ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1328-21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13281 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13282 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13283 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1328-21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13281 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13282 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13283 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքին (սույն եզրակացությամբ այսուհետ՝ Օրենք) այլեւս հղում չի կատարվում:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում մի շարք հասկացություններ կիրառվում են այլ կերպ, քան սահմանված են նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով: Մասնավորապես՝

1) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում կիրառվում են «ավագանի» եւ «համայնքի ավագանի» եզրույթները: 

2) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվում է լիազորված մարմնի ենթակայության տակ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից: Սակայն Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում (օրինակ՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ եւ այլն) կիրառվում է «կամզակերպություն» եզրույթը: Ուստի անհրաժեշտ է կա՛մ «պետական ոչ առեւտրային կազմակերպություններ» երկար արտահայտության առաջին կիրառումից հետո սահմանել կրճատ տարբերակ, կա՛մ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: 

3) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածում կիրառվում են ինչպես «պայմանագիր», այնպես էլ «կառավարման պայմանագիր» եզրույթները:

4) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում կիրառվում են «Կառավարություն», «կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» հասկացությունները: Հարկ է նկատել, որ Սահմանադրությամբ սահմանված է «Կառավարություն» հասկացությունը:

5) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում նշում է կատարվում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազորված մարմնի» հետ համաձայնեցման մասին՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքին համապատասխան: Հարկ է նկատել, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում սահմանված է «հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման  մարմին» եզրույթը: 

6) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» եւ «պետական բյուջե» եզրույթները:

7) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում կիրառվում են ինչպես «տնտեսական (կայուն օգտագործման) գոտի» հասկացությունը, այնպես էլ «տնտեսական գոտի» ձեւակերպումը։ Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված է «ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտի» հասկացությունը։

8) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում կիրառվում է «ենթաօրենսդրական իրավական ակտ» եզրույթը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «իրավական ակտ» եզրույթը։ Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ» հասկացությունը։

9) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում կիրառվում է «մարզաձեւային ձկնորսություն» ձեւակերպումը։ Հարկ ենք համարում նշել, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կիրառված է «սպորտային ձկնորսություն» ձեւակերպումը։ 

10) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կիրառվում է «քաղաքաշինության ոլորտի պետական լիազորված մարմին» եզրույթը։ Հարկ է նկատել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանված է «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» հասկացությունը։

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»։ 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Օրենքում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ։

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում հղում է կատարվում «օգտագործման կարգով սահմանված դրույթներին», սակայն հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում բացակայում են նշված կարգի մասին կարգավորումները, այդ թվում հաստատող սուբյեկտի, ինչպես նաեւ տվյալ կարգով սահմանման ենթակա դրույթների վերաբերյալ: Ուստի Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը խնդրահարույց կարող է լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով լիազորված մարմնին վերապահվում է հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունների հաստատաման լիազորությունը:

Լիազորված մարմնի նշված լիազորության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ պետական կազմակերպության կանոնադրությունը հանդիսանում է նրա հիմնադիր փաստաթուղթը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պետական կազմակերպության կանոնադրությունը կամ դրա փոփոխությունները հաստատում է հիմնադիրը, իսկ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքում` նրա լիազորած պետական մարմինը:»:

Մինչդեռ հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահվում է ոչ թե հիմնադրին՝ ի դեմս Կառավարության, այլ անմիջականորեն լիազորված մարմնին առանց հիմնադրի համապատասխան որոշման անհրաժեշտության։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դրույթը վերանայել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում լիազորված մարմնի լիազորությունների շարքում սահմանված է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող լիազորված մարմնի համակարգում գործող պետական կազմակերպությունների եւ լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրի օրինակելի ձեւի հաստատման լիազորությունը։

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «2. Բնության հուշարձանի կառավարումը կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացվում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց (ոչ պետական կազմակերպությունների) միջոցով, որի նպատակով լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է պայմանագիր:»

 Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթից բխում է, որ կառավարման պայմանագրի կնքման կողմ են հանդիսանում պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները կամ իրավաբանական անձինք (ոչ պետական կազմակերպությունները)։ Ուստի, կարծում ենք՝ լիազորված մարմնի քննարկվող լիազորությունն անհրաժեշտ է վերանայել տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավաբանական անձանց հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւի հաստատման լիազորությունը նույնպես լիազորված մարմնի իրավասությանը վերապահելու նպատակով։

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով լիազորված մարմնին է վերապահվում արժեքավոր բնական էկոհամակարգերի զարգացման (կառավարման) պլանների հաստատման լիազորությունը: Հարկ ենք համարում նշել, որ «արժեքավոր բնական էկոհամակարգերի զարգացման (կառավարման) պլան» հասկացությունը Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում չի սահմանվում, ինչպես օրինակ սահմանված են «բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման (կառավարման) պլաններ» եւ «կենսոլորտային  տարածքների զարգացման (կառավարման) պլան» հասկացությունները: Ուստի լիազորող նորմի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին ապահովելու նպատակով, կարծում ենք՝ անհրաժեշտ է սահմանել նաեւ «արժեքավոր բնական էկոհամակարգերի զարգացման (կառավարման) պլան» հասկացությունը: Սույն դիտարկման հիմքում է Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը, որի 2-րդ մասի համաձայն. «2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղվածությունները սահմանվում են զարգացման (կառավարման) պլանով՝ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:»։ 

Սույն դրույթն անհիմն կրկնում է  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածում սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքներում ուսումնասիրությունների իրականացման ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումը։ Ուստի առաջարկում ենք բացառել անհիմն կրկնությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված դրույթը, այն է. «8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»։

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշում է կատարված պահպանության, պաշտպանության եւ օգտագործման ռեժիմների առանձնահատկությունների մասին։ Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում որեւէ կերպ բացահայտված չէ «պաշտպանության ռեժիմը», ուստի բնության հուշարձանի անձնագրում ներառվող տվյալններին վերաբերող դրույթը սույն մասով կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ անհարժեշտ է վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում սահմանված կարգավորումը իրավական որոշակիության տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ։ 

Նույն դիտարկմամբ իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դրույթը։

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ գլուխը բաղկացած է միայն մեկ հոդվածից, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դրույթի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:»: 

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածում նախատեսված են Միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունները, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված է լիազորված մարմնի կենսոլորտային տարածքի հիմնման նպատակով Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի հաստատման լիազորությունը։

Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում բացակայում են հանձնաժողովի իրավական կարգավիճակին, կազմի ձեւավորման կարգին, անդամների շրջանակին, որոշումների ընդունման ընթացակարգին, որոշումների իրավական բնույթին եւ գործունեության այլ էական տարրերին վերաբերող կարգավորումները։ Թեեւ լիազորված մարմնի կողմից հաստատվող աշխատակարգով կարող են սահմանվել Միջգերատեսչական հանձնաժողովին վերաբերելի ընթացակարգային հարցեր, սակայն օրենքով պետք ամրագրվեն Միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ առնվազն նվազագույն կարգավորումներ (օրինակ՝ հանձնաժողովի կարգավիճակը, կազմավորման ընդհանուր սկզբունքը, անդամների շրջանակը, որոշումների բնույթը՝ խորհրդատվական, թե պարտադիր, ում կողմից է ձեւավորվում, ինչ ակտով է ստեղծվում)։  Ինչը կապահովի Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի հաստատման վերաբերյալ լիազորող նորմի իրավական որոշակիությունը՝ թույլ տալով լիազորված մարմնին հասկանալ աշխատակարգով կարգավորվող հարսբերությունների շրջանակը: Սույն դիտարկման հիմքում է Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը:

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 36-րդ հոդվածում, ինչպես նաեւ վերնագրում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին Հայաստանի Հանրապետության օրենք» ձեւակերպման կիրառումը՝ համապատասխան հոլովաձեւերով, առաջարկում ենք փոխարինել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք ձեւակերպմամբ՝ այն համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»։

12. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

13. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «եւ 41.15-րդ» բառերը հանել, քանի որ նշված հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են միայն 41.11-րդ, 41.12-րդ, 41.13-րդ եւ 41.14-րդ կետեր:

14. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը բաժանվում է 13-ից 16-րդ կետերի: Հարկ է նկատել, որ նշված համարակալումն անհասկանալի է, ուստի եւ վերջինիս անհրաժեշտությունը բացակայում է:

15. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծի 6-րդ հոդվածով կատարվում է լրացում։ Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված դրույթից, այն է. «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»։

Նույն դիտարկմամբ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում են մեկից ավելի փոփոխություններ:

16. «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք սահմանել «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի անվանման կիրառության կրճատ տարբերակ, օրինակ՝ (այսուհետ՝ Օրենք), որից հետո միայն քննարկվող նախագծի մյուս հոդվածներում կիրառել «օրենք» եզրույթը, հղում կատարելով  «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքին:

17. Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ աշխատանքային խիստ ծանրաբեռնվածությունը՝ նշենք, որ սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.05.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմ՝ «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծման միջոցով՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին: Առաջարկվում է նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում ներգրավել տեղական ինքնակառավարման մարմիններին, լիազոր մարմնի համար սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարների սահմանման համապատասխան լիազորություններ, հստակեցնել  մի շարք հասկացություններ եւ տալ նոր հասկացությունների սահմանումներ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթներին՝ կապված բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման համար սահմանվող վճարների հետ:

Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 47-րդ կետով տրվում է «օգտագործման վճար» հասկացության սահմանումը, ըստ որի՝ այն իրենից ներկայացնում է. «բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման թույլատրված ձեւերի (ըստ պահպանության ռեժիմների) համար գանձվող վճար, բացառությամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման համար նախատեսված վճարների:»: Խնդիրը կայանում է նրանում, որ այս վճարների համար ընտրվել է ոչ համապատասխան անվանում, որը մի կողմից շփոթության աստիճան համընկնում է ՀՀ հարկային օրենսգրքով ահմանված բնօգտագործման վճարների հետ, իսկ մյուս կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվող տեղական վճարների հետ (այնքանով՝ որքանով դրանց սահմանման լիազորությունը, որոշ դեպքերում, վերապահված է տեղական ինքնակառարման մարմիններին), այնինչ, ըստ Նախագծի տեքստի, դրանք համապատասխան տարածքների օգտագործման համար գանձվող սպասարկման վճարներ են: Մասնավորապես, Նախագծի.

- 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ նշված օգտագործման վճարը. «համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի վարչական սահմաններում գտնվող «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման վճար» է, 

- 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Արգելավայրերում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից, կազմակերպության կանոնադրության շրջանակներում՝ սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:»,

- 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Բնության հուշարձանի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության, տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կողմից սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:»,

- 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պահպանվող լանդշաֆտի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների կողմից սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանվում է օգտագործման վճարի տեսակ՝ սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար:»:

Հետեւաբար, հնարավոր տարընթերցումներից խուսափելու եւ նշված վճարների հետ կապված հստակություն մտցնելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 47-րդ կետով տրվող սահմանումն անվանել ոչ թե «օգտագործման վճար», այլ «սպասարկման վճար», ընդ որում՝ դրա ցանկացած տեսակի հիշատակման դեպքում էլ՝ հստակ նշել, թե ո՞վ է լիազորված սահմանելու տվյալ վճարի տեսակը եւ դրույքաչափը: 

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ դրանում ընդգրկված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի որոշ դրույթների հստակեցման տեսանկյունից:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքներում:

Առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են գործնականում առկա մի շարք համակարգային խնդիրների, մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման հիմքերի եւ նպատակների ոչ լիարժեք կարգավորման, պահպանության եւ օգտագործման ռեժիմների հստակ չտարանջատման, պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների, էկոլոգիական ցանցի եւ կենսոլորտային տարածքների վերաբերյալ բավարար իրավակարգավորումների բացակայության, մոնիթորինգի եւ կադաստրի համակարգային թերի կարգավորման եւ այլ խնդիրների վերացման նպատակով:

Վերը թվարկված խնդիրները եւ բացերը վերացնելու անհրաժեշտությունով պայմանավորված, Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունները եւ լրացումներն, ըստ հեղինակի, միտված են նաեւ կատարելագործել բնապահպանական վերահսկողության եւ կառավարման գործիքակազմը, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, ինչպես նաեւ ապահովել ներպետական օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, դրանում ներառված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով, հեղինակն առաջարկում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում՝ «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

29.04.2026թ.