ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1327-20.04.2026-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13271 -20.04.2026-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13272 -20.04.2026-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13273 -20.04.2026-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13274 -20.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1327-20.04.2026-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13271 -20.04.2026-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13272 -20.04.2026-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13273 -20.04.2026-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13274 -20.04.2026-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 6-րդ հոդվածով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 11-րդ մասի 12-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք «նախքան» բառին հաջորդող «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, վիճակախաղի եւ բուքմեյքերային գործունեության» բառերը փոխարինել «խաղի» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվող «խաղ» հասկացությունն իրենից ներկայացնում է վերոնշյալ չորս տեսակի խաղերն իր մեջ ներառող հավաքական եզրույթ: Վերոգրյալը հիմնավորմամբ առաջարկում ենք նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ 5-րդ հոդվածի 11-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ կետում «կազմակերպման» բառին նախորդող «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, վիճակախաղի եւ բուքմեյքերային գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով: 2. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանվում է. «1. Արգելվում է՝ 1) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, նման մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի հասանելիությունը, ինչպես նաեւ չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում. 2) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:»: Առաջարկում ենք քննարկվող նորմի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված արգելքը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նույն մասի 1-ին կետով սահմանված արգելքի մեջ այն արդեն իսկ ներառված է: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասից, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»: 3. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվում են «խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի (MCC ծածկագիր)» բառերը: Վերը մեջբերված հապավման կապակցությամբ նախ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաեւ թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաեւ լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ», հետեւաբար առաջարկում ենք շարադրել այդ հապավումը հայերեն տառադարձությամբ: Բացի այդ՝ նշենք, որ Նախագծից հստակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագիրը (MCC ծածկագիր): Այսպես՝ բիզնես միջավայրում «MCC» հապավումը կարող է կիրառվել «Merchant Category Code» իմաստով, ինչը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական փաստաթղթերում թարգմանվել է ինչպես «վաճառակետի տեսակի կոդ»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ հասկանալի չէ, թե արդյոք Նախագծում կիրառվող «MCC» հապավումը բացահայտվում է «Merchant Category Code» բառակապակցության իմաստով, թե՝ ոչ: Եթե ոչ, ապա իրավական շփոթից խուսափելու համար անհրաժեշտ է Նախագծում նշել «MCC» հապավման ամբողջական տարբերակը, եթե այո, ապա առկա է հակասություն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի հետ, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: 4. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարության» բառն առաջարկում ենք շարադրել մեծատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում կիրառվում է «Կառավարություն» տարբերակը, ինչպես նաեւ հաշվի առնելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձով կիրառված «կառավարություն» եւ «վերահսկող մարմին» բառերին: 5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրանով սահմանվում է կայքերի արգելափակման նոր ընթացակարգ, մինչդեռ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքների՝ այդ հարաբերությունները կարգավորող հոդվածներում որեւէ փոփոխություն չի կատարվում: Արդյունքում առկա է հակասություն Նախագծի եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքների միջեւ: 6. Նախագծի 8-10-րդ հոդվածներով Օրենքի 18-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու արդյունքում դրանցից բխում է, թե Նախագիծը նպատակ է հետապնդում վիճակախերը կազմակերպել միայն խաղասրահներում, մինչդեռ «Վիճակախաղերի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ չեն կատարվում, ինչի արդյունքում հստակ չէ, թե արդյոք Նախագծով ենթադրվում է վիճակախաղերի կազմակերպումը խաղասրահներից դուրս, մանսավորապես՝ կայքերի եւ հավելվածների միջոցով, արգելել, թե՝ ոչ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ Նախագիծն ունի հստակեցման կարիք: 7. Նախագծի 11-րդ հոդվածում «խմբագրությամբ.» բառից հետո նշված նախադասությունն առաջարկում ենք շարադրել չակերտներում: 8. Նախագծի 13-րդ հոդվածն առաջարկում ենք հստակեցնել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում առկա են երկու «11-րդ» թվականներ, միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածում նշված «11-րդ» թվականը շարադրել չակերտներում: 9. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 55-րդ հոդվածից հանել «եւ 12-րդ կետերով եւ 8-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը, ինչի արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների չկատարումը չի հանգեցնում որեւէ պատասխանատվության: Այսպես՝ Օրենքի 53-57-րդ հոդվածներով հստակ եւ սպառիչ սահմանվում է, թե Օրենքի որ դրույթի պահանջը չկատարելը որ տեսակի պատասխանատվության է հանգեցնում, հետեւաբար՝ Նախագծի 13-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների չկատարումը չի հանգեցնում որեւէ պատասխանատվության: Այս համատեքստում հատկանշական է, որ Օրենքի 53-57-րդ հոդվածները պարունակում են հստակ նշում Օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները խախտելու համար պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: 10. Նախագծի 16-րդ հոդվածում նշված «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի» բառերի կապակցությամբ նախ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նշված է. ««Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)», հետեւաբար այդ օրենքին հղում կատարելիս պետք է կիրառվի «Օրենք» բառը, այլ ոչ դրա վերնագիրը: Այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Բացի այդ Օրենքին հղում կատարելիս «ՀՀ» հապավումը կիրառելը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, հետեւաբար առաջարկում ենք Նախագծերի փաթեթում բացառել այդ հապավման կիրառումը: 11. Նախագծի 16-րդ հոդվածում առաջարկում ենք «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառեը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթի այլ դրույթներում ցանկացած հոլովաձեւով կիրառվող «ենթաօրենսդրական ակտ» բառերին: 12. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծի 4-րդ հոդվածում նախատեսվում է կատարել փոփոխություն, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին, որտեղ «ԼՐԱՑՈՒՄ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով: 13. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացվող պարբերությունների 1-ից 4-ը համարակալումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ հոդվածում պարբերությունները համարակալված չեն, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: 14. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացվող առաջին պարբերության «ա» կետում առկա «/» կետադրական նշանն առաջարկում ենք խմբագրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայերենում նման կետադրական նշան առկա չէ: 15. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգավորումներից: 16. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 17. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածում լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ իրականացվող լիցենզավորման պայմանների եւ պահանջների ստուգումների շրջանակներում կարող են իրականացվել նաեւ հսկիչ գնումներ: Հսկիչ գնումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այդ օրենքի գործող կարգավորումներով հսկիչ գնումներ իրականցվում են միայն դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում: Հատկանշական է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի՝ «Օրենքի գործողության ոլորտը եւ կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածի 2.1-ին մասով սահմանված է. «Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում կարող է իրականացվել նաեւ հսկիչ գնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով», բացի այդ՝ օրենքի մի շարք դրույթներում առանձին կարգավորումներ են սահմանված դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացվող հսկիչ գնումների վերաբերյալ, մինչդեռ քննարկվող նախագծով վերը մեջբերված դրույթից բացի այլ կարգավորում չի սահմանվում խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ իրականացվող լիցենզավորման պայմանների եւ պահանջների ստուգումների շրջանակներում իրականացվող հսկիչ գնումների վերաբերյալ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ հասկանալի չէ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականցվող հսկիչ գնումների եւ խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ իրականացվող լիցենզավորման պայմանների եւ պահանջների ստուգումների շրջանակներում իրականացվող հսկիչ գնումների վերաբերյալ սահմանվող կարգավորումների հարցում ցուցաբերվող ոչ միատեսակ մոտեցումը: 18. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին հղում կատարելիս առաջարկում ենք շարադրել վերջինիս լրիվ անվանումը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, այն է. «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում» եւ 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 19. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացնել նոր՝ 150.17-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. «Գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելը գովազդատու եւ գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար տաս միլիոն դրամի չափով»: Նշենք, որ այս կարգավորման մեջ կիրառվող «սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելը գովազդատու եւ գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում» ձեւակերպումը բավականաչափ հստակ չէ, մասնավորապես դրանից բխում է, թե սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց կողմից պատվեր կատարելու փաստն է ինքնին առաջացնում պատասխանատվություն գովազդատու եւ գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, իսկ վերջիններիս կողմից այդ պատվերը չընդունելու կամ պատվերը չբավարարելու հնարավորություն ընդհանրապես չի նախատեսվում, ինչի արդյունքում այդ հանգամանքները հաշվի չեն առնվում եւ որեւէ կերպ չեն ազդում նշյալ դեպքի ելքի վրա: Արդյունքում խախտվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված՝ վարչական տույժ նշանակելու ընդհանուր կանոններից հետեւյալը՝ «Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները», քանի որ քննարկվող դրույթում մեղքի գործոնն ընդհանրապես հաշվի չի առնվում: Առաջարկում ենք, վերոգրյալը հիմք ընդունելով, խմբագրել քննարկվող դրույթը: 20. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ունի երկու 2-րդ հոդված, առաջարկում ենք այդ վրիպակը շտկել: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, դրանց համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Օրենքի, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի, «Վիճակախաղերի մասին» օերնքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 11.05.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում համապատսախան փոփոխություններ կատարել այլ օրենքներում, մասնավորապես՝ սույն եզրակացության 5-րդ եւ 6-րդ կետերով մատնանշված խնդիրների տեսանկյունից առկա է անհրաժեշտություն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 11.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել առցանց միջավայրում չլիցենզավորված առաջարկների հասանելիությունը՝ դրանց գովազդի կանխման եւ ֆինանսական հոսքերի վերահսկելիության ուժեղացման միջոցով: Առաջարկվում է նաեւ կանխարգելել Հայաստանի Հանրապետության տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորությունը, սահմանափակել նման կայքերի եւ դրանց ապրանքային նշանների գովազդը, հավասար մրցակցային պայմաններ ապահովել լիցենզավորված եւ չլիցենզավորված սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ ընդլայնել վերահսկողության գործիքները լիցենզավորման պայմանների պահպանման նկատմամբ: Նախագծով առաջարկվող փոփոխությունները կրում են կարգավորող եւ պաշտպանական բնույթ եւ միտված են գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը եւ դրա շրջանցման հնարավորությունների նվազեցմանը: Կարգավորումը նախատեսում է անցում արձագանքող մեխանիզմներից դեպի ավելի համակարգային եւ կանխարգելիչ մոտեցում՝ ապահովելով, որ չլիցենզավորված սուբյեկտները չկարողանան տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող խաղացողներին: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.04.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Գովազդի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»: Նախագերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ, ըստ հեղինակի, թվային տեխնոլոգիաների ներկայիս պայմաններում խաղային գործունեությունը տեղափոխվել է առցանց միջավայր, հասանելի են դարձել չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային ծառայություններ եւ դրանց գովազդը: Ելնելով վերը շարադրվածից, հեղինակը առաջարկում է՝ - ՀՀ-ում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության սահմանափակում, - նման կայքերի եւ դրանց ապրանքային նշանների գովազդի կանխում, - վճարահաշվարկային գործարքների նկատմամբ վերահսկողություն, - լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկման գործիքակազմ: Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն, ըստ հեղինակի, ուղղված չեն օրինական գործունեության սահմանափակմանը կամ շուկայի ընդհանուր խստացմանը, այլ միտված են գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը եւ դրա շրջանցման հնարավորությունների նվազեցմանը: Կարգավորումը նախատեսում է անցում արձագանքող մեխանիզմներից դեպի ավելի համակարգային եւ կանխարգելիչ մոտեցում՝ ապահովելով, որ չլիցենզավորված սուբյեկտները չկարողանան տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող խաղացողներին: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը, մեր կարծիքով, կարող է ունենալ դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 22.04.2026թ.
|