ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1329-21.04.2026-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1329-21.04.2026-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի հերթական համարից առաջ գրված «N» նշումը հանել, քանի որ այն ավելորդ է՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 2. Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 06.05.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 06.05.2026թ.
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման արդյունքում հավելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության եւ համաֆինանսավորման սկզբունքների եւ չափորոշիչների, ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 27.04.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում (Օրենք): Փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման արդյունքում հավելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության եւ համաֆինանսավորման սկզբունքների եւ չափորոշիչների, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը, դրույքաչափերի փոփոխությանը: Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել «Մշակութային կազմակերպություն» եւ «Մշակույթի ոլորտի ոչ առեւտրային կազմակերպություն» նոր սահմանմամբ: Նախագծով առաջարկվող մոտեցմամբ՝ «Մշակութային կազմակերպություն» հասկացությունը կիրառվում է որպես ընդհանրական հասկացություն՝ ներառելով մշակութային գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, իսկ «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունը սահմանվում է որպես դրա հատուկ տեսակ՝ հստակեցնելով դրա հիմնադրին, գործունեության նպատակները եւ դրա կապը մշակութային քաղաքականության հետ: Առաջարկվում է սահմանել, որ՝ «Մշակույթի ոլորտի ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները սահմանելու, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները եւ արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձեւավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը», ինչպես նաեւ սահմանվում է, որ՝ «Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման եւ հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման եւ հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 23.04.2026թ.
|