrator/Downloads/CEDAW_C_GC_35-RU.pdf  

[2] Տես՝ Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) պաշտոնական կայք էջ, ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ՝ Rec(2002)5 Հանձնարարական՝ կից փաստաթղթերով.  https://www.coe.int/en/web/genderequality/recommendation-rec-2002-5-and-other-tools-of-the-council-of-europe-concerning-violence-against-women