ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1330-21.04.2026-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13301 -21.04.2026-ՊԻ-011/0) եւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13302 -21.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1330-21.04.2026-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13301 -21.04.2026-ՊԻ-011/0) եւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13302 -21.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպմանը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

06.05.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում, «Կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում եւ «Ոստիկանության մասին» օրենքում  կատարել փոփոխություններ եւ լրացումներ, համաձայն որի, առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ ներառելով նաեւ 50 եւ ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները: Նախագծով նախատեսվում է «Ազդարարում» հասկացության մեջ ընդգրկել նաեւ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները: Նախատեսվում է արտաքին ազդարարումը իրականացնել բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով: Նախագծով առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ՝ յուրաքանչյուր իրավասու մարմնի կողմից ներքին ազդարարման ալիքնների եւ ընթացակարգերի ձեւավորման, համապատասխան պատասխանատու անձի նշանակման եւ տեղեկատվության հրապարակման վերաբերյալ՝ ապահովելով հաղորդումների գաղտնիությունը եւ ազդարարների արդյունավետ պաշտպանությունը: Նախագծով հստակեցվում է ազդարարի պաշտպանության հարցերով զբաղվող մարմինը, ինչպես նաեւ պաշտպանության միջոցները տրամադրող մարմինը: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

29.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազդարարման համակարգի մասին» օրենքում (այսուհետ՝ նաեւ Օրենք), լրացում կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» օրենքում՝ հաշվի առնելով ազդարարման ինստիտուտի իրավական կարգավորումներում առկա բացթողումները, որոնք խոչընդոտում են Օրենքի արդյունավետ կիրառմանը: 

Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝ 

- Ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակն ընդլայնել՝ ներառելով նաեւ 50 եւ ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները.

- «Ազդարարում» հասկացության մեջ ընդգրկել նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները.

- Նախատեսել արտաքին ազդարարման հաղորդումներ ընդունելու մեկ մարմին.

- Արտաքին ազդարարումն իրականացնել բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով.

- Սահմանել, որ ներքին ազդարարումն այլեւս չի իրականացվելու անմիջական վերադասին. 

- Սահմանել, որ ներքին ազդարարման իրավասու մարմինները պարտավորվում են ստեղծել ներքին ազդարարման ուղիներ եւ ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը:

««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները եւ առաջարկությունը.

1. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածում լրացվելիք 1.1 մասի համաձայն.

«1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված մարմինները ստեղծում են ներքին ազդարարման ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը եւ ազդարարումների պատշաճ քննությունը», իսկ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի փոփոխվելիք 3-րդ մասի համաձայն.

«3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին եւ արտաքին ազդարարման դեպքերի հաշվառման, ձեւակերպման, ներքին եւ արտաքին ազդարարման ընթացակարգերի, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները»: 

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ դրույթներով դրանցում սահմանված մարմինների համար նախատեսվում են հստակ պարտականություններ (ներքին ազդարարման ընթացակարգերի ստեղծում, ներքին եւ արտաքին ազդարարման դեպքերի հաշվառման, ձեւակերպման, ներքին եւ արտաքին ազդարարման ընթացակարգերի սահմանում),  մինչդեռ վերոնշյալ պարտականությունները չկատարելու համար որեւիցե պատասխանատվություն չի նախատեսվում: Բացի այդ, վերը հիշատակված 1.1 մասում նշված՝ «ստեղծում են ներքին ազդարարման ընթացակարգեր» ձեւակերպումը հստակեցման/մանրամասնեցման կարիք ունի՝ ելնելով կատարման ենթակա կոնկրետ գործողությունները սահմանելու տեսանկյունից: 

2. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«2. Այն դեպքում, երբ արտաքին ազդարարումը ներկայացվել է այլ մարմնին կամ պաշտոնատար անձին, տվյալ մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է տեղեկացնել ազդարարումը ներկայացրած անձին արտաքին ազդարարումը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնելու անհրաժեշտության մասին եւ ապահովել համապատասխան ուղղորդումը»:

Առաջարկում ենք վերոնշյալ դրույթում «պարտավոր է» բառերից հետո նշել ժամկետ:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները եւ առաջարկությունը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը որոշ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                       ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

08.05.2026թ.